Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը պաշտոնապես ավարտվեց անցումային մրցախաղով: Մրցակարգի համաձայն, բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար ուժեղագույնների խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրած «Ուլիսը» անցումային խաղում ուժերը չափեց առաջին խմբում 2-րդը ճանաչված «Դինամոյի» հետ:
Առաջ անցնելով նշենք, որ բարձրագույն խմբի ներկայացուցիչը բոլոր առումներով գերազանցեց առաջին խմբի թիմին` վստահ հաղթանակ տոնելով 4-2 հաշվով: ճիշտ է, խաղի ընթացքում երկու անգամ «Ուլիսը» հայտնվել էր հետապնդողի դերում: Հաշիվը 11-րդ րոպեին բացեց դինամոյական Մաթեւոս Երեմյանը: Ճիշտ է, ընդամենը 2 րոպե անց Վահրամ Լոբյանը հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն այն ընդամենը մեկ րոպե պահպանվեց. անկյունայինի խաղարկումից հետո դինամոյական Սերգեյ Մկրտչյանը կրկին առաջ մղեց իր թիմին: Ընդմիջումից հետո «Ուլիսի» առավելությունն արդեն ակնհայտ էր եւ բարձրագույն խմբի ներկայացուցիչը կարողացավ 3 գոլ խփել: 2 անգամ աչքի ընկավ Սերգո Դալլաքյանը, մեկ գնդակ էլ խփեց Վահրամ Լոբյանը:
Այսպիսով, «Ուլիսը» հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգա ուժեղագույնների խմբում: Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի ուղեգիր է նվաճել առաջին խմբի հաղթող «Լեռնային Արցախը»: Այնպես որ հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում պետք է հանդես գա 9 թիմ: Սակայն բացառված չէ, որ հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբի թիմերի քանակն ավելանա: Մասնավորապես, Հայաստան է վերադարձել «Երեւան յունայթեդի» սեփականատեր Տիգրան Հովիվյանը, որը ցանկանում է կրկին հովանավորել թիմին: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում նա հիմնել էր «Երեւան յունայթեդ» ակումբը եւ թիմը հաջողությամբ հանդես էր գալիս Հայաստանի առաջնության առաջին խմբում` պայքար մղելով բարձրագույն խմբի ուղեգրի համար: Սակայն ընթացքում ֆինանսական խնդիրներ ծագեցին, որի հետեւանքով թիմը կորցրեց մարտունակությունը եւ չկարողացավ ուղեգիր նվաճել: Այնուամենայնիվ, ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը բավարարելով «Երեւան յունայթեդի» ղեկավարության խնդրանքը, թիմին թույլատրել էր ընթացիկ մրցաշրջանում հանդես գալ բարձրագույն խմբում: Սակայն կրկին ֆինանսական խնդիրներ ծագեցին եւ «Երեւան Յունայթեդը» մեկամյա խաղադադար վերցրեց: Թե ինչպիսին կլինի թիմի հետագա ճակատագիրը, դժվար է կանխագուշակել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ