Հուշարձանների վրա իրենց անունները խզբզելով անմահանալու խաբկանքով ապրողների ձեռքը հասել է նաեւ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի տարածքում անցած տարվա մայիսին տեղադրված հայոց այբուբենի քարե տառերին: Ս տառի վրաՙ Սոֆի ու Սոնա, Վՙ Վարդուհի, Հ ՙ Հակոբ Ավագյան, Թՙ Թելման, Գՙ Գուրգեն, Գարիկ, Մ` Մարի, Շՙ Շողիկ, Ջՙ Ջուլի, Ջեյս: Այս խակ գլուխները այբուբենի տառերի ու նաեւ Անանիա Շիրակացու արձանի վրա գծել են նաեւ սիրո դարն անցած բանաձեւերՙ Շ+Ա=Սեր, «սիրով Լուսինե» եւ այլն: Իսկ Թելմանն իր անունը դաջել է նաեւ Թ տառի հակառակ կողմում, այն էլՙ ներկով:
Կասկածից վեր է, որ այբուբենի պուրակն այս մարդկանց համար պաշտամունքի վայր չէ, այլ ճանապարհին ընկած կերուխումի նոր վայր, ուր կարելի է կանգ առնել, մի կուշտ հաց ուտել, շշերն այս ու այն կողմ շպրտել, տառերի վրա խզբզել ու ինքնագոհ շարունակել ճամփան: Իսկ քիչ անց ուրիշ մեկն այստեղ պիտի գա արտասահմանցիների հետ, որոնց հպարտորեն պատմել էր նոր պուրակի մասին ու պիտի ամոթանք ստանա նրանցիցՙ տառերի շուրջ բոլորը թափված աղբի համարՙ «այսպե՞ս եք դուք պահում ձեր այբուբենը»:
Պուրակը ստեղծողներն, հարկավ, պիտի ենթադրեին, որ այսօրինակ հուշարձանը գյուղից բավականին հեռու տեղադրելու դեպքում, նմանատիպ պատկերներն ու դեպքերը անխուսափելի պիտի լինեին: Դրանց առկայությունն արդեն իսկ խորհելու տեղիք է տալիս, թե որքանո՞վ է ճիշտ ընտրված քարե այբուբենի վայրը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի այն տեղադրել Օշական գյուղի տարածքում, որպեսզի որեւէ տհաս հանդգնություն չունենար հուշարձանի տարածքն աղտոտելու ու քարերի վրա «ինքնարտահայտվելու»:
Այբուբենի պուրակի վիճակի մասին հասարակությանն ու կառավարությանը տեղեկացնելու ու նրանց ուշադրությունը գրավելու համար ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շաբաթ օրն անցկացրեց բնապահպանական ու կրթական ակցիա: Ընդամենը կես ժամվա ընթացքում Լոռու մարզի Օրհուսի կենտրոնի ուսանողները մաքրեցին ողջ տարածքը, որից հետո ներկաների համար դասախոսություններ կարդացին Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի եւ Հովհ. Թումանյանի մասին:
Ակցիային մասնակցում էր նաեւ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, որի կարծիքովՙ «այսպիսի ակցիաները կարեւոր են, որպեսզի երիտասարդներն ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատի նկատմամբ: Կառավարությունը շատ անելիքներ ունի մշակութային արժեքների պահպանման գործում, իսկ երիտասարդները կարող են օգնել այդ հարցում»:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու Գոհար Ղազինյանի ասելով, իրենց նպատակը հուշարձանների շրջակա միջավայրի պահպանության համար հասարակության ու կառավարության ուշադրությունը գրավելն է: «Սա աղբահավաք չէ, այլ առիթ է բոլորին ասելուՙ մի աղտոտեք ձեր միջավայրը, նույնը պահանջեք նաեւ մյուսներից: Հետեւեք, որ կառավարությունը կատարի իր պարտականությունները: Ամեն ոք իրավունք ունի ապրելու մաքուր միջավայրում, յուրաքանչյուրը պիտի իրեն պատասխանատու զգա այդ մաքրության համար»:
Այբուբենի պուրակը ճամփորդների «քաջագործություններից» հեռու պահելու նկատառումով ակցիայի մասնակիցները որոշեցին դիմել կառավարությունՙ տարածքը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու խնդրանքով:
Ակցիան ավարտվեց Սաղմոսավանքումՙ Արագածոտնի հոգեւոր առաջնորդ հայր Թորգոմի օրհնությամբ ու եկեղեցու մասին սարկավագի անչափ հետաքրքրական քարոզով, ինչը, ցավոք, շտապ ավարտվեց, հայր Թորգոմիՙ մեկ այլ հանդիպման շտապելու պատճառով: Սարկավագը հարցերին սիրով պատասխանում էր նաեւ եկեղեցու բակում, սակայն ստիպված եղավ ենթարկվել հայր Թորգոմի կանչին, քանի որ մոռացել էր ներսում լույսը հանգցնել: Ուսանողները մեկնեցին Լոռի, Սաղմոսավանքի դռները փակվեցին, Սաղմոսավան գյուղը նորից թաղվեց լռության մեջ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ