Երեկ «Ուրբաթ» ակումբում, պատասխանելով «Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ քաղաքական պատկեր է տեսնում 2007-ի խորհրդարանում, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպիսի պատկեր գծեց. ապագա խորհրդարանում կլինեն Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Ազգային միաբանությունը» եւ ՀԺԿ-ն: ՀՅԴ-ն` անպայման, քանի որ նրա այցեքարտն ընդգրկուն է, ՕԵԿ-ը կերպարանափոխության գործընթացում է, բայց ընտրազանգված ունի: «ՄԱ՞Կ-ը», հարցին ի պատասխան` Գ. Սահակյանը կատակեց. «Ո՞ր ՄԱԿ-ի մասին է խոսքը»: ՀՀՇ-ն, նրա կարծիքով, այսօր էլ խորհրդարանում է, սպասել է պետք տեսնելու` կառուցողական կլինի՞ նա, թե ոչ: Նա նկատեց, որ չի տեսնում այն քաղաքական ուժը, որին կարելի է փոխանցել իշխանությունը, եւ հատկապես ընդդիմությանն ուղղեց խոսքը` թե թող համոզեն, եւ մենք էլ տեսնենք, որ իշխանությունը կարելի է տալ այլ քաղաքական ուժի: Ինչպես եւ մյուս կուսլիդերները, գոնե հայտարարությունների մակարդակով ՀՀԿ խմբակցության ղեկավարը արդար անցկացված ընտրությունների կողմնակից է, նշելով, որ բոլոր կուսակցություններն են ցանկություն հայտնում ընդունելի չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել: Բայց արդարություն կարելի է ապահովել միայն մնացած քաղաքական ուժերի աջակցությամբ, եւ ընտրությունների նախօրեին բոլոր քաղաքական ուժերը, այդ թվումՙ ընդդիմությունը, պետք է հայտարարեն իրենց ռեսուրսների մասին` նշելով, թե ո՞ր ընտրատարածքներում կարող են արդար ընտրություններ ապահովել: Միմյանց հայհոյելու, միմյանց վարկաբեկելու փոխարեն քաղաքական ուժերը պետք է հանդես գան սեփական ծրագրերով: Ընտրակեղծիք կատարելու մեջ շահագրգիռ են անհատներ, որոնց արածի համար չպետք է ողջ կուսակցությունը պատասխանատու լինի: Նախագահական պաշտոնի արժանի թեկնածուի մասին Գ. Սահակյանը կխոսի միայն 2007 թվականի հունիսին: Սակայն այսօր ավելի շատ ոչ թե քաղաքական խոսքուզրույց է (Գ. Սահակյանն այստեղ ասաց իր սիրած «գործառույթներ» բառը), այլ հայհոյանքներ, դա էլ նրանից է, որ քաղաքական դաշտում եւ մամուլում նյութի պակասություն է, եւ ամեն առիթով մամուլը փորձում է սկանդալային վիճակներ ստեղծել: «Եթե ընտրապայքարն էլ էսպես հայհոյանքներով անցնի, մենք արդար եւ օրինական ընտրություններ չենք տեսնի, որովհետեւ լարվածությունը ընտրություններին մոտ օրերին եւ բուն ընտրության օրը բավականին ցնցումներ կառաջացնի: Այդ է պատճառը, որ մենք վերապահումներով ենք մոտենում բոլոր քննարկումներին կամ մեր նկատմամբ ասված խոսքերին, որպեսզի ավելի բորբոքուն չդարձնենք քաղաքական դաշտը»:
Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված` տարածքները վերադարձնելու մասին հարցին պատասխանելով նա նկատեց, որ ոչ միայն տարածք չեն հանձնելու, այլեւ ավելի ոգեւորված առաջ գնաց, թե մի բան էլ դեռ վերցնելու են` Արեւմտյան Հայաստանի հողերը: Եվ պարզեցրեց Հանրապետականի դիրքորոշումը. նախ Ղարաբաղի կարգավիճակը, ապա բանակցային գործընթաց: «Բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, համենայն դեպս հակված կլինենք, որ ժողովրդին ոտքի հանենք հարցի լուծման ավելի բարենպաստ պայմաններ ունենալու համար», ասաց նա:
Ընդհանրապես` Ղարաբաղի հարցի լուծում Գ. Սահակյանն առաջիկա տարիներին չի տեսնում, վերջնական լուծումն, ըստ նրա, հնարավոր է միայն 2012 թվականին, իսկ մինչ այդ գուցե որոշակի արդյունքներ ուղղակի գրանցվեն կամ ինչ-որ մոտեցումներ ձեւավորվեն. «Այս պահին ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ որեւէ երկիր մեզանից ակնկալիք չունի», ասաց նա` նկատի ունենալով, որ նախընտրական ժամանակ է: Իսկ ընտրություններից հետո (երեւի նախագահական ընտրությունները նաեւ նկատի ուներ-Մ.Խ.) նոր նախագահին ժամանակ հարկավոր կլինի, մինչեւ ծանոթանա իրավիճակին եւ ներգրավվի բանակցություններում: Իսկ 2012 թվականին սերնդափոխություն կլինի, հաջորդ սերունդը կգա իշխանության, որն ավելի անկաշկանդ ու ավելի վճռական որոշումներ կկայացնի: Գ. Սահակյանը կոչ արեց քաղաքական ուժերին, որպեսզի նախընտրական տարում Ղարաբաղը շահարկման առարկա չդարձնեն:
Լրագրողներից մեկը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ նա ասել էր ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, թե նախնական արդյունքները 3 ամիս անց տեսանելի կլինեն, արդյոք Գ. Սահակյանը տեսե՞լ է այդ արդյունքները. «Նախնականն էլ ենք տեսել, վերջնականն էլ ենք տեսնելու. դա սալորն է, դեղձն է, ծիրանն է, մի խոսքով` համով մրգեր են»: Թե կոնկրետ ի՞նչ քաղաքական համարժեքներ էին այդ մրգերի հետեւում` Գ. Սահակյանը չմանրամասնեց:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ