Հայ կանայք 3 տարին մեկ անգամ անվճար հետազոտվելու հնարավորություն են ստացել
Աշխարհում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի 0,5 մլն նոր դեպքեր են արձանագրվում, որոնցից 24000-ի դեպքում հիվանդը մեռնում է բարդություններից: Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մահացության վիճակագրության մեջ գրավում է 2-րդ, 3-րդ տեղը կրծքի քաղցկեղից հետո: Սա քաղցկեղի միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է: Կրծքի քաղցկեղը, օրինակ, հնարավոր է միայն վաղ հայտնաբերել: Մեզ մոտ այս ախտի դեմ պայքարի ազգային ռազմավարություն է մշակվել, որն այս տարվանից ընթացքի մեջ է եւ նախատեսվում է ավարտել 2015 թվականին: Անցած տարի հանրապետությունով մեկ իրավիճակային ստուգումներ անցկացվեցին, հետազոտվեցին վերարտադրողական տարիքի 18-49 տարեկան 2600 կանայք: Ըստ հետազոտության, ախտի տարածվածության ցուցանիշներն ԱՊՀ երկրներից շատ չեն տարբերվում` 100 հազար կնոջ հաշվարկով 13-14 դեպք: Ռուսաստանում եւ Լիտվայում, օրինակ, այդ ցուցանիշներն ավելի բարձր են: Մեզ մոտ տագնապեցնողն արգանդի վզիկի քաղցկեղի ոչ թե նվազման, այլ աճի տեմպերի միտումներն են: 2003-2004 թվականների տվյալներով, Հայաստանում 250 կին արգանդի վզիկի քաղցկեղ է ունեցել:
Այս հիվանդության զոհ դարձած կանայք, որպես կանոն, բժշկի դիմում են, երբ գրեթե անհնար է նրանց օգնել: Պատճառը ոչ միայն բժշկական ծառայությունների թանկությունն է, եւ կանայք խուսափում են դիմել բժշկի, այլեւ կանխարգելիչ հետազոտությունների հնարավորության բացակայությունը: Հայաստանում գյուղեր կան, որ նույնիսկ բուժքույրեր չունեն, ուր մնաց լաբորատոր հետազոտությունների միջոցներ: Եվ բացի այդ, հայ կանանց հատկանշող ավանդական գծերից մեկը սեփական անձի ստորադասումն է, նրանք գերզբաղված են իրենց ընտանիքներով եւ մոռանում են իրենց մասին: Քիչ դեր չի խաղում նաեւ շատ բուժաշխատողների` հիվանդության վերաբերյալ աղքատիկ տեղեկացվածությունը, որոնք շատ դեպքերում չեն կարողանում ճիշտ ախտորոշում կատարել: Այժմ հիվանդությունը պարզ տեստերի միջոցով բացահայտելու հնարավորություն կա, եւ պետությունը դրա ծախսերն իր վրա է վերցրել:
Ազգային ծրագրի ելակետերից մեկը նաեւ հանրապետության 840 մանկաբարձ-գինեկոլոգներին այդ տեստերի ուսուցանումն է: Ի դեպ, մի քանի օրից 20 մասնագետներից կազմված խումբը հանրապետության մարզերում կսկսի ուսուցողական այդ ծրագրի իրականացումը:
Սա շատ դանդաղ զարգացող ախտ է, եւ եթե կինը 10 տարին մեկ ենթարկվի կանխարգելիչ հետազոտման, ապա մասնագետների հավաստմամբ, արգանդի վզիկի քաղցկեղի հետզարգացման ցուցանիշները կկրճատվեն 60 տոկոսով, եթե 3 տարին մեկ անգամ` 90 տոկոսով, եթե ամեն տարի` 92 տոկոսով: Բայց ամեն տարի մեկ անգամ զանգվածային հետազոտությունը խիստ թանկ հաճույք է նույնիսկ հարուստ երկրի համար: Մեր ազգային ծրագրի միջոցներով 30-50 տարեկան հայ կանայք 3 տարին մեկ անգամ անվճար հետազոտվելու հնարավորություն են ստացել: Սա հնարավորություն կտա ախտը հայտնաբերելու նախաքաղցկեղային վիճակում, եւ այլեւս հարկ չի լինի հեռացնել մանկածնության օրգանը:
Արգանդի վզիկի որեւէ ախտաբանություն ինքնին չբերության պատճառ է: Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի ներկայացմամբ, Հայաստանում ընտանիքների պտղաբերության գործակիցն ընդամենը 1,4 տոկոս է: «Սա շատ ցածր ցուցանիշ է, ասում է նա, այսինքն, Հայաստանում ընտանիքների պարզ վերարտադրություն չկա, եւ եթե այս դաժան միտումները շարունակվեն, 50 տարի հետո մեր բնակչությունը 1,5 մլն կդառնա, առանց պատերազմների ու աղետների»: Այսօրվա վիճակով ամեն հայտնաբերված երկրորդ դեպքում կնոջն այլեւս հնարավոր չէ օգնել:
Այս ախտը խիստ վտանգավոր է նաեւ այն պատճառով, որ կինը որեւէ ախտանշանով չի զգում դրա ներկայությունն իր օրգանիզմում, մինչեւ այն պահը, երբ սկսվում է քայքայումը: Իսկ քայքայումն արդեն նշանակում է, որ կինը կամ կզրկվի մանկածնության օրգանից, կամ նրան այլեւս փրկել հնարավոր չէ: Եթե հիվանդությունը հայտնաբերվում է նախնական փուլում, երբ քաղցկեղը ճյուղեր չի տվել, վիրահատության միջոցով հնարավոր է փրկել կնոջը: Բայց մեզանում խիստ շատ են բարձիթողի դեպքերը: 2005 թվականի տվյալներով, բացահայտված դեպքերի 47 տոկոսն այդ վիճակի հետեւանք է եղել: Այս տարվա 9 ամիսների նույն ցուցանիշները չեն տարբերվում անցած տարվանից:
98-99 տոկոսի դեպքում հիվանդության պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող վարակն է: Հայաստանում սիֆիլիսն ու գոնորեան, գոնե պաշտոնական թվերով, շատ չեն տարածված, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մեծ թվեր եւս չկան, բայց խիստ բարձր է խլամիդիայի եւ զանազան վիրուսների տարածվածության մակարդակը: Գայանե Ավագյանը շեշտում է առողջ կենսակերպի, հիգիենայի, անվտանգ սեռական վարքագծի կարեւորությունը: Սեռական ճանապարհով այս ախտը վաստակելու հավանականությունը մեր կանանց մեջ չնչին է, շնորհիվ մենամուսնության հակվածության ու ավանդապահ խառնվածքի: Վտանգը գալիս է արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանցից: Այսօր Հայաստանում հինավուրց արհեստի` մարմնավաճառության սպասավորները եւս շատացել են, ովքեր մարմնի հետ անվճար տալիս են եւ իրենց հիվանդությունները: Եվ եթե փողոցային մարմնավաճառներին հնարավոր է վերահսկել, ապա էլիտար շերտը եւ խուլ բնակարաններում «աշխատողները» վերահսկողությունից դուրս են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ