«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2006-11-18 | #222, 2006-11-21 | #223, 2006-11-22


ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Այս կարծիքին է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստան-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, որից հետո լրագրողներին հանդիպած զույգ խորհրդարանների նախագահներ Տիգրան Թորոսյանն ու Աշոտ Ղուլյանը շատ օգտակար, արդյունավետ եւ հագեցած գնահատեցին նիստի ընթացքում ծավալված քննարկումները: Համատեղ նիստը ավելի շատ տեղեկատվություն փոխանակելու նպատակով էր, իսկ հաջորդ նիստն արդեն տեղի կունենա եկող տարի գարնանը, Ստեփանակերտում: Իսկ Երեւանում տեղի ունեցած այս նիստի ամենահրատապ հարցը հակամարտությունների, մասնավորաբար ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանն էր վերաբերում եւ անցկացվեց փակ դռների հետեւում, որի մասին էլ հենց հարցեր ուղղվեցին զույգ նախագահներին:

Ընդունելի՞ են արդյոք բանակցային սեղանին դրված սկզբունքները, եւ ինչպես է վերաբերվում Աշոտ Ղուլյանը այն հայտարարություններին, որ հայկական կողմը պատրաստ է վերադարձնել 6 տարածքները, իսկ Լաչինի միջանցքը դեռեւս քննարկման առարկա է: Ըստ Ա. Ղուլյանի նման արտահայտություններ չեն եղել, սկզբունքները հիմնականում ներառում են ամբողջ այն հարցաշարը, որն իսկապես հակամարտության կարգավորման համապարփակ լուծում է իրենից ներկայացնում, սակայն բանակցային փաստաթղթերի մինչեւ վերջ չգաղտնազերծվելը դժվարացնում է կողմնորոշվելը եւ կոնկրետ տեսակետ հայտնելը այս կամ այն սկզբունքի շուրջը:

Տ. Թորոսյանն էլ առիթն օգտագործեց փոխանցելու ԼՂՀ իր գործընկերների դժգոհությունը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ոտնձգություններ են կատարում ԼՂՀ տարածքի նկատմամբ, եւ հաճախ ԼՂՀ տարածքը ներկայացվում է որպես ԼՂԻՄ տարածք: Մինչդեռ ԼՂՀ-ն հռչակել է իր սահմանները պարզորոշ:

Երեւանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներին հանդիպելո՞ւ է Ա. Ղուլյանը. այդպիսի պայմանավորվածություն չի եղել, նրանք տարածաշրջանում են երկու երկրների նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Բայց նախատեսվում է ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպումը ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Նախատեսվող Քոչարյան-Ալիեւ հանդիպումից ինչ ակնկալիքներ կան, հատկապես վերջին շրջանում լավատեսական կարծիքների ֆոնին, թե մի շարք հարցերում պայմանավորվածություններ ձեռք են բերվում. Ա. Ղուլյանը չէր հիշում բանակցային գործընթացում որեւէ հանդիպում, որի նախօրեին հոռետեսական տրամադրություններ լինեին եւ որոշակի հույսեր չկապվեն: Այս իմաստով առաջիկա հանդիպումը նույնպես խորքում ունի որոշակի հույսեր, սակայն հաշվի առնելով նախնական այն զարգացումները, որոնք մինչեւ հիմա եղել են, խորհուրդ տվեց զգուշավոր լավատեսությամբ վերաբերվել տեղի ունենալիք հանդիպմանը` 50:50. կարող է եւ ստացվել, եւ չստացվել: Տ. Թորոսյանը մեծ սպասելիքներ չուներ, որովհետեւ մի շարք գործոններ ցույց են տալիս Ադրբեջանի իրական վերաբերմունքը խնդրի կարգավորման հանդեպ. «Եթե մի երկրում շարունակվում է ատելության քարոզը, ռազմական ծախսերի անհագուրդ աճ է արձանագրվում, ես չեմ կարծում, որ այդ երկիրը պատրաստ է խնդրի կարգավորմանը: Մյուս կողմից, բազմիցս ականատես ենք եղել այն փաստին, որ նախապատրաստական շրջանում ադրբեջանցիները փակ դռների հետեւում իրենց համաձայնությունն են հայտնում տարբեր մոտեցումների վերաբերյալ, հետո, երբ արդեն գործընթացը մոտենում է հրապարակայնությանը, հրաժարվում են այն մոտեցումներից, որոնց հետ կապված համաձայնություններ էին հայտնել: Ահա այս պարագայում եթե անգամ փոքրիկ առաջընթաց լինի` սա կարելի է արդեն իսկ որպես հաջողություն արձանագրել: Բայց վերջնական հստակեցում, վստահ եմ, որ չի լինի»:

Հանձնաժողովի օրակարգային` հակամարտությունների կարգավորման վերաբերյալ քաղաքական քննարկումների թեմայով հարցին պատասխանելով Տ. Թորոսյանը նկատեց, որ փորձ է արվել ուրվագծել հակամարտության կարգավորման ապագան, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս թեմայով ավելի ակտիվ դարձնել միջխորհրդարանական քննարկումները. հարցը, ճիշտ է, խորհրդարանները չեն լուծում, բայց եւ առանց խորհրդարանների համաձայնության եւ առանց հանրաքվեի պարզապես անհնարին է վերջնական լուծում պատկերացնել: Ա. Ղուլյանն էլ տեղեկացրեց, որ լսել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի տեղեկատվությունը ընդհանրապես հակամարտությունների կարգավորման այսօրվա մեթոդոլոգիայի եւ տարածաշրջանային զարգացումների մասին, եւ իրենք էլ մեր ԱԺ-ին, տեսակետ հայտնելու համար, փոխանցել են ԼՂՀ ԱԺ-ում ապրիլին հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների եզրակացության նախագիծը, որը նախնական հավանության է արժանացել խումբ-խմբակցությունների կողմից:

Մեր հարցին ի պատասխան, թե ե՞րբ անհրաժեշտություն կծագի ԼՂՀ մասնակցության համար բանակցային գործընթացում, Ա. Ղուլյանը նկատեց. «Երբ որ Ադրբեջանն իսկապես հասունանա խնդրի լուծման համար, եւ դա լինի ոչ միայն ցանկություն, այլեւ քաղաքական կամք, այն ժամանակ Ղարաբաղն իսկապես կմասնակցի: Ղարաբաղի մասնակցությունն ինքնանպատակ լինել չի կարող, այսինքնՙ մենք չպետք է բանակցությունների մասնակցենք հենց այնպես, որ ասենք, թե Ղարաբաղն էլ է բանակցային կողմ... Այսօրվա իրավիճակը Ադրբեջանի հավակնություններից ելնող իրավիճակ է, որը կարծես թե ավելի է նեղացրել բանակցային շրջանակը: Ղարաբաղյան կողմի մասնակցությունն անպայման պետք է լինի բանակցային գործընթացի ընթացքում, որը նաեւ ցույց կտա, որ բանակցային գործընթացը մտել է գործնական կարգավորման փուլ»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4