Հանրապետության նախագահը հանձնարարել է` անել ամենը, ինչ հնարավոր է անել
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր 3 գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ` քաղաքապետարան, հանրապետական ոստիկանություն եւ տրանսպորտի նախարարություն, կստեղծվի աշխատանքային խումբ, որը 10-15 օրվա մեջ կկազմի աշխատանքային ծրագիր տրանսպորտային հրատապ, ներկա խնդիրների եւ առաջիկա մի քանի տարիների համար: Այսօրվանից, ըստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, խստիվ կարգելվեն հասարակական տրանսպորտի կանգառներում այլ փոխադրամիջոցների կայանումները, կնշագծվեն բոլոր կանգառները, որոնք այս տարիներին ձուլվել են փողոցներին եւ զրկվել իրենց գործառույթից: Փորձ կարվի փողոցներից վտարելու խառնիխուռն, անկարգ կանգնած մեքենաները:
Մայրաքաղաքում տրանսպորտային փոխադրումների արտակարգ իրավիճակի հետ կապված երեկ քաղաքապետարանում համաքաղաքային տրանսպորտի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն կայացավ, որից հետո քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրեց հրատապ միջոցառումների այն մանրամասները, որ համատեղ իրականացնելու են 3 գերատեսչությունները: Երթեւեկի խճողումները կրկին քննարկելու համար խորհրդակցությանը հրավիրվել էին ոստիկանության, պետավտոտեսչության քաղաքային եւ հանրապետական ոլորտների պատասխանատուներ, տրանսպորտի եւ կապի փոխնախարարը:
Գերհագեցած փողոցներում մշտական խցանումները հետեւանք են արդեն կրիտիկական սահմանի հասած բազում հանգամանքների:
Ամեն տարի Երեւանում փոխադրող փոքր մեքենաների քանակն ավելանում է 13-14 հազարով: Միայն վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում ավելացել են եւս 55 հազար փոխադրամիջոցներ: Ըստ հաշվարկների, եւս 15-20 հազար մեքենաներ ամեն օր մարզերից մտնում են Երեւան: Մարզերին սպասարկող միկրոավտոբուսները տեղաշարժվում ու տարածվում են ողջ քաղաքով մեկ, ոչ թե կուտակվում ավտոկայաններում:
Պակասը լրացնում են խոշոր բեռնատար, շինանյութ տեղափոխող մեքենաները, որոնց քանակը եւս աննախադեպ շատացել է քաղաքում ընթացող լայնածավալ շինարարության պատճառով:
Փոխադրամիջոցները, հատկապես փոքր տաքսիները, կուտակվում են հասարակական տրանսպորտի կանգառներում, փողոցների բանուկ հատվածներում: Ավտոկանգառները ձուլվել են փողոցներին, նաեւ դրանց նախկին սահմանների վերականգնման լուրջ խնդիր է առկա:
Խցանումները դարձել են Երեւանի առաջին բնորոշիչը մեր հյուրերի դիտարկումներով, ուղեւորներից փողոցն անցնելու մեծ աճպարարություն է պահանջվում փոխադրամիջոցների կուտակումների եւ վաղուց նորոգումների կարիք ունեցող լուսացույցների սխալ աշխատանքի պատճառով: Լուսացույցների 60 տոկոսը չի աշխատում, դրանց մեծ մասը ֆիզիկապես ու բարոյապես մաշվել է, եւ փաստորեն քաղաքում երթեւեկության ավտոմատ կառավարման համակարգը չի գործում: Մի խոսքով, իսկական տրանսպորտային սոդոմ-գոմոր, եւ միջամտությունն անհետաձգելի է:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ հունվարի 1-ից լուսացույցները ոստիկանությունից փոխանցվելու են քաղաքապետարանին, եւ դրանք մինչեւ տարեվերջ վերակենդանացնելու համար իրենք նախատեսում են 600-700 մլն դրամ ծախսել:
Օրենքով առայժմ կանոնակարգված չէ մարդատար փոքր տաքսիների աշխատանքը: Ակնկալվում է, որ կառավարությունում մշակված եւ արդեն ԱԺ ներկայացված նոր օրենքի նախագիծը օրինականության դաշտ կբերի արդեն երկար տարիներ իրենց քեֆին աշխատող այս մեքենաներին: Այնպես, ինչպես 3 տարի առաջ, դեղին համարանիշների միջոցով հաջողվեց հարկային դաշտ բերել ստվերում գործող միկրոավտոբուսներին, կառավարությանն առաջարկվել է նույն սկզբունքը կիրառել նաեւ փոքր տաքսիների նկատմամբ: Այժմ քաղաքում տեղաշարժվող 12-15 հազար փոքր տաքսիներից ընդամենը 6 հազարն է հարկային դաշտում:
«Բոլոր մեծ քաղաքներն առնչվում են այս դժվարություններին, Երեւանը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Բարդությունները մենք տեսնում ենք, բայց որ վիճակը որոշ առումով շտկելու հնարավորություններ կան, փաստ է: Հանրապետության նախագահից հանձնարարական կա անել այն ամենը, ինչ հնարավոր է անել», վերջում եզրափակեց Երվանդ Զախարյանը:
Հրատապ միջոցառումների ծրագիրը կհստակեցվի մի քանի օրից:
Երեւանում այսօր աշխատում է 3400 միկրոավտոբուս, որոնց տիրապետությունը փոքր-ինչ նվազեցնելու համար վերջին տարիներին Երեւան են բերվել 115 խոշոր ավտոբուսներ: Ըստ քաղաքապետի, նաեւ 77 լրացուցիչ ավտոբուսների գործարկմամբ, առաջիկա 1 ամսվա ընթացքում քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների քանակը հնարավոր կլինի կրճատել եւս 300-ով: Սակայն սա չնչին թիվ է միկրոավտոբուսների հզոր բանակի համեմատ, իսկ խոշոր ավտոբուսների ներկրման ծրագիրը եւս 3-4 տարվա ընթացքում հազիվ ավարտվի:
Այնպես որ, ինչքան էլ հրատապ միջամտություններ լինեն, առանց շրջանցիկ ճանապարհի գործարկման ու քաղաքը միկրոավտոբուսների բռնակալությունից ազատելու, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ ակնկալված արդյունքի հասնել: