Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին 18 գրոսմայստերներ: Նրանցից 9-ը Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցներն էին, որոնց թվում էր այդ մրցաշարում Պոնոմարյովի եւ Լեկոյի հետ 1-3-րդ տեղերը բաժանած Լեւոն Արոնյանը: Անհատապես կայծակնային մրցաշարին մասնակցելու հրավեր էին ստացել Անատոլի Կարպովը, Վիշվանաթան Անանդն ու Հուդիթ Պոլգարը: Մյուս վեց մասնակիցները` Թեյմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Յակովենկոն, Վիկտոր Բոլոգանը, Արտյոմ Տիմոֆեեւն ու Բայադուր Ջոբավան այդ իրավունքը նվաճել էին 40 գրոսմայստերների միջեւ անցկացված ընտրական մրցաշարում:
Կայծակնային մրցաշարն անցկացվեց 2 օրում, 2 շրջանով: Բոլորից հաջող հանդես եկավ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը 34 պարտիաներում վաստակեց 23 միավոր եւ ճանաչվեց Միխայիլ Տալի գավաթի խաղարկության հաղթող: Նրանից 2 միավորով հետ մնաց Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերին կեսական միավորով զիջեցին 3-4-րդ տեղերը բաժանած ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Նշենք, որ առաջին շրջանի ավարտից հետո էլ մրցաշարային աղյուսակը գլխավորում էր Վիշվանաթան Անանդը, որը 17 հնարավորից վաստակել էր 13 միավոր: Լեւոն Արոնյանը Շահրիյար Մամեդյարովի հետ 12 միավորով 2-3-րդ տեղերն էր բաժանում: Լեւոնը հաղթանակներ տոնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, հունգարացի Պետեր Լեկոյի, Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի, Դմիտրի Յակովենկոյի, Ալեքսանդր Մորոզեւիչի, Արտյոմ Տիմոֆեեւի, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի, մոլդովացի Վիկտոր Բոլոգանի եւ վրացի Բայադուր Ջոբավայի նկատմամբ, ոչ-ոքի ավարտեց պարտիաները հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի, նորվեգացի Մագնուս Կառլսենի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ հունգարացի Հուդիթ Պոլգարի հետ: Առաջին շրջանում Լեւոնը կրեց 3 պարտություն` զիջելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ուկրաինացի Սերգեյ Կարյակինին եւ ռուսաստանցի Անատոլի Կարպովին:
Երկրորդ շրջանում առաջատարներն ավելի քիչ միավորներ վաստակեցին: Անանդն իր օգտին գրանցեց 10 միավոր, Արոնյանը` 9: Անանդի հետ 2-րդ շրջանի պարտիան էլ Լեւոնն ավարտեց ոչ-ոքի: Արոնյանը հաղթանակներ տոնեց Մամեդյարովի, Կառլսենի, Գելֆանդի, Պոնոմարյովի, Կարպովի, Ջոբավայի եւ Տիմոֆեեւի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին Լեւոնի պարտիաները Ռաջաբովի, Մորոզեւիչի եւ Պոլգարի հետ, մյուս հանդիպումներում հայ գրոսմայստերը պարտվեց: Ամփոփելով մոսկովյան մրցաշարում Լեւոն Արոնյանի ելույթները, պետք է արձանագրենք նրա վստահ խաղը 2 մրցաշարում էլ: Լեւոնը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այսօր աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ