«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2006-11-11 | #217, 2006-11-14 | #218, 2006-11-15


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ

Քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունները ՏՏ ոլորտից դուրս են

Ինտերնետային էջ բացելու համար մեզանում անհրաժեշտ է մի քանի հարյուրից մինչեւ տասնյակ հազարավոր դոլարՙ գնի այդօրինակ տատանումը կախված է այն ստեղծող անձի կամ ընկերության մասնագիտական հմտությունից, ինչպես նաեւ էջի բովանդակային ու ծրագրային հարցերից: Հենց այդ պատճառով, մեր կառավարության 15 նախարարություններից 2-ըՙ քաղաքաշինության ու մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարություններն առհասարակ ինտերնետային էջ չունեն, իսկ 3-ըՙ կրթության ու գիտության, առողջապահության, էներգետիկայի նախարարություններն ունեն զուտ ձեւականորեն, այսինքնՙ էջը բացվում է, դիզայնը արված, բայց անհրաժեշտ տվյալներ կամ տեղեկություններ փնտրողի հույսերը հենց նույն պահին խորտակվում են դրանց դատարկությունից: Մյուսները քիչ թե շատ լավ վիճակում ենՙ թարմ կամ մեկ շաբաթվա վաղեմությամբ լուրերով: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի ասելով, որեւէ մեկն իրավասու չէ նախարարություններին պարտադրել, քանի որ ինտերնետային էջերի համար պետությունը նրանց ֆինանսական միջոցներ չի տրամադրում: «Այս հարցն ուսումնասիրել ենք ու վիճակը լավ ենք պատկերացնում: Մտածում ենք մի ծրագիր սկսել բոլոր նախարարությունների էջերը նույն մակարդակի վրա դնելու համար, ունենալ մի ընդհանուր մոդելՙ պարզ ու մատչելի բոլոր այցելուների համար, որպեսզի մարդիկ չմոլորվեն այս կամ այն տեղեկությունները փնտրելիս: Դրա համար ժամանակ է պետք, որովհետեւ ներկա պահին եղածները պատշաճ տեսքի բերելու խնդիր կա», ասաց Մերի Հարությունյանը:

Որոշ նախարարությունների, օրինակՙ առողջապահության, բախտը բերել է այնքանով, որ մի քանի տարի առաջ ընդգրկվել է այդ նպատակի համար հատկացված դրամաշնորհային ծրագրում: Ներկա պահին էջը վերազինվում է նոր տվյալներով եւ մինչեւ տարեվերջ բաց կլինի հասարակության համար: Կառավարության ինտերնետային էջի նախարարություններ բաժնում տարածքային կառավարման նախարարությունը միակն է, որի ո՛չ ինտերնետային հասցեն է նշված, ո՛չ էջը: Մերի Հարությունյանի ասելով, վերջինիս էջը համարվում է ՄԱԿ-ի աջակցությամբ բացված region.am-ը, որը զետեղված է կառավարության ինտերնետային էջի հղումներ բաժնում:

Բացի առողջապահության նախարարության էջից, այժմ նորացվում ու թարմացվում են կրթության եւ գիտության, էներգետիկայի նախարարությունների էջերը:

Առաջինի լրատվական ծառայության պետ Լիլիթ Գալստյանի ասելով, էջը լիարժեք տվյալներով հագեցնելու համար նախարարությունը ֆինանսական խնդիրներ չունի, կան զուտ տեխնիկական հարցեր, որոնք կկարգավորվեն մոտակա ժամանակահատվածում: «Քանի որ էջը չէր գոհացնում ո՛չ հանրությանը, ո՛չ լրատվամիջոցներին, ո՛չ էլ մեզ, ներկա պահին կայքը վերամշակվում է նախարարության մասնագետների ուժերով: Կփորձենք ամեն ինչ անել հասարակությանը հետաքրքրող տեղեկությունները ներկայացնելու համար: Այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ հատուկ բացված էջը այցելուների մեծ թիվ ուներ, ինչը վկայում է կրթության ոլորտի հանդեպ հասարակության ընդգծված հետաքրքրության մասին: Դա հաշվի առնելով, հիմա ամեն ինչ արվում է հասարակության գոհացնող ինտերնետային էջ ունենալու համար»:

Նույն լավատեսությամբ մեզ պատասխանեցին էներգետիկայի նախարարությունից. «Մոտ 10 օրից մեր ինտերնետային էջը լիարժեք կգործի: Մինչ այդ կցկտուր տեղեկություններ էր պարունակում, հագեցված չէր էներգետիկ համակարգի մասին ամբողջական տվյալներով: Տեխնիկական մի քանի հարցեր կարգավորելուց հետո էջը բաց կլինի հանրության համար», ասաց Լուսինե Հարությունյանը:

Քաղաքաշինության նախարարությունից մեզ տրված պատասխանը լավատեսական ավելի թույլ երանգ ուներ, որովհետեւ հարցի լուծումը ձգձգվում է 2004 թվականից ի վեր:

«Այդ մասին երկար ժամանակ է ինչ մտածում ենք: Մեր առաջ խնդիր ենք դրել առաջին իսկ ֆինանսավորման դեպքում ինտերնետային էջ բացել: Առանց արտաքին եւ ներքին ցանցի պարզապես անհնար է, առայժմ բավարարվում ենք միայն էլեկտրոնային նամակագրությամբ», ասաց հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անի Արմենակյանը:

Հարցն, անշուշտ, դժվար լուծելի է, ինչպես նշեցինք սկզբում, մանավանդ երբ պետական տվյալ կառույցը փորձում է հարցը տեղից շարժել առանց իր համակարգչային մասնագետն ունենալու: Մինչդեռ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը մասնագետները հենց դա են համարում: Այդպես հնարավոր է ոչ միայն նվազեցնել պահանջվող գումարի չափը, այլեւ ինտերնետային էջը պահել մասնագիտական հսկողության տակ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4