«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2006-11-10 | #216, 2006-11-11 | #217, 2006-11-14


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ` ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ

Ժողովրդավարական արժեքնե՞րն են կարեւոր, թե՞ քաղաքական շահերը

Այս կիրակի Հարավային Օսիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեն ու ղեկավարի ընտրությունները բազմատեսակ մեկնաբանությունների ու մոտեցումների տեղիք տվեցին: Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինեն եվրոպական կառույցների, մոտ ու հեռու հարեւանների դիտարկումներն ու մոտեցումներն այդ ընտրություններին, Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, դրանց մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի մոտ 95.2 տոկոսը` 52 030 ընտրող: Նախնական տվյալներով, հանրաքվեի հարցին, թե համաձայն եք արդյոք Վրաստանի հետ դաշնային կառուցվածքում լինելու բանակցություններ սկսելուն, կողմ է քվեարկել ընտրության մասնակիցների 99 տոկոսը, իսկ Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտիին իրենց ձայներն են տվել ընտրության մասնակիցների 96 տոկոսը:

Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտիի գնահատմամբ, կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները պատմական էին, եւ առաջին քայլն էին Հարավային ու Հյուսիսային Օսիաների միավորման ճանապարհին: Թերեւս այս հեռանկարն էր պատճառը, որ տարբեր լրատվամիջոցների համաձայն, Ցխենվալի փողոցներում ընտրությունների օրն իսկական տոնակատարության էր վերածվել:

Ինչեւէ, ԱՄՆ-ը, Եվրոպայի խորհուրդն ու Եվրոմիությունը անմիջապես ընտրություններից առաջ, նաեւ հետո հայտարարեցին, թե չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, մինչդեռ միջազգային դիտորդները նշում են, թե զարգացած երկրները կարող են ժողովրդավարական ընտրությունների դասեր առնել Հարավային Օսիայից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Խոոպ Սխեֆֆերը հայտարարել է, թե մտադիր չէ ճանաչելու Հարավային Օսիայի անկախության հանրաքվեի արդյունքները, քանի որ նման գործողությունները տարածաշրջանում կարող են նոր անկարգությունների բերել:

Ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել 11 երկրների, այդ թվում` Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Ուկրաինայի, Իսպանիայի, Գերմանիայի, Հորդանանի, Վենեսուելայի, նաեւ չճանաչված Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Հարավօսական աղբյուրների համաձայն, 11 երկրներից 180 դիտորդների դիտարկմամբ, ոչ մի խախտում չի արձանագրվել: Ըստ դիտորդների, ընտրությունները համապատասխանել են ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին, որոնց մեծ մասը կիրառելի է նաեւ ժողովրդավարական հանրաքվեների դեպքում: Ընդ որում, ընտրությունների միակ թերությունը հերթերն էին ընտրատեղամասերում:

Ընտրությունների առնչությամբ բացարձակապես այլ կարգի հայտարարություն է անում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը, որը հարավօսական ընտրությունները դիտարկող միակ վրացական կազմակերպությունն էր: Ըստ «Բազմազգ Վրաստանի», հանրաքվեն ու ղեկավարի ընտրությունները անցկացվել են զանգվածային կեղծիքներով, հատկապես եթե հաշվի առնվի, որ կիրակի արդեն ժամը 12-ի դրությամբ հարավօսական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկել էր ընտրողների 80 տոկոսը:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա վրացական ընդդիմությունն ամեն դեպքում նախընտրում է հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքներին մոտենալ զգուշությամբ եւ ուշադիր: Ընդդիմությունը կարեւորել է այն հանգամանքը, որ հանրաքվեի հարցադրմամբ` Հարավային Օսիայի վրացի եւ օս բնակչությունը հակամարտության լուծումը տեսնում է վրաց պետության կազմում դաշնային կառուցվածքի կիրառմամբ: Որոշ ուժեր էլ գտնում են, որ ընդհանրապես պետք չէ լուրջ վերաբերվել այդ ընտրություններին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4