Արեւմուտքի հետ համագործակցությունը չպետք է լինի ի վնաս ռուս-հայկական հարաբերությունների
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) արդեն մի քանի տարի համագործակցում են Հայաստանի գրողների միության հետ, աջակցում հնարավորության սահմաններում: Երեկ գրողների միությունում տեղի ունեցած ընդլայնված նիստի ընթացքում հայտարարեց ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը տեղեկացրեց նաեւ Արա Աբրահամյանի նվիրատվությամբ գործող Հայ գրականության հիմնադրամի ներկա վիճակի, տարեկան նախատեսվող ծախսերի եւ դրանց բնույթի մասին:
Մասնավորապես, հիմնադրամը ներկայումս կազմում է շուրջ 300 հազար դոլար, որից մոտ 40 հազարը ծախսվում է տարբեր հոգսերի լուծման համար: Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել եւս մեկ մարաթոն` հիմնադրամի միջոցները լրացնելու համար, որին Արա Աբրահամյանի մասնակցությունը, իր իսկ խոսքերով, կլինի 50 հազար դոլարի չափով:
Ներկայացնելով ՀՀԿ եւ ՌՀՄ գործունեությունը` Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունն այժմ ունի 340 մասնաճյուղ Ռուսաստանի տարածաշրջաններում եւ իր գործունեությամբ հասել է այնպիսի արդյունքների, որ Ռուսաստանում նրա գրաված դիրքը պատիվ է բերում: Արա Աբրահամյանը խոսեց Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդման, ներկա իրավիճակի համար պատասխանատվություն կրելու կարեւորության մասին:
Եվ այս ամենն այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում Հայաստանին Ադրբեջանն ագրեսոր է որակում, Թուրքիան հնարավոր բոլոր պահերն օգտագործում է սեփական տեսակետները քարոզելու համար, հարեւան ու բարեկամ Վրաստանը ռուս-վրացական հարաբերությունների խնդրի առջեւ է կանգնած, Իրանն էլ` ամերիկյան պատժամիջոցների հնարավոր կիրառման: Ինչեւէ, ՀՀԿ նախագահի մոտեցմամբ, մեր հայրենիքը մեկն է եւ առանց Հայաստանի սփյուռքն ի զորու չէ ոչինչ անելու:
Պատասխանելով ներկաների հարցերին` Արա Աբրահամյանը նախ նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մնում է ռազմավարական գործընկեր, միեւնույն ժամանակ պետք է աշխատել բոլորի հետ: Ինչ վերաբերում է որոշ ուժերի` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խզում առաջացնելու ցանկությանը, ապա նախ պետք է քննարկել, թե Ռուսաստանից հետ քաշվելու դեպքում «ովքեր են հերթ կանգնած մեզ հետ բարեկամություն անելու համար»: Ընդհանրապես, ՀՀԿ նախագահի կարծիքով, համագործակցությունը Արեւմուտքի հետ չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի: Ռուսաստան - Վրաստան հարաբերությունների համատեքստում էլ, ըստ Աբրահամյանի, որեւէ կողմի դիրքորոշումը չպետք է վնասի Հայաստանին: «Հայաստանը Վրաստանի առնչությամբ պետք է հստակ դիրքորոշում ունենա», նշեց Արա Աբրահամյանը, հավելելով, որ, օրինակ, Վերին Լարսի անցակետի փակման պարագայում Ռուսաստանն ու Վրաստանը պետք է հաշվի առնեին, որ այդ կերպ Հայաստանն է զրկվում ցամաքային ճանապարհից: Բայց դրա մասին պետք էր մտածել մինչեւ փակվելը, այլ ոչ թե հետո լուծումներ փնտրել:
Բնականաբար, Ռուսաստանի հայերի միության նախագահն անդրադարձավ ՌԴ-ում էթնիկ հիմքով սպանություններին: Արա Աբրահամյանի հիմնական դիտարկումն այն էր, որ սպանությունները ոչ թե ուղղված են հայերի դեմ, այլ ֆաշիստական եւ նմանօրինակ գաղափարներով տարվածների զոհ են դառնում այսպես կոչված կովկասյան ազգության ներկայացուցիչները: «Մեկ հայն էլ շատ է, որ սպանվում է», նշեց Արա Աբրահամյանը` ավելացնելով, որ ՌՀՄ-ն հետեւում եւ մշտապես արձագանքում է էթնիկ հիմքով սպանություններին:
ՌՀՄ-ն աջակցում է տուժածներին` ընդհուպ փաստաբանական ծառայություններ տրամադրելը: ՌՀՄ ջանքերով բացահայտվել են որոշ սպանություններ, դրանց տրվել են ճիշտ եւ արդարացի գնահատականներ: Ինչ վերաբերում է այսպես կոչված կովկասյան ազգերի ներկայացուցիչների սպանությունների որոշ դեպքերի, երբ ռուսաստանյան իրավապահներն այլ որակումներ են տալիս, բայց ոչ իրականությանը համապատասխանող, պրն Աբրահամյանը նշեց, որ խնդիրներ կան իրավապահ մարմիններում, երիտասարդության եւ հասարակության մեջ, բայց դա չի նշանակում, թե ՌԴ իշխանությունները խրախուսում են այդ երեւույթները: Ի դեպ, ՌՀՄ-ն քննադատությամբ եւ հայտարարություններով հանդես է գալիս ոչ միայն հայերի, այլեւ օտարազգիների սպանությունների դեպքում, հատկապես երբ իրավապահ մարմինները, ասենք վերջին դատավարության նման 17 մեղադրյալից 15-ին բաց են թողնում, իսկ մնացյալ երկուսի համար սպանությունը վերաորակավորում են որպես խուլիգանություն: ՌՀՄ-ն իրականացնում է ավելի լայնամասշտաբ միջոցառումներ` դասախոսություններ, զանգվածային քննարկումներ` ռուսաստանյան հասարակությանը ներկայացնելու, թե ովքեր են հայերը:
Ռուսաստանում հայերի սպանություններին վերաբերմունք արտահայտելու առումով Արա Աբրահամյանը տարբերակում մտցրեց: Ըստ Աբրահամյանի, երբ սպանվում է Հայաստանի քաղաքացի, այդ դեպքում Հայաստանի իշխանությունները եւ մասնավորապես ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պետք է վերաբերմունք արտահայտեն, իսկ երբ նման դեպք է պատահում ՌԴ քաղաքացի ազգությամբ հայի հետ, այդ ժամանակ ՀՀ իշխանությունների կեցվածքը ճիշտ է, քանի որ դա Ռուսաստանի ներքին հարցն է, որին անշուշտ մենք ազատ ենք մեր գնահատականը տալ:
Մուրմանսկում ՌՀՄ ստորաբաժանման ղեկավար Արթուր Հարությունյանի վերջերս տեղի ունեցած սպանության առնչությամբ Արա Աբրահամյանը նշեց, որ դա մեծ կորուստ էր, Հարությունյանը մեծ աշխատանք էր տանում համայնքի կազմակերպման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով: Սպանության դրդապատճառների մասին խոսելը, ըստ Աբրահամյանի, վաղ է, քանի որ տարվում է քննություն, սակայն ավելի հավանական է սպանության` բիզնեսով պատճառաբանված լինելու տարբերակը:
Լրատվամիջոցները հետաքրքրվեցին նաեւ սպասվող ընտրություններին Արա Աբրահամյանի մոտեցումներով: ՌՀՄ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության մոտ 500 հազար քաղաքացիները, որ ներկայումս ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, կարիք ունեն Հայաստանում քաղաքական ուժերի, ծրագրերի ու քաղաքական հայացքների ներկայացման: Ըստ այդմ, ՌՀՄ-ը ի դեմս կազմակերպության անդամ ՀՀ քաղաքացիների իր դիրքորոշումները սպասվող ընտրությունների կապակցությամբ կարտահայտի եկող տարի:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչ պատասխան ունի «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանի վերջին հարձակումներին, ՌՀՄ առաջնորդը պատասխանեց. «Ես նման անլուրջ, անհավասարակշիռ եւ պոռոտախոս մարդկանց չեմ պատասխանում»: