«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2006-11-18 | #222, 2006-11-21 | #223, 2006-11-22


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՔԻՉ ԱՌԻԹՆԵՐ ՏՎԵՑ

Միջազգային մրցասպարեզում մեր թիմերը մրցունակ չեն

Ավարտվեց ֆուտբոլային եւս մեկ մրցաշրջան Հայաստանում: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ ֆուտբոլիստներն առանձնակի ուրախանալու առիթներ չունեցան թե ներքին առաջնությունում, թե միջազգային մրցաշարերում:

Սկսենք ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Դեռեւս անցած մրցաշրջանի ավարտից հետո նախատեսվում էր, որ առաջնությանը պիտի մասնակցի 10 թիմ: Սակայն «Էսթեղլալ- Կոտայքի» իրանցի հովանավորները մինչեւ վերջին պահը խոստումներ տալով, այդպես էլ չֆինանսավորեցին բավական մարտունակ կոլեկտիվ դարձած «Կոտայքին» («Էսթեղլալ» անվանումը թիմին կցվել էր ի պատիվ իրանցի հովանավորների) եւ թիմը լուծարվեց: «Երեւան յունայթեդի» հիմնադիր Տիգրան Հովիվյանն էլ ֆինանսական միջոցներ չգտնելով, ստիպված էր հրաժարվել առաջնությանը մասնակցելու թիմին տրված իրավունքից:

Այսպիսով, այս տարվա առաջնությունն անցկացվեց 8 թիմերի մասնակցությամբ: Թվում է, թե չորս շրջանով անցկացվող մրցաշարում բավական համառ ու անհաշտ մրցակցություն կծավալվի ինչպես չեմպիոնի ու մրցանակային տեղերի, այնպես էլ մյուս հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար: Մեկնարկը հուսադրող էր: Բավական մարտունակ կոլեկտիվ էր ձեւավորվել բարձրագույն խմբի նորեկ Կապանի «Գանձասարում», հաջող էր մեկնարկել «Կիլիկիան», «Արարարտն» էլ վերադառնալով բարձրագույն խումբ, իր առջեւ լուրջ խնդիրներ էր դրել` զգալիորեն համալրելով կազմը: Նման պայմաններում, թվում էր, որ երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկին» լուրջ մրցակցություն է սպասվում իրենց կազմը լեգեոնականներով համալրած «Միկայի» եւ «Բանանցի» հետ մրցավեճում: Սակայն, ցավոք սպասելիքները չարդարացան: Շուտով «Փյունիկը» սկսեց ավելացնել միավորների տարբերությունը «Միկայից» եւ «Բանանցից», որի արդյունքում դեռեւս առաջնության ավարտից բավական ժամանակ առաջ արդեն փյունիկցիների հերթական չեմպիոնությունը կասկած չէր հարուցում: «Արարատն» էլ բավական հետ էր մնացել առաջատար եռյակից: 2-րդ շրջանի ավարտից հետո արարատցիները 10 միավորով զիջում էին 3-րդ տեղում գտնվող «Բանանցին»: Ֆինանսական խնդիրների պատճառով կրկին իր հնարավորություններից ցածր հանդես եկավ «Շիրակը», իսկ նորաստեղծ «Ուլիսն» էլ թեեւ համառ մրցապայքարում, սակայն զիջում էր մրցակիցներին:

Առաջնության 2-րդ կեսում շնորհիվ «Արարատի» հաջող մրցելույթների , որի ղեկը ստանձնել էր Վարուժան Սուքիասյանը, պայքարը արծաթե եւ բրոնզե մեդալների համար բավական թեժացավ եւ գոնե այս առումով առաջնության վերջնամասը հետաքրքրական ստացվեց:

Եթե ամփոփելու լինենք առաջնության արդյունքները, ապա պետք է նշենք հանդիպումների ոչ մեծ դիտարժանությունը, թիմերի խաղամակարդակների զգալի տարբերությունը, որի պատճառով հաճախ գրանցվում էին ոչ ֆուտբոլային հաշիվներ: Վարպետության առումով էլ ֆուտբոլիստների մոտ առանձնակի աճ չգրանցվեց: Ուստի նույնիսկ մասնագետներն են դժվարանում նշելու առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակին: Չկար մեկը, որն իր վառ խաղով առանձնանար մյուսներից եւ անվերապահորեն լիներ լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը: Հենց թիմերի խաղամակարդակների զգալի տարբերությամբ էլ պետք է բացատրել միավորների նման անհավասարաչափ բաշխումը մրցաշարային աղյուսակում:

Միջազգային մրցասպարեզներում մեր թիմերի եւ հավաքականների ելույթները հերթական անգամ խորը հիասթափություն պատճառեցին հայ ֆուտբոլասերներին: Եվրոգավաթների մրցաշարում մեր ակումբներն իրենց դժգույն խաղով առաջին իսկ փուլից դուրս մնացին հետագա պայքարից: Նույն բախտին արժանացան նաեւ մեր պատանեկան եւ երիտասարդական հավաքականները: Իսկ ազգային հավաքականն էլ կրկին ձախողվել է Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում` Ադրբեջանի հավաքականի հետ եզրափակելով ընտրական խմբի աղյուսակը: Մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց ընթացիկ մրցաշրջանում գեթ մեկ գոլ խփել մրցակիցների դարպասը: Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են, արդյունքներն էլ հայկական ֆուտբոլի ընդհանուր տխուր իրավիճակի վառ վկայությունն են:

Ֆուտբոլային յուրաքանչյուր նոր մրցաշրջանի շեմին, յուրաքանչյուր մրցաշարի մեկնարկին հայ ֆուտբոլասերները կրկին հավատով են լցվում, սակայն ցավոք ամեն անգամ նրանց սպասելիքները չեն իրականանում: Այս տարին եւս բացառություն չկազմեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4