1997-ից առ այսօր` 5 մլն եվրոյի բարեսիրական ծրագրեր Հայաստանում
Շվեյցարիայում գործող «Կոմիտաս» երգչախումբը 1997 թվականին համերգներով հանդես եկավ Հայաստանում: Խորապես ցնցված այստեղ տեսած սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից` խմբի անդամները վերադարձից հետո ստեղծեցին ԿԱԶԱ` «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան միություն» բարեսիրական կազմակերպությունը, որը նույն տարում սկսեց առաջին քայլերն անել մեր երկրի տարբեր բնակավայրերում աջակցության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: 2000 թվականից ՀՀ-ում որպես «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ պաշտոնապես գրանցված այս կազմակերպության արդեն իննամյա եռանդուն գործունեության արդյունքը Հայաստանի տարբեր մարզերում իրականացված 5 մլն եվրոյի մարդասիրական, մշակութային, կրթական, շինարարական եւ այլ ծրագրերն են:
Ինչպես միության պատասխանատուներն են նշում, իր գործունեության առաջին իսկ օրերից ԿԱԶԱ-ն հաշվի էր առնում, որ երկրում մեծ թիվ են կազմում գործազուրկները, տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ եւ կան սոցիալական բազմաթիվ չլուծված հարցեր: Այս խնդիրները սուր էին երկրի հյուսիսում, հատկապես 88-ի երկրաշարժից տուժած շրջաններում, որտեղ էլ սկսեցին իրականացվել առաջին` բարեգործական ծրագրերը: Առ այսօր կազմակերպությունն ամենամսյա դրամական օգնություն է տրամադրում Գյումրու 30 անապահով ընտանիքների, կրթաթոշակներ` որոշակի թվով լավագույն ուսանողների (մասնավորապես` ֆրանսախոս), հոգում է մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ծախսերը, հովանավորվող ընտանիքների, հաստատությունների այլեւայլ խնդիրներ:
Այսօր ԿԱԶԱ-ն առաջնությունը տալիս է երիտասարդների ուսուցման եւ զարգացման ծրագրերին, որոնք առավել արդյունավետ է համարում երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը նպաստելու առումով: 2000 թվականին Երեւանում ստեղծված, այս տարի ընդարձակված եւ արդիականացված «ԷՍՊԱՍ» կենտրոնը կոչված է հատկապես երիտասարդների մեջ սերմանելու այնպիսի հմտություններ, որոնք նրանց հնարավորություն կտան իրենց արժանի տեղը գտնելու «արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում»: Կենտրոնին կից գործում են լեզուների (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն), ծրագրեր կազմելու եւ վարելու, բնապահպանության, հոգեբանության, տուրիզմի, աշխատանքային այլեւայլ կարողությունների ձեւավորմանը նպաստող դասընթացներ, համայնքային ինտերնետ կենտրոն, իրականացվում են կոնֆերանսներ, սեմինարներ, օտարերկրացի հյուրերի ընդունելություն եւ հանգստի կազմակերպում, ստեղծվում են մշակութային, հասարակական թեմաներով կինոնկարներ:
Իր մարդասիրական ու կրթական ծրագրերը կյանքի կոչելու համար ԿԱԶԱ-ն սկսել է իրականացնել նաեւ շինարարական ծրագրեր` դրանցում համագործակցելով հատկապես շվեյցարացի ինժեներ-շինարար Լեոնարդո Գմյուրի հիմնած «Փրոջեքթ ընդ դիզայն» ՍՊԸ-ի հետ: 1999-ից կազմակերպությունն օգնում է 88-ի երկրաշարժին 80 տոկոսով ավերված Սպիտակի Գոգարան գյուղին: 2002-ին գյուղում կառուցել է 300 աշակերտական տեղով դպրոց, որին շարունակում է աջակցել ջեռուցման ծախսերով, դասագրքերի վարձավճարներով, համակարգչային սարքավորումներով, արվեստի խմբակների գործունեությունը հովանավորելով: ԿԱԶԱ-ն գյուղին օժանդակում է նաեւ գյուղատնտեսության, մեղվաբուծության, ձկնաբուծության բնագավառներում, տրամադրել է մեկ տրակտոր իր գյուղգործիքներով եւ մեկ կոմբայն, նախատեսում է իրականացնել բնակավայրը խմելու ջրով ապահովելու եւ այլ ծրագրեր: Շինարարական մյուս կարեւոր ծրագիրը մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում շահագործման հանձնված` ընտանեկան խնամքի եւ ուսուցման կենտրոնի եռահարկ, գեղեցիկ շենքի կառուցումն էր` բնակչությանը, երիտասարդներին առաջարկվող բազմազան ծառայություններով:
Բազմաթիվ են ԿԱԶԱ-ի փորձառության ու ձեռք բերած հեղինակության շնորհիվ այլ հովանավորների եւ համագործակցող կազմակերպությունների հետ իրականացվող շինարարական ծրագրերը, որոնցից մեկը Գյումրու վերջին տնակային դպրոցի նոր շենքի կառուցումն ու կահավորումն էր: Ընդգրկուն է այժմ կյանքի կոչվող տարբեր բնույթի համատեղ շինարարական ծրագրերի «աշխարհագրությունը»` Երեւանի հանրապետական 2-րդ հատուկ կրթահամալիր, «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր մասնաշենք, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի համերգային մեծ դահլիճ, Թալինի բնագիտամաթեմատիկական վարժարան, Արագածոտն, Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերի շուրջ մեկ տասնյակ բնակավայրերի կրթական, կոմունալ, արտադրական, ենթակառուցվածքային եւ այլ օբյեկտներ: Առաջիկայի համար նախատեսված ծրագրերից են Արագածոտնի Մաստարայի դպրոցի վերակառուցումը, Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մշակույթի կենտրոնի շենքերի նորոգումը, Ախուրյանի «Նիկոլ Աղբալյան» վարժարանի նոր մասնաշենքի, մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբուժական մասնաշենքի կառուցումը:
Գ. Մ.