«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ԲԱՑՎԵՑ ՀՐԱՅՐ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրությամբ, բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում օրերս տեղի է ունեցել Հրայր Մարուխյանի անվան գրադարանի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել կուսակցության բյուրոյի, Հայաստանի, Արցախի եւ արտերկրի կազմակերպչական բոլոր շրջանների մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորներ եւ կառավարության դաշնակցական նախարարներ:

Գրադարանը սկսել էր գործել այս տարվա մարտիցՙ Աթենքից փոխադրված գրքերի խմբաքանակի հիման վրա: Ավելի ուշ մեծ քանակությամբ գրքեր փոխադրվեցին Լիբանանի գրասենյակից, ինչի շնորհիվ գրադարանը ամբողջական տեսք ստացավ «Դրոշակի» 1890-1994, ինչպես նաեւ «Բագինի», «Բազմավեպի», «Վեմի», «Հորիզոնի», «Արմենիայի», «Կայծերի» եւ «Հայրենիքի» 1922-1962 թթ. լրիվ հավաքածուներով, ինչպես նաեւ անգլերենով հրատարակված մի շարք հանդեսներով: Համալրվեց նաեւ Էդ. Հովհաննիսյանի եւ Արտ. Ծատուրյանի անձնական գրադարանների գրքերով:

«Վերջին ամսվա ընթացքում գրադարանը հարստացավ Մարուխյանի անձնական գրադարանի բացառիկ հավաքածուներով, որոնց ցանկում կան բազմաթիվ արժեքավոր եւ երբեմն նաեւ անգտանելի հասարակական, քաղաքական, գաղափարական, քննադատական, իրավական, ազգային, մշակութային եւ այլ բովանդակության գրքերՙ հայերեն եւ անգլերեն ավելի քան 3 հազար անուն գիրք: Այժմ գրադարանում գրանցված եւ տեղադրված է ավելի քան 5 հազար գիրք: «Ընկեր Հրայրն իր քաղաքական ու կազմակերպչական գործերի հմտություններին ու կարողություններին զուգահեռ ուներ նաեւ բարձր մտավոր պաշար ու իմացական աշխարհՙ քաղաքական, հասարակական, գաղափարաբանական հարցերի առումով: Գրքի սիրահար էր ու անհագ ընթերցող: Նրա անձնական գրադարանն իր անհատականության հարազատ պատկերն է: Գրադարանի մեկ բաժինը հատկացված է ռուս դասական եւ արդի գրականության երկերին», ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը:

Գրադարանի բացմանը ներկա են եղել նաեւ Մարուխյանի կինն ու կրտսեր դուստրը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4