«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


«ԱՆԿԱՐԱՆ ՓԱՐԻԶԻՑ ՇԱՏ ԻՐԵՆ Է ՎՆԱՍՈՒՄ», ԱՍԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «Die Welt»-ԻՆ

Թեեւ 130 երկրներում տարածվող 32 էջանոց գերմանական «Die Welt»-ի նոյեմբերի 17-ի համարում պակասում էր օնլայն տարբերակում զետեղված «հայկական հարց» խորագիրը, բայց առաջին իսկ էջից, այնուհետ 7-րդ, 8-րդ էջում զետեղված «հայկական» նյութերն այդ բացթողումը «տեխնիկական սխալի» արդյունք էին որակում։

Թերթն առաջին էջում տպագրել է «Թուրքիան խզում է ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի նկատմամբ» լուրը (այս թեման արծարծեցին նաեւ գերմանական ռադիոնՙ WDR-ը եւ ARD հեռուստաալիքը մեկ օր առաջ արդենՙ լսարանին նորից հակիրճ տեղեկացնելով Հայոց ցեղասպանության մասին)։

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի եղեռնի վերաբերյալ վեճը Անկարային խզել տվեց ռազմական հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ, բացառվում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը», գրում է գերմանական թերթն իր առաջին էջումՙ հավելելով, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Die Welt»-ին ասել է, թե դրանով Թուրքիան ավելի շատ իրեն, քան Ֆրանսիային է վնասում։Վեճի հիմքում Հայոց ցեղասպանության ուրացմանը հետեւող պատժիչ օրինագծի ընդունումն է Ֆրանսիայի Ազգային ժողովում, ծանուցում է թերթըՙ հիշեցնելով, թե տեքստը դեռ պիտի հաստատի Սենատը, իսկ նախագահ Շիրակը վավերացնի այն։

7-րդ էջի ձախ սյունակում «Die Welt»-ը տպագրել է ՀՀ նախագահի լուսանկարը, Քիրստին Վենքի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ «Անկարան Փարիզից շատ իրեն է վնասում» վերնագրով եւ «Հայաստանի նախագահը պահանջում է բացել թուրքական սահմանը» ենթավերնագրով։ Աջ կողմում զետեղված է առաջին էջում համառոտ ներկայացված «Թուրքիան խզում է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ» լուրըՙ մանրամասներով։

Հակիրճ անդրադառնալով նախագահ Քոչարյանի հարցազրույցին, իրազեկենք, որ այնտեղ որեւէ նշում չկա, թե ՀՀ նախագահը նոյեմբերի 15, 16-ին ԳԴՀ-ում էր աշխատանքային այցով։ Հարցազրույցը, որն արդեն հասցրել է հետաքրքրական որակումը ստանալ մեզ իրենց կարծիքը հաղորդած ընթերցողների կողմից, ներառում է հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի, ռուսական տնտեսական հսկաների կողմից Հայաստանի «գաղութացման», Իրանիՙ միջուկային ծրագրերի դեմ պատժամիջոցների կիրառմամբՙ Հայաստանին ծանրաբեռնելու, Հայաստանի ժողովրդավարական բացթողումների վերաբերյալ Եվրախորհրդի քննադատության եւ այլնի մասին։

Ընդհանուր առմամբ հարցազրույցում առկա պատասխանները հայաստանյան ընթերցողին անծանոթ չեն, նախագահն իր տարբեր ելույթներում արտահայտել է դրանք, մեր կարծիքով նորություն կարելի է դիտարկել լրագրողիՙ «Ինչու՞ եք դեմ Հայաստանիՙ ՆԱՏՕ-ին անդամակցության» հարցին ՀՀ նախագահի ձեւակերպումները։« Դա իմաստ կունենար այն ժամանակ, երբ մեր անվտանգությունը բարձրացներ։Մեր հարեւան Վրաստանի, Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Հոգատար ենք Ռուսաստանի հետ մեր շատ լավ կապերի (դրանց թվում նաեւ ռազմական) առումով։ՆԱՏՕ-ին անդամակցումը հիշյալ կապերը կվնասի։Վտանգը միայն ՆԱՏՕ-ի անդամներից մեկիցՙ Թուրքիայից է գալիս», «Die Welt»-ին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը։

8-րդ էջում Ժակ Շուստերի «Ֆրանսիական վարժապետություն» վերնագրյալ մեկնաբանությունն է, որը ոչ այլ ինչ է, քան հեգնանք ֆրանսիական պատժիչ օրինագծին։ Ջանալով դուր գալ հայկական փոքրամասնությանը, Թուրքիան Եվրոպայից հեռու պահելու նպատակով, Փարիզը կարծիքի ազատությունն է սանձում եւ թուրքական պատումը Ֆրանսիայում պատժում, գրում է մեկնաբանը։Անցյալով զբաղվել չի նշանակում ճշմարտության պաշտպանությունը օրենքի միջոցով բռնադատել։ Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր ուժերի չափով իր պատմության մռայլ էջերը բացահայտի։ Գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը (եւ ոչ միայն նա)հոգ է տանում դրա մասին։ Փամուկը միայն պայմանական հաջողություն կարող է ունենալ, բայց վստահ ավելին, քան Ֆրանսիայի սադրանքը, կարծիք է հայտնում Ժակ Շուստերը։

Այս մեկնաբանությանը մեր խնդրանքով իր հակափաստարկները ներկայացրեց Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղը (ում հետ գերմանացի լրագրողները վերջերս հարցազրույց էին վարելՙ ֆրանսիական պատժիչ օրինագծի վերաբերյալ։ Մեր հայրենակցի նույն թեմայով հոդվածը լույս էր տեսել նաեւ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթում )։ «Երկրորդ աշխարհամարտեն վերջ Ցեղասպանական արարքի ուրացումը պատժելի տեսնել, ինչ որ Ֆրանսիան կկատարե, նոր քայլ մը չէ։ Եվրոպական երկրներուն մեջ, Գերմանիայեն սկսյալ, ընդհանուր համաձայնությամբ այդպիսի արարքների ուրացումը պատժելի համարելու հետեւողականություն կա , իրազեկեց ինստիտուտի տնօրենը։ Կարծիքի ազատությունը սուբյեկտիվ մոտեցում է։ Կարծիքի ազատության սահմանափակման մասին չէ խոսքը, այլ մարդկության դեմ գործված ոճրիՙ պատմական ճշմարտության պաշտպանության , որի պարտականությունը պետություններն իրենց գործառույթը կտեսնեն։ Պատմականացած արարք տեսնել այն չի կարելի, ուստի ոչ թե մոռացումն իբրեւ հաշտության նախապայման, այլ ժողովրդի հիշողությունն իբրեւ հաշտության նախադրյալ։Երբ Հայոց ցեղասպանությունը հարցական կդարձնեն, հարցական կդարձնեն նաեւ Հոլոքոստի ուրացումը պատժող օրինագիծը եվրոպական երկրներուն մեջ։Աշխարհում չկա ցեղասպանություն, որ ուրացված ըլլա, հայկականը միակն է, ասաց գիտնականըՙ պնդելովՙ բոլոր ցեղասպանությունների ուրացմանն հակազդող պատժիչ ընդհանուր օրենքի անհրաժեշտություն կա։ Ժակ Շուստերի վերոբերյալ մեկնաբանությունը օպորտունիստ որակելով »Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրենը նկատել տվեց, թե Ֆրանսիան ռազմական, տնտեսական իր շահերը չէր վտանգի հայերի մի քանի հազար քվեների դիմաց։ Պարզապես Ֆրանսիան հետեւողական է իր սկզբունքներուն, եզրափակեց ինստիտուտի տնօրենը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4