«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2006-11-09 | #215, 2006-11-10 | #216, 2006-11-11


ՎՆԱՍԱԿԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԵՎՍ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆ

Գյումրու «Երիտասարդությունը հանուն խաղաղության եւ զարգացման» հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Մաքուր քաղաք` առողջ սերունդ» ծրագիրը, ինչպես իրենք են կոչում` շահերի պաշտպանության գործընթացը: Վերջինիս շրջանակներում «Ասպարեզ» լրագրողական ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր Գյումրիում վնասակար շինարարական թափոնների հիմնախնդրին:

Ըստ լրագրողներին ներկայացված տեղեկատվության` ստույգ հաշվարկներով վերջին 50 տարիներին բնակավայրի զարգացման ընթացքում Գյումրու քաղաքամերձ գոտում կուտակվել է ավելի քան 30 մլն խորանարդ մետր թափոն: Այս երեւույթն առավել մեծ ծավալների է հասել երկրաշարժից հետո քաղաքը փլվածքներից մաքրելու ժամանակ, ինչպես նաեւ հետագա վերականգնողական աշխատանքների ընթացքում: Բացի այդ նշվում է, որ պաշտոնական տվյալներով 1999-2004 թթ. իրականացված լայնածավալ շինարարության հետեւանքով քաղաքում ապամոնտաժվել եւ տեղահանվել է շուրջ 7000, իսկ 2005 թվականին` 500-700 տնակ ու ժամանակավոր կացարան: Սակայն տնակների ապամոնտաժման ժամանակ դրանց նախկին տարածքներից հեռացվում են միայն այն շինարարական նյութերը, որոնք հնարավոր է վերավաճառել հետագա օգտագործման համար կամ որպես վառելիք: Տնակների տեղը լրիվ չի մաքրվում, այդտեղ թողնվում են թափոններ, որոնց մի մասը շրջակա միջավայրն աղտոտելուց բացի նաեւ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար: Խոսքը հատկապես վերաբերում է ասբեստին եւ ապակեբամբակին, որոնցից առաջինի թելիկը շնչուղիներ թափանցելու դեպքում քաղցկեղածին ազդեցություն ունի, իսկ ապակեբամբակի վտանգավոր մասնիկները վնասում են մարդու թոքային հյուսվածքը, գրգռում մաշկը` առաջացնելով ցան եւ քոր:

«Մաքուր քաղաք` առողջ սերունդ» շարժման կազմակերպիչները հետամուտ են Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից քաղաքի շրջակա միջավայրի խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ քաղաքականության ու մեխանիզմների մշակմանը, այդ ոլորտում որոշումների կայացման եւ վերահսկման գործընթացներին հասարակության, երիտասարդների ակտիվ մասնակցությանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4