«Մեր Չարբախում ուրիշ բան չի կառուցվում, միակն այս եկեղեցին է, որ մեր Չարբախի լույսն է», ասում է Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչ, տասնմեկամյա Նարեկը, որ մշտապես հետեւել է եկեղեցու կառուցման ողջ ընթացքին:
Եկեղեցու օծման օրը նա իր ընկերների հետ հանդիսավորապես զգեստավորված, ծաղիկները ձեռքին կանգնած էր եկեղեցու ճանապարհին: Նրանք սպասում են պաշտոնավոր հյուրերի` ՀՀ վարչապետին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ կառավարության եւ թեմի հոգեւոր խորհրդի անդամներին, որոնք պետք է գան ու մասնակցեն Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախ թաղամասի նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությանը:
Սբ. Խաչն օծվեց նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի: Եկեղեցու կարեւորության մասին խոսեցին շատ չարբախցիներ ու հյուրեր, որոնցից ամենահուզիչը մի տատիկի խոսքն էր. «Տասը տարի սպասել եմ այս եկեղեցու բացմանը, միշտ գալիս էի կիսակառույցը դիտելու, քարերը համբուրելու: Հիմա հանգիստ եմ ու փառք եմ տալիս Տիրոջը, որ այսօրվա միջոցառումը տեսնելուն արժանացա, ասում է նա ուրախությունից լալով: Արդեն հանգիստ կսպասեմ իմ ժամին: Գիտեմ, որ եկեղեցական կարգով կանեն իմ հուղարկավորությունը», ասում է տատիկը եւ եկեղեցու կառուցումը համարում է Քրիստոսի հայտնությունը մեր մեջ:
Թիվ 99 դպրոցի տնօրեն Լյուդմիլա Մարգարյանը «Ազգի» հետ զրույցում կարեւորում է եկեղեցու դերը հատկապես դպրոցականների համար` առանց թաքցնելու աղանդավոր երեխաների առկայությունը դպրոցում: «Հույս ունեմ, որ այս եկեղեցին դարձի կբերի նրանց, քրիստոնեական վարքուբարքը կվերադառնա այն մարդկանց կենցաղ, ովքեր կորցնում են ճշմարիտ քրիստոնյայի կերպարը», ասում է տնօրենը: Նա համեստորեն նշում է, որ եկեղեցու կառուցման համար ջանք չի խնայել իր ամուսինըՙ ՀՀ կառավարությունում վարչության պետ աշխատող Խաչատուր Վարդանյանը, որը նախաձեռնել է եկեղեցու կառուցումը իր եւ իր ընկերների գործնական աջակցությամբ:
Հակոբը թիվ 99 դպրոցի վեցերորդցիներից է: Նա ոչ միայն սահուն առոգանությամբ հնչեցնում է «Հայր մերը», այլեւ մեկնաբանում: Նրա զինղեկ Կարո Համբարձումյանը հպարտությամբ է ունկնդրում զինվորականի հագուստով իր աշակերտի ելույթը եւ նշում. «Եկեղեցու կառուցումն այս թաղամասում, որտեղ երբեւէ եկեղեցի չի եղել, իսկապես իրադարձություն է: Ես հատկապես ուրախ եմ իմ մանուկ աշակերտների համար, ովքեր պետք է իմանան որ յուրաքանչյուր հաղթանակ տրվում է նախ հավատի, ապա` գիտելիքի եւ զենքի շնորհիվ»:
«Ազգին» իր տպավորություններն է հայտնում նաեւ Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախ թաղամասի լիազոր ներկայացուցիչ, Շենգավիթ համայնքի ավագանու անդամ Սամվել Շառոյանը: «Այս եկեղեցին կսերտացնի մեր ժողովրդին Աստծու հետ: Մարդը հոգեպես կմաքրվի ու կխաղաղվի», համոզված է նա:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ