«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2006-11-01 | #209, 2006-11-02 | #210, 2006-11-03


ԿԱՊՈՒՅՏԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒՄ

«Գեւորգյան» ցուցասրահում երեկ ներկայացված ժամանակակից արվեստի «Անսահման կապույտ» ցուցահանդեսին մասնակցում էին արվեստագետներ Հայաստանից եւ Ֆրանսիայից` Արփինե Թոքմաջյանը, Վահրամ Աղասյանը, Կարինե Մացակյանը, Մկրտիչ Տոնոյանը, գերմանաբնակ Արչի Գալենցը, ֆրանսաբնակ Աշոտ Աշոտը եւ ՎԱԶՕ-ն, Փարիզից` Մառլեն Պեռոնեն, Դիեգո Սառամոնը, Դելֆին Բալեն, Լը Ժանտի Գարսոնը` Լիոնից, Նատալի Բրովեն, Հյուգ Ռոշեն, Բերտրան Պլանը:

1998 թ.-ից Հայաստանում (Գյումրի) անցկացվող ժամանակակից արվեստի միջազգային բիենալեներից այս տարվա օգոստոսինը թվով հինգերորդն էր, որին մասնակցում էին 100 արվեստագետներ` 20 երկրից, եւ ներկայացրին աշխատանքներ «Ծով, երազանքներ եւ պատրանքներ» թեմայով: «Գեւորգյան» ցուցասրահում երեկվա ներկայացվածը Գյումրու միջազգային բիենալեի փուլերից մեկն էր:

«Անսահման կապույտը» ծով ունեցող երկրի եւ չունեցողի միջեւ նկարչական երկխոսություն է: Ինչպիսին է պատկերացումը ծովի մասին պատմության երկարաձիգ քառուղիներում ջրային սահմանները կորցրած եւ ցամաքային անկլավի վերածված մի երկրում: Արդյո՞ք մինուճար Սեւանա լիճը կարող է փոխարինել ծովին եւ արվեստորեն ջրային մեծ տարերքների պատրանք ստեղծել: Ի՞նչ է ծովը, որն է նրա կյանքին հաղորդող խորհուրդը` մարդկային ցանկությունների ալեբախումնե՞րը:

Արվեստագետների ծովային երազանքները կշրջեն Հայաստանի եւ Ֆրանսիայի չորս քաղաքներում` Գյումրի, Երեւան, Փարիզ, Լիոն: «Գեւորգյան» ցուցասրահից (նոյեմբերի 2-16-ը) այն կտեղափոխվի Փարիզ` 2007-ի մարտին` «Արտկոր», ապաՙ Լիոն:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4