Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը: Երեկ «Արմենպրեսի» սրահում բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Գեորգիոս Վասիլակոպուլոսն ու նույն կազմակերպության մարզական տնօրեն Կոստա Իլիեւը հանդիպեցին բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմի անդամների, մարզաձեւի ակտիվիստների եւ լրագրողների հետ:
Բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին նախ ծանոթացրեց հանդիպման պաշտոնական հյուրերին: Պարզվում է, որ Գեորգիոս Վասիլակոպուլոսը երկար ժամանակ գլխավորել է Հունաստանի բասկետբոլի ֆեդերացիան եւ մեծ ներդրում ունի մարզաձեւն այդ երկրում զարգացնելու գործում: Եվ հիմնականում հաշվի առնելով նրա ծառայությունները մարզաձեւում, այս տարվա մայիսին կայացած ընտրություններում Վասիլակոպուլոսն ընտրվել է բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի նախագահ: Այդ ընտրություններում նրա մրցակիցն անվանի բասկետբոլիստ Մարչուլյոնիսն էր:
Բուլղարացի Կոստա Իլիեւը պատասխանատու է Եվրոպայում կազմակերպվող բոլոր մրցումների համար: Նրա հետ Հրաչյա Ռոստոմյանը ծանոթացել է 2003 թ. Սարաեւոյում:
Գեորգիոս Վասիլակոպուլոսը նշեց, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես հայրենիքում, քանի որ հույներն ու հայերը շատ առումներով բախտակիցներ են: Հունաստանում նա ծանոթ է տեղի հայ համայնքից շատերի հետ, որոնք սիրում են սպորտը: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում մարզաձեւի զարգացման հնարավորություններին, ինֆրաստրուկտուրային եւ համապատասխան ծրագիր մշակել մեր հանրապետությանն օգնելու համար: Ընդ որում, Վասիլակոպուլոսը տեղեկացրեց, որ եվրոպական ֆեդերացիան ազգային ֆեդերացիաներին ֆինանսական օգնություն չի տրամադրում, այլ օգնում է մարզագույքով, մեթոդական աջակցություն է ցույց տալիս: Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ եվրոպական ֆեդերացիան Հայաստանին է տրամադրել «Մոլտոն» ֆիրմայի գնդակներ, որով խաղում են ՀՀ առաջնության մասնակից թիմերը:
Արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարվանից մարզաձեւի մարզիչների, ֆեդերացիայի աշխատակիցների եւ մրցավարների համար սեմինար դասընթացներ են անցկացվելու:
Կոստա Իլիեւն էլ նշեց, որ Հայաստանի հավաքականը բավական ժամանակ զրկված էր Եվրոպայում հանդես գալու հնարավորությունից եւ հայ բասկետբոլիստներին Եվրոպայի առաջնության «B» խմբում ընդգրկելը կնպաստի հանրապետությունում մարզաձեւի զարգացմանը: Երեկ Գեորգիոս Վասիլակոպուլոսի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության, մարզաձեւի զարգացման մի շարք հարցեր: Պատվիրակությունը կայցելի նաեւ Էջմիածին, կծանոթանա Հայաստանի տեսարժան վայրերին, մարզակառույցներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ