«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2006-11-10 | #216, 2006-11-11 | #217, 2006-11-14


ԱԼԻԵՎԸ ՈՐՊԵՍ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԵՎ ՏԵԽՆՈԿՐԱՏ

Եթե Ռոբերտ Քոչարյանը նորերս բանակցությունների համար Մոսկվա ժամանեց Երեւանից, ապա Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Պուտինի հետ հանդիպման եկավ Բրյուսելից: Եվ այս հանգամանքը չէր կարող վրիպել ուշիմ մեկնաբանների ուշադրությունից, որոնք անմիջապես ինտրիգ հաղորդեցին նրանց երկխոսությանըՙ Պուտինին վերագրելով որոշակի խանդոտ վերաբերմունք ադրբեջանցու բրյուսելյան հանդիպումների արդյունքների նկատմամբ:

Առհասարակ կրտսեր Ալիեւի մոսկովյան ներկայությունը շատ սուղ լուսաբանվեց տեղի մամուլում: Ամեն ինչ վերածվեց սեղմ տեսական մեկնաբանությունների եւ ենթադրությունների, իսկ կոնկրետ արդյունքների մասինՙ ոչ մի խոսք: Ինչպես եւ Քոչարյանի այցի ժամանակ, բանակցությունները համարվեցին «գաղտնի»: Ռուսաստանի շահագրգռությունը գլխավորապես կենտրոնացված էր էներգետիկ խնդիրների շուրջը եւ նրանց հետաքրքրում էր, թե ինչ պայմանավորվածությունների է հասել Ալիեւը Եվրոմիության հետ նավթի ու գազի արտահանման, դրանց տարանցիկ փոխադրման, ՆԱՏՕ- մտնել-չմտնելու հարցերում: Այս ֆոնի վրա գրեթե մոռացության մատնվեց նույնիսկ Ղարաբաղի խնդիրը: Ալիեւը նաեւ հայտարարեց, որ խիստ մտահոգված է ռուս-վրացական հակամարտության կապակցությամբ:

Մոսկովյան մամուլն, իհարկե, առիթը բաց չթողեց նաեւ (դե, մոդայիկ թեմա է) զուգահեռներ անցկացնելու Ալիեւի ու Սաակաշվիլու միջեւ եւ որպես քաղաքագետների իր գերապատվությունն արտահայտելու առաջինի օգտին: Հեյդար օղլին համարվեց պարգմատիկ եւ տեխնոկրատ, որը ձգտում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցել, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետՙ հավասարակշիռ մոտեցումների հիման վրա:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4