Ժամանակակից ամերիկյան կոմպոզիտոր Լորա Կամինսկու հայ երաժշտության հետ ծանոթությունը սկսվել է 1996 թ.-ից, երբ նա Լեհաստանում եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում համերգներով հանդես էր գալիս նաեւ հայ երաժիշտների հետ: Նրա առաջին այցելությունը Երեւան 2002-ին էր` Հայաստանի կոմպոզիտորների միության հրավերով. ավելի մոտիկից ճանաչումը հայ երաժշտարվեստին, նրա կապերը սերտացրին Հայաստանի հետ: Կամինսկու` 30 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում հարյուրից ավելի երաժշտական գործերի գերակշռող մասը կամերային բնույթի են: Նա Նյու Յորքի նահանգային համալսարանի Փուրչեյզ քոլեջի կոնսերվատորիայի դեկանն է, նաեւ Նյու Յորքի նոր երաժշտական խմբերից մեկի` Մյուզիշնս Էքորդի (Musicians Accord) համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Նրա ստեղծագործություններին ծանոթ են ԱՄՆ-ում, Արեւելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում:
Այս օրերին նա Երեւանի կոնսերվատորիայի հետ իրականացնում է հայ եւ ամերիկյան ժամանակակից երաժշտության համերգային ծրագիր: Առաջինը կայացավ երեկ` Նարեկացի մշակույթի կենտրոնում, հաջորդ երկուսը` տեղի են ունենալու կամերային երաժշտության տանը: Ամերիկա-Հայաստան այս փառատոնը ծնվեց հայ երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ իր տարիների համագործակցության արդյունքում: Համերգաշարը ներկայացնելու է բազմաոճ` ավանգարդ, դասական նաեւ ֆոլկլորային տարրեր ներառող երաժշտություն: Մասնակցելու են շուրջ 25 երաժիշտներ, կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, ազատ կատարողներ: Լորա Կամինսկին դասախոսություններ կկարդա նաեւ հայկական երաժշտության, ինչպես նաեւ միջմշակութային երաժշտական համագործակցության ոլորտում առկա հնարավորությունների ու դժվարությունների մասին: Կոմպոզիտորը նպատակ է ունեցել ավելի երկար մնալու Հայաստանում, սակայն տեխնիկական պատճառներով չի կարող:
Հայ արդի, մասնավորապես Ավետ Տերտերյանի երաժշտությունը Լորա Կամինսկու մեջ արթնացրեց հետաքրքրություն հայկական մշակույթի հանդեպ: 2 երկրների երաժշտությունը առավել համակողմանի ներկայացնելու համար Կամինսկու եւ Արթուր Ավանեսովի երկարատեւ համագործակցության նաեւ էլեկտրոնային կապի միջոցով արդյունավետությունը կդրսեւորվի համերգային ծրագրի ընթացքում: Հատուկ փառատոնի համար իր գործընկերոջ պատվին Կամինսկին գրել է մի ստեղծագործություն:
Ամերիկյան կոմպոզիտորի ազդեցությունը նույնպես դրական է եղել Ա. Ավանեսովի համար: Նրա օգնությամբ Ավանեսովը ավարտել է հայ երաժշտության մեջ ձենբուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ծավալուն աշխատությունը: Համերգի մասին տեղեկություններ 2 կոմպոզիտորները տվեցին Հայաստանում ամերիկյան դեսպանատանը կայացած համատեղ մամլո ասուլիսում:
Մ. Բ.