Իրական, թե՞ երեւակայական վտանգ
Շաբաթասկզբից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել են թռչնագրիպը կանխարգելելու միջոցառումները: Գյուղական համայնքներում տեղացի եւ արտասահմանցի մասնագետներից կազմված խմբերը զրուցում են գյուղացիների հետ, հարցուփորձ անում, ստուգում, թե անցած տարվա տեղեկատվական աշխատանքն ինչ արդյունքներ տվեց:
Թռչնագրիպի դեմ միջգերատեսչական հանձնաժողովի խորհրդական, փորձագետ Սյուզն Վուդը պատմում է, որ մեր առողջապահության ու գյուղատնտեսության նախարարություններն այդպես էլ չորոշեցին, թե հատկապես ում խնդիրն է թռչնագրիպով զբաղվելը, եւ ինքը ստիպված է անընդհատ վազվզել մի նախարարությունից մյուսը: Թերեւս այդ անհամաձայնությունն էր պատճառը, որ անցած տարի 2 գերատեսչություններից եկող ինֆորմացիան չէր կոորդինացվում, շատ հաճախ հակասական էր, եւ դա ինչ-որ ժամանակ իսկական խուճապի պատճառ դարձավ: Գյուղերում տնային թռչունների զանգվածային մորթեր սկսվեցին, հավ ու ձու արտադրող թռչնաբուծարաններն սկսեցին աղաղակել կեղծ խուճապի եւ իրենց կրած վնասների մասին: «Ես պիտի հասնեմ նրան, որ այս տարի թռչնագրիպի կանխարգելման դեմ պայքարում 2 նախարարությունները կոորդինացված աշխատեն, եւ բնակչությունը վստահի ներկայացվող տեղեկություններին», ասում է Սյուզն Վուդը:
Թռչնագրիպի դեմ պայքարում 2 նախարարությունների առաջատարության պրոբլեմը, անշուշտ, նաեւ այլ բացատրություն ունի. բավական պատկառելի գումարներ են հատկացվում կանխարգելման ծրագրին, իսկ փող ծախսելը միշտ էլ հաճույք ու լրացուցիչ ֆինանս է աշխատանքը կատարող գերատեսչության համար:
Անցած տարի, օրինակ, կառավարությունը 50 մլն դրամ տրամադրեց գյուղնախարարությանը, այդ գումարով աշխատանքային խմբերը երկար հետեւում էին չվող թռչունների վարքագծին, բնադրավայրերին ու ձվադրավայրերին` արտառոց երեւույթներ փնտրելով: Հսկողության տակ հայտնվեցին Արաքսի հովտի բոլոր ջրամբարները, թռչնաբուծական ու հավաբուծական ֆաբրիկաները, հավերի զանգվածային պատվաստումներ կատարվեցին:
Կանխարգելման ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ֆինանսական համագործակցություն կա նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության ծրագրի ու Համաշխարհային բանկի հետ:
Վերջին տարիներին աշխարհն իրարանցման մեջ գցած թռչնագրիպի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է մ.թ.ա. 400 թվականին: 1918 թվականին 40 մլն մարդ դրա զոհ դարձավ ողջ աշխարհում, այնպես որ մարդկանց աչքը վախեցած է: Վերջին տարիներին թռչնագրիպից մահացել է 240 մարդ, նրանց մեծ մասը երեխաներ են: Թե ինչու թռչնագրիպը Հայաստան չմտավ, երբ հարեւան Ադրբեջանում նույնիսկ մի ընտանիք մահացավ դրանից, փորձագետի կարծիքով, հարեւան երկրների հետ Հայաստանի ոչ բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական թույլ կապերի հետեւանք է: Հիմա թռչնագրիպի վարակի հայտնության վտանգը նորից օրակարգում է, քանի որ այս վիրուսն աշխուժանում է ցրտերն ընկնելու հետ, նաեւ փետրվարի երկրորդ կեսից, երբ սկսվում է թռչունների չուն դեպի Հայաստան եւ այլ երկրներ: Մեր հանրապետությունը գտնվում է թռչունների միգրացիայի խաչմերուկում:
Այս սեզոնին եւս ամերիկացի եւ հայ մասնագետները կշրջեն գյուղերում, գյուղացիներին կբաժանեն տեղեկատվական թերթիկներ, նոր գրքույկներ կհրապարակեն, կբացատրեն կենսաանվտանգության ու հիգիենայի կանոնները, կլինեն հատկապես Թուրքիայի, Իրանի հետ սահմանային վայրերում:
Այս սեզոնի նորույթը կլինի նաեւ թռչնագրիպի վերաբերյալ ինտերնետային կայքի բացումը: Այնպես որ, մեր թռչնաբուծարանների տնօրեններին նոր փորձություններ են սպասում: Անցած տարի նրանք պնդում էին, որ խուճապը կեղծ է, ուղղված է ասպարեզի տնտեսվարողների դեմ, եւ ընդամենը շուկայի վերահսկողության նպատակ ունի: Ռուս գիտնականների ու պաշտոնյաների մի խումբ էլ պնդում էր, որ դա կենսաբանական դիվերսիա է, ագրոահաբեկչություն: Ըստ այդմ, թռչնագրիպի վիրուսը կարող էր, օրինակ, Թուրքիա թափանցել մոդիֆիկացված թռչնակերի հետ: 90-ական թվականներին անսպասելի ծագեց եւ նույնքան անսպասելի անհետացավ արտասովոր թոքաբորբի վիրուսը: Հետեւանքը եղավ միլիոնավոր տնային թռչունների ոչնչացումը: Իսկ անմիջապես հետո այդ երկրների խանութներում հայտնվեցին «Բուշի տոտիկները»: Թռչնագրիպի համաճարակի վտանգը կարող է նման մի բան լինել:
Այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, որքանով իրական կամ երեւակայական է թռչնագրիպի համաճարակի վտանգը: Դրանից մեր օգուտը մի փոքր ավելի զգոնությունն է կենսաանվտանգության խնդիրների հանդեպ, իսկ կանխարգելման համար տրամադրվող ֆինանսները նաեւ աշխատատեղեր են մեր եւ դրսի մասնագետների համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ