Նոյեմբերի 11-ին Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կատարվեցին անդաստանի եւ հոգեհանգստի արարողություններ հնդկահայ գաղութի ննջեցյալների եւ բարերարների հոգու հանգստության համար:
Հոգեհանգստից հետո ներկաներին իր սրտի խոսքն ասաց Տ. Ներսես քահանան, ով երկար տարիներ եւ՛ որպես Մարդասիրական ճեմարանի սան, եւ՛ որպես սպասարկու սարկավագ իր ծառայությունն է բերել կալկաթահայությանը: Տեր հայրն իր խոսքում անդրադարձավ այն պատմական իրողությանը, որ մեր նախնիք միշտ նախ կառուցել են եկեղեցի` որպես հավատքի վկայարան, ապա դպրոց` որպես մտքի լուսավորության աղբյուր:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր տիկնոջ հետ, Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամները, Իրանից ժամանած շուրջ 40 ուխտավորներ, հնդկահայեր եւ Մարդասիրական ճեմարանի սաներ:
Ս. Մ.