«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


«ՀԱՅ ԲԱՐԵԿԱՄԸ` ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ»

Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան պաշտոնական այցի օրերին Վլադիմիր Պուտինն ընդունեց նաեւ ուրիշ նախագահների եւ կարեւոր այլ անձանց: Սակայն հայոց ղեկավարի նկատմամբ ռուսական կողմի դրսեւորած վերաբերմունքը մյուսներից խիստ տարբերվում էր մի յուրահատկությամբ` ընդգծված... հակավրացական միտումնայնությամբ: Հնարավոր չէր չնկատել, որ հայ գործընկերոջ ջերմ, կարելի է ասել սիրալիր ընդունելությունը Կրեմլում մարտահրավեր էր «Միխայիլ Նիկոլաեւիչին»: Տեղի թերթերը նույնիսկ այս ֆոնի վրա հավանական համարեցին, որ Պուտինը «անձնական անհամակրություն» ունի Սաակաշվիլու նկատմամբ (ըստ Ֆրունզիկ Մկրտչյանի հայտնի արտահայտության «Միմինո» ֆիլմից («личнаянепрязнь»):

Ուշագրավ էր, որ այցի վերաբերյալ նյութերում հանգամանորեն վերլուծվում էին հայ-ռուսական, ռուս-վրացական եւ հայ-վրացական հարաբերությունների ներկա խրթին վիճակը, դրա նրբերանգները, բայց այդպես էլ ոչինչ չասվեց ուղեւորության արդյունքների մասին, քանզի բուն բանակցությունները համարվեցին «գաղտնի»: Թերթերը նշեցին Հայաստանի խոր մտահոգությունը ռուս-վրացական հակամարտության կապակցությամբ եւ նրա ձգտումը որեւէ ձեւով միջնորդ դեր խաղալու այդ հարաբերությունների կարգավորման գործում: Չնայած կասկածամտություն հայտնվեց, թե Ռուսաստանը կարող է համաձայնել նման առաքելության, քանզի սահմանափակ են Հայաստանի հնարավորությունները միջազգային ասպարեզում:

Մամուլում բազմիցս հոլովվեց «ամոթալի» բառը, որով Պուտինը բնութագրեց իր երկրի ինտեգրացիոն, ինվեստիցիոն քաղաքականությունը տարածաշրջանային ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Օգտագործելով առիթը, Մոսկվան առհասարակ քննադատության ենթարկվեց այն առումով, որ առ այսօր չի հստակեցված Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի հանդեպ: Եվ այդ այն դեպքում, երբ վրացիները փորձում են ամերիկացիների համար դառնալ կովկասյան «Իսրայել», իսկ Եվրոմիությունը տեղի պետություններին համարում է «մերձավոր արտասահման»:

Հանգամանալի քննության առարկա դարձավ գազի հարցն ընդհանրապես եւ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը մասնավորապես: Արդյունավետ համարելով Ռուսաստանի մասնակցությունը այդ գազամուղի շահագործմանը եւ այն տարանցիկ դարձնելու հեռանկարները, ակնարկներ հնչեցին, որ դրանով կհեշտանա, անհրաժեշտության դեպքում, Վրաստանի գազաշրջափակման խնդիրը, վնաս չհասցնելով Հայաստանի շահերին:

Եվ անշուշտ, բոլորի համար պարզ էր, որ Քոչարյանը կփորձի իմանալ Ռուսաստանի մտադրությունները չճանաչված պետությունների հարցում նոր իրողությունների հենքի վրա, երբ Կոսովոյի անկախությունն արդեն միֆ չէ: Այստեղ չեն բացառում, որ Հայաստանը կարող է լրջորեն մտածել Ղարաբաղի ճանաչման մասին, եթե Ռուսաստանը դիմի նման գործողության հետխորհրդային մյուս երեք պետությունների նկատմամբ:

ՌՈԻԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4