Շանհայում շարունակվում է 4 մլն 450 հազար դոլար մրցանակային հիմնադրամով թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը: Դավիթ Նալբանդյանը, որ նախորդ խաղում պարտվել էր Ռոջեր Ֆեդեռերին, չափազանց համառ մրցապայքարում զիջեց խորվաթ թենիսիստ Իվան Լյուբիչիչին: Առաջին խաղափուլը Նալբանդյանը շահեց 7-5 հաշվով, երկրորդում միայն թայ բրեյքում զիջեց մրցակցին (6-7): Ամեն ինչ վճռեց 3-րդ խաղափուլը, որն անցավ փոփոխակի հաջողությամբ: Նալբանդյանն այն շահում էր 2-1 հաշվով, ապա Լյուբիչիչին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը (5-5): Հաղթողը կրկին որոշվեց թայ բրեյքում: Հաջողությունն ուղեկցեց Լյուբիչիչին, որը հաղթելով 7-5 հաշվով, շահեց մրցախաղը: Այսպիսով, Դավիթ Նալբանդյանն իր 2-րդ պարտությունը կրեց:
«Կարմիր» խմբում իր երկրորդ հաղթանակը տոնեց թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը: Առաջին խաղափուլում 6-4 հաշվով հաղթեց Էնդի Ռոդիկը: Հաջորդ երկու խաղափուլերում Ֆեդեռերին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ (7-6, 6-4) եւ շահել մրցախաղը: Այսպիսով, Ֆեդեռերը գործնականում ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը:
«Ոսկե» խմբում հաղթանակով մեկնարկեց ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն` պարտության մատնելով Թոմի Ռոբրեդոյին (7-6, 3-6, 6-1): Մյուս խաղում Ջեյմս Բլեյքը հաղթեց Ռաֆայել Նադալին (7-6, 6-4):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ