Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Ավարտական տուրից առաջ երեք շախմատիստներՙ Լեւոն Արոնյանը, Ռուսլան Պոնոմարյովն ու Պետեր Լեկոն 5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում Պոնոմարյովը սպիտակներով խաղում էր Լեկոյի հետ, իսկ Արոնյանը սեւերով մրցում էր Բորիս Գելֆանդի հետ, որն առաջատարներից հետ էր մնում կես միավորով:
Ինչպես երեւում է, մասնակիցները բավական հոգնել էին ծանր մրցախաղերից, բացի այդ էլ ոչ ոք չէր ուզում ավելորդ ռիսկի դիմել: Այլապես ինչպես բացատրել վերջին տուրում գրանցված կարճատեւ ոչ-ոքիները: Առաջինը հաշտություն կնքեցին Պոնոմարյովն ու Լեկոնՙ կատարելով ընդամենը 19 քայլ: Նրանց օրինակին անմիջապես հետեւեցին Արոնյանն ու Գելֆանդը, որոնք կատարել էին ավելի քիչՙ 16 քայլ: Երրորդն իրենց պարտիան ավարտեցին Շահրիյար Մամեդյարովն ու Պյոտր Սվիդլերը, որոնք հաշտություն կնքեցին 14-րդ քայլին: Հետո ընդամենը 17 քայլ կատարելովՙ միավորը բաժանեցին Ալեքսանդր Գրիշչուկն ու Մագնուս Կառլսենը: Վերջինն իրենց մրցավեճը ոչ-ոքի ավարտեցին Ալեքսանդր Մորոզեւիչն ու Ալեքսեյ Շիրովը:
Այսպիսով, երեք շախմատիստներՙ Լեւոն Արոնյանը, Ռուսլան Պոնոմարյովն ու Պետեր Լեկոն վաստակեցին հավասարՙ 5,5-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը: Նրանցից կես միավորով հետ մնաց Բորիս Գելֆանդը: 4,5-ական միավոր վաստակեցին Շահրիյար Մամեդյարովը եւ Պյոտր Սվիդլերը:
Հուշամրցաշարն ավարտվեց, սակայն մասնակիցներն առայժմ կմնան Մոսկվայումՙ վիճարկելու Միխայիլ Տալի գավաթը կայծակնային մրցաշարում: Նրանց կմիանան եւս 8 գրոսմայստերներ: Կայծակնային մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր են ստացել Վիշվանաթան Անանդը, Հուդիթ Պոլգարն ու Անատոլի Կարպովը: Մյուս մասնակիցներին որոշելու համար երեկ 40 շախմատիստներ սկսեցին ընտրական մրցաշարը, որը կավարտվի այսօր: Առաջին օրն անցկացված կայծակնային մրցաշարի 8 տուրից հետո առաջատարը ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւն է, որը վաստակել է 6,5 միավոր: 2-3-րդ տեղերում են Վլադիմիր Մալախովը եւ Բայադուր Ջոբավանՙ 6-ական: 5,5-ական միավոր են վաստակել Ժոյել Լոթյեն եւ Իլյա Սմիրինը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ