«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2006-11-14 | #218, 2006-11-15 | #219, 2006-11-16


ՄՈՍԿՎԱՅԻՆ ԻՆՉ ԿՏԱ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ

Ինձ համար դժվար է ասել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար դեմոկրատների հաղթանակն ԱՄՆ-ում: Սակայն Ռուսաստանում ուշադիր հետեւում են ԱՄՆ-ի քաղաքական կյանքում տեղի ունեցած պատմական փոփոխությանը եւ փորձում են կռահել դրա ազդեցությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Հիմնականում գերիշխում է երկու տեսակետՙ հնարավոր է էական փոփոխություններ տեղի չունենան եւ, երկրորդՙ չի բացառվում հարաբերությունների վատթարացումը: Շատ քիչ են «լավացման» կողմնակիցները:

Անշուշտ, հանրապետականների պարտության գլխավոր պատճառը նրանց արտաքին քաղաքական ձախողումն էր Իրաքում: Դեմոկրատները վարպետորեն օգտագործեցին Բուշի «անձնական» սխալը եւ նրա թիմի անկարողությունն այդ երկրում հաստատելու արեւմտյան տիպի «դեմոկրատիա»: Ինչպես նշում է հայտնի ամերիկագետ, պատմագիտության դոկտոր Էդուարդ Իվանյանը, ըստ երեւույթին ամերիկացիներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչի են ձգտում Իրաքում եւ ինչքանով են արդարացված հսկայական ծախսերը: Իրավիճակն, իրոք, շատ ավելի բարդ է եւ սկսում է ակնհայտ դառնալ, որ խարխլվում են միաբեւեռ աշխարհում ռազմատեխնոլոգիական գերիշխանության հասնելու ամերիկյան հիմնադրույթի հիմքերը:

Բազմաթիվ վերլուծությունների, վարկածների, կանխատեսումների մեջ ուշագրավ է մի երեւույթ, որը լայնորեն չի քննարկվում, բայց նրա նշանակությունը դրանից բնավ էլ չի նվազում: Հիշեցնելով, որ 2000 թ.-ին կրտսեր Բուշին հակադրված էր էթնիկ հրեա Ալբերտ (Էլ) Գորը, կարծիք է հայտնվում, որ հրեաները կփորձեն «ռեւանշ» վերցնել այդ պարտության դիմաց եւ օգտագործելով ստեղծված իրադրությունըՙ ներկայիս նախագահի վրա բարդել արտաքին քաղաքականության բոլոր տապալումները (նույնիսկ Իսրայելի պարտությունը Լիբանանում) եւ գործը հասցնել իմփիչմենտի: Բանն այն է, գրում է թերթերից մեկը, որ շատ ագրեսիվ է տրամադրված դեմոկրատական ընտրախավի արմատական-լիբերալ թեւը, որտեղ արտակարգ մեծ է հրեական գործոնի դերը: Ինչպես դեռ մինչեւ ընտրությունները հայտարարել էր դեմոկրատական կուսակցությանը հարող հրեական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, ինչքան ավելի ծանրակշիռ լինի դեմոկրատիայի հաղթանակը, այնքան ավելի շատ հրեաներ կհայտնվեն Կոնգրեսում:

Եթե նկատի ունենանք, որ Իսրայելում դժգոհ են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի վարած քաղաքականությունից (հատկապես պաղեստինցի արաբների հարցում), ապա ամերիկյան «դեմոկրատական հեղափոխության» հետեւանքները եւ հրեական ազդեցության ուժեղացումն իսկապես հազիվ թե դրականորեն ներգործեն ռուս-ամերիկյան հարաբերությունների վերընթաց զարգացմանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4