Անցած շաբաթ օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Լոռու մարզային մարաթոն-դրամահավաք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` ԼՂՀ Հադրութի տարածաշրջանի զարգացման նպատակով:
Դրամահավաքին մասնակցել են տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ, կրթօջախներ, մարզի համայնքներ, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացանք արձանագրային հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանից` նոյեմբերի 18-ին հանգանակվել է 3 մլն 606 հազար 550 դրամ: Ներկայացված փաստաթղթերով եւ հեռախոսային հավաստիացումներով բանկային հատուկ հաշվեհամարին փոխանցված ընդհանուր գումարը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 2 մլն դրամ:
- Փոխանցումները եւ հավաքումը կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 30-ը,- մեր զրույցի ժամանակ ասաց Մ. Խաչատրյանը` ավելացնելով, որ չնայած նախապատրաստական ծավալուն աշխատանքներին, հավաքված գումարի չափը գոհացուցիչ չէ:
Ավելացնենք, որ «Լոռու դպրոց» եւ «Լոռու արտակարգ իրավիճակներ» հիմնադրամները փոխանցել են 200 հազարական դրամ, «Մատինյանի նշխար» ընկերությունը, Լոռու մարզի դատախազությունը եւ Վանաձորի թիվ 11 դպրոցը` 100 հազարական, թիվ 4 դպրոցը` 84 հազար, թիվ 25 դպրոցը` 86 հազար, Սպիտակի թիվ 3 դպրոցը` 70 հազար, Տաշիրի թիվ 2 դպրոցը` 78 հազար, Դսեղի միջնակարգ դպրոցը` 60 հազար, ՀՍԻԿ-ը` 50 հազար դրամ:
Համեմատաբար խոշոր գումարներ փոխանցած կազմակերպությունները ըստ Մ. Խաչատրյանի վերոհիշյալներն են:
Ինչ վերաբերում է Վանաձորի եւ մարզի փողատեր այն գործարարներին, ովքեր չմասնակցեցին դրամահավաքին, նրանց խորհուրդ կտայինք պատեհ-անպատեհ հայրենասիրական ճառեր արտասանելուց բացի մեկ-մեկ էլ գործով ապացուցել իրենց ասածը: Ջիպերով ու մերսեդեսներով շրջելը, թանկարժեք «օբյեկտներում» զվարճանալը, մեկ-մեկ էլ չնչին բարեգործություններ անելը դեռեւս բավական չեն ոչ պարծենալու, ոչ էլ բարեգործի պատրանք ստեղծելու համար:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ