Այսօր Լիբանանի ազգային տոնն է, արաբական այս երկիրը տոնում է իր անկախության 63-րդ տարին: Հայերի ներկայությունը Լիբանանում դարերի վաղեմություն ունի: Սակայն լիբանանյան հողը մեզ համար կարեւորվեց 1915 թ.-ի Հայոց մեծ եղեռնից եւ Կիլիկիայի հայաթափությունից հետո, երբ կառավարությունը բազմահազար մազապուրծների օթեւանեց եւ սոցիալ-տնտեսական բնականոն կյանքի պայմաններ ստեղծելովՙ օգնեց նրանց վերընձյուղվել-վերականգնվելու եւ երկրի հասարակական կյանքի մեջ ներգրավվելու: 1915 թվականը հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ արձանագրեց նորՙ սփյուռքահայի կարգավիճակ: Աշխարհասփյուռ հայությունն ամեն երկրում սկսեց կերտել իր նոր, ուրույն պատմությունն ու նկարագիրը, սակայն լիբանանյան հողը նպաստաբեր եղավ ավելի եւ այս երկրում էր, որ հայությունն ունեցավ ամենակազմակերպված եւ հոծ գաղութը: Մինչեւ 1975 թ.-ի լիբանանյան պատերազմը Բեյրութը համարվում էր սփյուռքահայության մայրաքաղաք-կենտրոնը: Այդ շրջանում ավելի քան 250.000 լիբանանահայությունը, օգտվելով երկրի կառավարության եւ ժողովրդի բարեհաճ վերաբերմունքից, լավագույնս կարողացավ կազմակերպել ներհամայնքային կյանքըՙ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ եկեղեցական, մշակութային, կրթական:
Նաեւ շնորհիվ տեղաբնակների հետ հրաշալի համակեցության, ավելի քան 40 կրթարաններով, 30-ից ավելի պարբերականներով, ազգային-բարեսիրական միություններով ու կազմակերպություններով, եկեղեցական կառույցներով, հիրավի, ստեղծվել էր մի փոքրիկ Հայաստան: Սփյուռքահայ մտավորական-մշակութային ասպարեզի շատ ու շատ գործիչներ, նշանավոր հայորդիք ծնունդով Բեյրութից են: Պատերազմական շրջանում եւ դրանից հետո լիբանանյան համայնքը աստիճանաբար նոսրացավ. նրանք արտագաղթեցին հիմնականում Ամերիկա եւ Եվրոպա, սակայն այսօր էլ լիբանանահայերն ազդեցիկ տիրապետություն ունեն ամենուրեքՙ ե՛ւ մշակութային, ե՛ւ առեւտրաարդյունաբերական մարզերում: Այդուհանդերձ, սփյուռքահայ գաղթօջախների մեջ լիբանանահայությունն առանձնանում է ազգային նկարագիր ու դիմագիծ պահպանելու ավանդականությամբ:
Երեկ Հայ-լիբանանյան բարեկամության վարչության կազմակերպությամբ նշվեց Լիբանանի անկախության 63-րդ տարեդարձը: Միջոցառմանը հրավիրված էր Հայաստանում Լիբանանի դեսպան Գաբրիել Ժեարան իր տիկնոջ հետ: Վարչության նախագահ, երգահան Վլադիլեն Բալյանը ողջունեց դեսպանինՙ շնորհավորելով հայրենիքի անկախության օրվա առթիվ: Պրն դեսպանը գոհունակությամբ նշեց, որ արդեն 4-րդ տարին այստեղ նշվում է այս տոնը եւ հիշեց օրեր առաջ Երեւանի օպերային թատրոնում կազմակերպված «Քեզՙ Լիբանան» բարեգործական համերգը: Նա նկատեց, որ Լիբանանում ապրող հայերը որպես երկրի լիարժեք քաղաքացիներ, ակտիվորեն մասնակցում են Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքին, եւ էական ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Ինքը մասնավոր վերաբերմունք ունի Հայաստանի եւ հայերի հանդեպ ու հավասարապես կարեւորում է երկու երկրների բարգավաճումն ու փոխադարձ բարեկամական հարաբերությունները:
Միջոցառման բուն էությունը գեղարվեստական հայտագիրն էր, որ բացվեց ԱՕԿՍ-ի նախասրահում կազմակերպված Հակոբ Թամազյանի նկարչական աշխատանքներովՙ նաեւ լիբանանյան տպավորությունների, ապա դահլիճում շարունակվեց երաժշտական մասը: Ելույթներ ունեցան թառահարներ Հովհաննես Դարբինյանը եւ Հակոբ Թամազյանը, դուդուկահար Գեորգի Մինասովը, միջազգային մրցույթների դափնեկիր երգիչ Արսեն Սողոմոնյանը, ներկայացվեցին նաեւ հայկական եւ արաբական ժողովրդական պարեր:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ