Ասում է գաղտնապահ «Միսս Հայաստան 2006»-ը
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 27-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթին մասնակցած «Միսս Հայաստան 2006»-ի հաղթող Մարինա Վարդանյանը երեկ լրագրողներին էր ներկայացնում մրցույթից ստացած իր տպավորությունները: 22-ամյա Մարինա Վարդանյանի հետ եվրոպական գեղեցկության հեղինակավոր մրցույթին մասնակցել են 33 երկրների գեղեցկուհիներ, որոնցից, ինչպես արդեն հայտնի է, հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող գեղեցկուհին: Իսկ մեր երկիրը ներկայացնող Մարինա Վարդանյանն ընդգրկվել է 12 լավագույն գեղեցկուհիների ցանկում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Միսս Հայաստան 2006» ընտրված Մարինա Վարդանյանը նաեւ «Միսս ուսանողուհի 2005»-ի հաղթողն է եղել:
«Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ մեր երկրի գեղեցկուհին ավելիին էր արժանի, սակայն հեղինակավոր ժյուրիի որոշումն իրենք չեն մեկնաբանում: Գործակալության ղեկավարն անգամ նշեց, որ ինքն անձնապես Բելառուսի ներկայացուցչին էր գնահատում: «Ի՞նչ էր ձեր ակնկալիքը մրցույթից առաջ եւ որքանո՞վ է բավարարում արդյունքը», «Ազգ»-ի հարցին պատասխանելիս Մարինա Վարդանյանն ասաց. «Ցանկալի էր հնգյակ, բայց դժգոհ չենք»:
Մեր երկիրը ներկայացնող օրիորդն ընդգծեց, որ մրցույթից հետո որոշակի փոփոխություններ իր մեջ կան, քանի որ ավելի շատ ուշադրության է արժանանում փողոցում եւ շրջապատում, սակայն աստղային հիվանդությամբ դեռ չի տառապում եւ չի էլ պատրաստվում. «Գոնե ցանկալի չէ»: Անձնական կյանքի մասին Մարինան հրաժարվեց մանրամասներ հայտնելուցՙ նշելով միայն, որ բոլոր աղջիկներն էլ ունենում են անձնական կյանք: Իսկ տղամարդ ընտրելիս կարեւորում է ներաշխարհը եւ ոչ թե գեղեցկությունը:
«Միսս Հայաստան» ազգային գործակալության ղեկավարը հայտնեց, որ մրցույթից հետո թեպետ դեռեւս առաջարկներ չկան, քանի որ «նման առաջարկներն այդպես միանգամից չեն լինում», բայց մոդելային գործակալություններից հրավերներ կան: Իսկ մինչ առաջարկներն ավելի կկոնկրետանան, ԵՊՀ ռուսաց լեզվի եւ բանասիրության ֆակուլտետն ավարտած «Միսս Հայաստան 2006»-ը պատրաստվում է համատեղել գիտական եւ մոդելային աշխատանքը` ուսումը շարունակելով ասպիրանտուրայում:
Կարեն Արիստակեսյանը ցավ հայտնեց, որ մենք չենք կարողանում ուրախանալ մեր ազգի հաջողություններով: Նա նշեց, թե հայ գեղեցկուհու հաջողությամբ պետք է հպարտանալ, ինչպես նաեւ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել եւ ոչ թե մամուլով վիրավորական պիտակներ հնչեցնել:
Գործակալության տնօրենը աջակցության համար շնորհակալություն հայտնեց Ուկրաինայում ՀՀ դեսպանին եւ Ղրիմում հայ հյուպատոսին: Հիշեցրին նաեւ, որ «Միսս Եվրոպա 2006» մրցույթի տեսագրությունը կկրկնվի նոյեմբերի 5-ին, Հ2 հեռուստատեսությամբ: