«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՐՈՇԵՆ, ԹԵ ՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ

Ստորագրված համաձայնագրերը լավ հնարավորություններ են ընձեռում դրա համար

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Աստանա

Արտերկրում Ղազախստանի ներդրումներն, այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հավաստմամբ, գերազանցում են 18 մլրդ դոլարը, բայց Հայաստանում ղազախական կապիտալը կատարել է ընդամենը 30 մլն դոլարի ներդրում: Այս մասին Հայաստանի եւ Ղազախստանի լրագրողները տեղեկացան Ռոբերտ Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն մինչ մամուլի ասուլիսը Հայաստանի նախագահի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների նախագահները բանակցեցին այսպես կոչված նեղ բանաձեւով` Ղազախստանի նախագահական շքեղ պալատի ոսկե դահլիճում: Այնուհետեւ բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով, որից հետո ստորագրվեցին երկկողմ համաձայնագրեր:

Ներդրումների պաշտպանության եւ խրախուսման ու եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրերը ակնկալվում է, որ լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հատկապես այդ համաձայնագրերի կարեւորությունն ընդգծեցին Նուրսուլթան Նազարբաեւն ու Ռոբերտ Քոչարյանը:

Բացելով մամուլի ասուլիսը` Ղազախստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանի այցը Ղազախստան համարեց նոր էջ երկու երկրների հարաբերությունների մեջ: Նա նշեց, որ նախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերից շատերի դեպքում կողմերի տեսակետները համընկնում են: Դրանք ե՛ւ ԱՊՀ վերակազմավորման հարցերն են, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ համընդհանուր նշանակության խնդիրները: Ղազախական կապիտալի Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորության մասին խոսելով` Նուրսուլթան Նազարբաեւն այն կարծիքը հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ լիբերալ տնտեսական օրենսդրությունը կնպաստեն դրան: Նա նշեց, որ եթե նախկինում Ղազախստանն ինքն էր ներդրումներ ներգրավում, ապա հիմա ներդրումներ է կատարում երկրից դուրս: «Իսկ թե որ ոլորտներում կկատարվեն այդ ներդրումները Հայաստանում, դա պետք է որոշի բիզնեսը», ասաց Ղազախստանի նախագահը: Այդուհանդերձ նա նշեց Ղազախստանի եւ Հայաստանի համագործակցության հնարավոր ոլորտներից մեկը, որն օգտակար կլինի Ղազախստանի համար` տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն իր հերթին նույնպես ընդգծեց տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` մատնանշելով այն հանգամանքը, որ մեր հարեւան Վրաստանում ղազախական կապիտալը խոշոր ներդրումներ է կատարել: «Տնտեսական հարաբերությունների զարգացման համար ստորագրված համաձայնագրերը բազային լավ պայմաններ են ստեղծում», նշեց Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը համամիտ էր իր ղազախ գործընկերոջ հետ այն հարցում, որ բիզնեսն ինքը կորոշի որ ուղղություններով համագործակցել: Արդյունքների մասին, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր կլինի խոսել արդեն Ղազախստանի նախագահի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցի ժամանակ:

Սակայն երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժն ընդգրկում է ոչ միայն տնտեսական ոլորտը: Համաձայնագրեր են ստորագրվել նաեւ մշակույթի եւ գիտության բնագավառում համագործակցելու մասին: Ինչպես տեղեկացրեց Ղազախստանի նախագահը, այդ համաձայնագրերով ղազախ գիտնականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանում գտնվող հին ղփչաղական ձեռագրերը, որոնք պահվում են Մատենադարանում: Նա չմոռացավ հիշատակել Հայաստանի` հնագույն պատմության, մշակույթի, քրիստոնեական արժեքների երկիր լինելու մասին: «Իսկ Ղազախստանի շուրջ 2 հազարանոց հայ համայնքն այս բազմազգ երկրի անբաժանելի մասնիկն է», ընդգծեց Նուրսուլթան Նազարբաեւը: Ի դեպ, Հայաստանի նախագահն այսօր կհանդիպի Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին կհաջորդի մեր երկրի նախագահի հանդիպումը ղազախ գործարարների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4