«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2006-11-14 | #218, 2006-11-15 | #219, 2006-11-16


ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱ՞ՄԲ

Հասարակական կարգի պահապանները այս քանի օրը դարձել են իսկական ահաբեկիչներ այդ նույն հանրության համար: 4-5 օր է` հետեւում եմ քաղաքային տրանսպորտի կանգառները կանոնակարգող ոստիկանների պահվածքին, դեմքերի արտահայտություններին` ասես որսի են դուրս ելել: Երկու օր առաջ առավոտյան ոստիկանական այնպիսի եռուզեռ էր տիրում «Բարեկամություն» մետրոյի կանգառներից մեկում, որ թվաց թե որեւէ բարձրաստիճան անձի մեքենաների հերթական կորտեժն է անցնում: Իրականում ընդամենը կանգառը մի 20 մետր տեղափոխել եւ փորձում էին օրինազանց վարորդների գիտակցության մեջ ամրապնդել այդ վայրը: Կանգառում կանգնած պատկառելի արտաքինի ու տարիքի մի մարդ վեր թռավ` տաքսի մեքենային իջեցված ոստիկանական մահակի շրխկոցից ու գոռգոռոցից` «Մտքերիս մեջ էի` վեր թռա»: Կանգառում խմբվածները զարմացած նայում էին օրինապահների արտառոց պահվածքին: Մի ոստիկան ամիսներ առաջ խեղճացած ասում էր, թե իրենց իրավունքները սահմանափակվել են եւ անգործության են մատնված. գետնուղիներում մանրավաճառ կանանց կամ արեւածաղկի սերմեր վաճառողների կողքին շատերը ժամանակ էին սպանում, կամ էլ ուղղակի գլուխ պահում: Եվ ահա ոստիկանները ինքնահաստատման նոր հնարավորություն են ստացել: Գովելի որոշում, որը, սակայն իրականացման ընթացքում վարկաբեկման է ենթարկվում: Թշնամական ատելությունը, «զոհերին» ոչնչացնելու ներքին մտայնությունը, մտովի տեղափոխում է 18-19-րդ դարերի Աբովյանի, Պռոշյանի, Րաֆֆու վիպագրության ծանոթ էջերը. երբ օտար հարստահարիչները մեկեն խմբով արշավում էին հայկական բնակավայրեր եւ ահ ու սարսափի իրարանցման մատնում խեղճ գյուղացիներին:

Կարգապահները տեսնեիք ինչպես էին 4 կողմից շրջափակել երթուղային տաքսու վարորդին` Մաշտոցի պողոտայի օպերային թատրոնի մերձհատվածում, երբ վարորդը կանգառից դուրս ուղեւոր վերցնելու փորձ արեց` ժամը 23:30-ի սահմաններում: 4-5 ոստիկան ուղղակի վրա տվեցին, մահակների սպառնալիքով ու դեմքի ագրեսիվ արտահայտությամբ, ասես թշնամու բանակից զինվոր էին գերեվարել: Մի 10 րոպե վարորդին բաց չէին թողնում` իբր թե փաստաթղթերն էին ստուգում: Ժամն արդեն ուշ էր ու հոգնած ուղեւորների տրտունջ սկսվեց. «փող պոկելու նոր ձեւ», «օրենք են իբր թե պաշտպանում, ում աչքին են թոզ փչում, դե թող հայտնի համարանիշով մի մեքենա կանգնեցնեն, գլուխները կթռցնեն», «բռնուցքը էլի խեղճի գլխին է կոտրվում»: Վարորդը երբ վերադարձավ, մեկը թե` ինչքան փող տվի՞ր: Մեկ ուրիշը թեՙ եթե փող տար, ինչո՞ւ էին էդքան երկար պահում: Ծայր առավ անկանոն քննարկում: Վարորդը դարձավ ուղեւորներին` «Ամբողջ օրը ձեզ հետ ենք աշխատում, այ ժողովուրդ: Մի կանգնեցրեք էլի, ձեր ցավը տանեմ` 100 դրամի համար հո չեմ կանգնում, գիշերվա կես է, ոնց չկանգնեի, էդ խեղճ կինը ինչքա՞ն էր սպասելու: Երկու օր առաջ էր` 5000 դրամ տվի»: (Ի միջի այլոց նկատենք, որ լավ կլիներ տուգանք սահմանվեր երթուղային տաքսիներում բարձր լսվող երաժշտության (հատկապես ցածրակարգ` ռաբիսի) եւ վարորդի ծխելու պարագաներում):

Իհարկե, քաղաքային տրանսպորտի երթեւեկի քաոսը կարգավորելու համար միայն կանգառների ճշգրիտ ֆիքսումը բավարար չէ, ամենակարեւորը` բնակչությանը համապատասխան քանակով եւ երթուղիները նորմավորված տրանսպորտային միջոցներ են հարկավոր, դրանց ճիշտ բաշխում եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Այս անդրադարձը նման հարցերին չի վերաբերում, այլՙ ընդամենը հասարակական կարգի մեր պահպանների պահվածքին եւ իրականացնելու անքաղաքակիրթ ձեւին: Երբ ի պաշտպանություն վարորդի ուղեւորներից մեկը իջավ եւ փորձեց միջամտել, ոստիկաններից մեկը, թե` էդ ի՞նչ ձեւով ես խոսում, ասա` պրն ոստիկան: Պարոն ոստիկանները սակայն Երեւանի փողոցներում այս վերջին օրերին նորօրյա կատարածուների են վերածվել եւ շփոթ, խուճապ եւ ահ ու սարսափ են տարածում համաքաղաքացիների մեջ: Կխնդրեինք նրանցից ավելի բարեկիրթ մոտեցում եւ ամենախստապահանջությամբ հանդերձ մարդասիրության դրսեւորում: Եվ սրա պատասխանը երթուղայինի ուղեւորներից մեկի նման չլինի հեգնական` «Ո՜ր երկրում ես ապրում»:

Իհարկե, միակողմանի անդրադարձն էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք` ուղեւորներս էլ օրինազանց ենք. կանգառից դուրս էլ իջնել ենք ուզում, կամ նստել որտեղից պատահի եւ վարորդներն էլ կամայականորեն են ընդառաջում իրենց քմահաճույքով: Սակայն քաղաքացիներից շատերն ակնկալում են, որ ոստիկանական այս օրերի կանգառային օրինապահությունը չվերածվի շոուի եւ հետեւողական բնույթ կրի: Թե չէ, բոլորս կարող ենք վկայել, որ ոստիկանների հեռանալուց հետո կանգառները զբաղեցնում են տաքսիստները, եւ երթուղայինները դարձյալ իրար գլխի են լցվում, ու շարունակվում է նախկին քաոսն ու աղմուկ-իրարանցումը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4