«Ընդդեմ իրավական կամայականության» եւ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով անընդունելի են համարել Ազգային ժողովի արտահերթ նիստում նախորդ օրը երկրորդ ընթերցման դրված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը: «Հանրային լսումներից հետո նախնական տարբերակում որեւէ փոփոխություն չի կատարվել, բացի վերջին հոդվածի չնչին փոփոխությունից: Նախագիծն ունի հակասահմանադրական մի շարք հոդվածներ, որոնց ընդունումը օրինականացնում է սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված իրավական ակտերը: Մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել հակասահմանադրական ճանաչված իրավական ակտերի գործողության հետեւանքով մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, այդ թվում չի վերադարձվել անշարժ գույքի իրացման ընթացքում քաղաքացիներից գանձված 10 տոկոս եկամտահարկը», ասված է հայտարարության մեջ:
Հիշյալ կազմակերպությունների ղեկավարներըՙ Լարիսա Ալավերդյանն ու Սեդրակ Բաղդասարյանը կարծում են, որ օրենքի նախագծի մի շարք հոդվածներ վտանգավոր են ազատ շուկայական հարաբերությունների զարգացման եւ անձի սեփականության իրավունքի պաշտպանության համար, ինչը ժողովրդավարական հասարակության կառուցման կարեւոր նախապայմանն է:
Ռ. Պ.