«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2006-11-10 | #216, 2006-11-11 | #217, 2006-11-14


ՈՐՏԵ՞Ղ ԵՍ, ԱԲՐԱՄԻԿ

Բարեգործության հնարավորություն ընձեռող հայտարարությունները շատ են: Հատկապես ԶԼՄ-ները դրանց տեղադրմանն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ են վերաբերվում, քանի որ հայտարարությունը ոչ միայն որեւէ հարց լուծելու հնարավորություն է, այլեւ ինֆորմացիա, որից երեւում է առօրյա կյանքի մի պատառիկը: «Ազգը» եւս բարեգործության խնդրանք-հայտարարություններին վերաբերվում է մարդասիրաբար եւ ընթացիկ տարվա ապրիլի 29-ին տպագրել էր մի հայտարարություն «3-ամյա Աբրահամի կյանքը կփրկի միայն բարեգթությունը» վերնագրով: Ամիսներ անց որոշեցինք գտնել փոքրիկին, նախ հետաքրքրվելու Աբրահամի առողջությամբ, ապա այս մի օրինակով եւս փորձելու էինք չափել մեր հասարակության բարեգործական նկրտումների չափաբաժինը: Սակայն այդ անել մեզ չհաջողվեց, որովհետեւ պարզեցինք, որ Աբրահամն ուղղակի անհասանելի է լրագրողների եւ անգամ նրանց համար, ովքեր թերեւս կցանկանային երեխային ու նրա ընտանիքին առձեռն օգնություն ցույց տալ: Պատճառը որքան տարօրինակ, այնքան էլ խորհրդանշական է: Քանի որ Աբրահամի վատառողջության (նա միակ աչքի չարորակ ուռուցք ուներ) ու նրա ընտանիքի մասին ազդարարող հայտարարությունը տալիս էր միայն մեկ հետագիծ` «Յունիբանկի» հաշվեհամարը, փորձեցինք «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արման Գրիգորյանի միջոցով գտնել փոքրիկին: Սակայն, ինչպես ի վերջո հավաստեց Ա. Գրիգորյանը, բանկի բարձրաստիճան պաշտոնյաները որոշեցին, ըստ իրենց մոտ ընդունված կարգի, Աբրահամի հասցեն գաղտնի պահել, ընդառաջելով միայն նրանց տուն զանգահարելու եւ մեր հետաքրքրվելու փաստի մասին տեղեկացնելու «բարեգործությամբ»: Մեր բազմաթիվ պարզաբանումները, որ մեր ջանքերը միայն ուղղված էին «Յունիբանկի» շահառուի` փոքրիկ Աբրահամի օգտին, անսասան պահեցին բանկային համակարգի աննկուն աշխատակիցներին, որոնք շատ լավ հասկանալով հարցի էությունն, այնուամենայնիվ, մնացին բանկային, տվյալ դեպքում` ոչ մարդասիրական օրենքի տառին հավատարիմ եւ փաստորեն մերժեցին մեր կոնկրետ ու պարզ խնդրանքը` գտնել երեխային կամ նրա ծնողներին:

Այստեղից եզրակացրինք, որ որքան էլ մարդասիրական վարքականոններ, նույնիսկ մարդակենտրոն օրենսդրություն ու պետություն կերտելու մասին խոսենք, միեւնույնն է, բանկային չինովնիկությունը այդպես էլ չի հասկանա, թե երբ է տեղին բացառությունը, երբ` բանկային գաղտնիության խստիվ պահպանումը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4