«Առաքելություն Արեւելք»-ը` Հայաստանին
Մարդասիրության ու բարեսիրության` մեր ժամանակներում մոռացության տրվող արժեքների ջատագովներից ու իրագործողներից է դանիացի Կիմ Հարցները, որ մերժելով մարդկային հասարակության մեջ տիրապետող սպառողական հոգեբանությունը, թողել է բարեկեցիկ Եվրոպան եւ ընտանիքի` կնոջ, մոր եւ երեք որդիների հետ տեղափոխվել Հայաստան:
«Առաքելություն Արեւելք»-ը միջազգային օգնության եւ զարգացման կազմակերպություն է, որ մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացնում արեւելյան մի շարք երկրների` Հայաստանի, Բուլղարիայի, Նեպալի, Աֆղանստանի, Ռումինիայի եւ Տաջիկստանի բնակչության անապահով շրջանակներում: 1991 թ. հայր եւ որդի Ռենե եւ Կիմ Հարցներների հիմնադրած «Առաքելություն Արեւելք» կազմակերպության ներկայիս գործադիր տնօրեն Կիմ Հարցների համար Հայաստանը վաղուց առանձնահատուկ տեղ ունի, քանի որ առաջին երկիրն էր, որտեղ կազմակերպությունն իրականացրեց իր աշխատանքները ամենադժվարին տարիներին` 1992-ին սննդի բաշխման ծրագիր իրականացրեց եւ հիմնեց հիվանդանոց, հետագայում սննդի մեծաքանակ օգնություն տրամադրեց Սյունիքին եւ հեռավոր այլ մարզերի կարիքավոր բնակչությանը:
Վերջին շրջանում «Առաքելություն Արեւելք»-ը աշխատանքներ է կատարում Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների հանդեպ ուշադրության բարձրացման ուղղությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել հատուկ կրթության կարիք եւ ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ուսման ընթացքը: Հաջորդ` «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը աջակցում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` նման երեխաների համար ապահովելու հավասար մուտք կրթական համակարգ, ինչպես նաեւ այդ աշակերտների համար ստեղծել առողջ եւ համապատասխան գույքով համալրված ուսումնական միջավայր:
Կազմակերպության` «Առողջ սկիզբ Հայաստանում հաշմանդամ երեխաների շահերի պաշտպանություն» ծրագրի էությունն է` փոխել հասարակության վերաբերմունքը եւ առողջապահական ոլորտի մասնագետների մոտեցումը մտավոր թերզարգացած եւ հաշմանդամության պատճառով որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց նկատմամբ: Այս ուղղությամբ նրանք աշխատանքներ են կատարում Արմավիրի մարզի բնակչության հետ:
Ծրագրերի իրագործման ճանապարհին «Առաքելություն Արեւելք»-ը համագործակցում է առողջապահության, կրթության եւ սոցնախարարությունների հետ: Կազմակերպության` հայաստանյան գործունեության մասին տեղեկություններ ստացանք անցած հինգշաբթի` Երեւանի Տիկնիկային թատրոնում կազմակերպված Կիմ Հարցների պաշտոնական ընդունելությանը, կրթական ծրագրի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանի խոսքից: Ներկա էին հայաստանյան համապատասխան գերատեսչություններից, Մայր աթոռ Ս. Էջմիածնից Փառեն եպս. Ավետիքյանը եւ բազմաթիվ այլ հյուրեր:
Կիմ Հարցները մարդկային կյանքի պարզ օրինակներով ցույց տվեց իրենց աշխատանքների ուղղվածությունն ու բնույթը. օգնություն անապահով ընտանիքներին, ինչպես կենդանիներ պահող փոքրիկ մի աղջկա մահամերձ մորը վիրահատության համար տրամադրված սուղ դեղորայքներն ու նման այլ օժանդակություններ: «Ես այն մարդկանցից չեմ, որ ճանապարհի կեսին կանգ են առնում: Մենք գործընկերների կարիք, իհարկե, ունենք, մարդն անսպառ ուժ չունի: Երբ սպառվում է, հույսը դնում ենք Աստծո վրա: Սա բնորոշ է նաեւ հայերին, որոնք իրենցից կախված ամեն ինչ անում են, եւ երբ սպառվում են, Աստծո վրա են հույսները դնում»:
Սուսաննա Թադեւոսյանը «Առաքելություն Արեւելք»-ի հետ իրենց համագործակցության մասին խոսելիս նշեց, որ միջազգային կազմակերպության հետ աշխատելու իրենց առաջին փորձն է սա, եւ մտահոգությունները նույնն են` սոցիալական անապահով խավերին ու հաշմանդամ մարդկանց նկատմամբ ստեղծել համակարգված մոտեցում, ինչպես պետական մակարդակներում, այնպես էլ հասարակության մեջ:
Կ. Հարցների գործունեության գնահատականներից մեկը կրթության բնագավառում կատարած ներդրումների համար ՀՀ ԿԳ նախարարության «Հատուկ շնորհակալագիրն» է, որ հանձնեց փոխնախարար Բագրատ Եսայանը: «Որպես հայ չեմ կարող մոռանալ նրանց ծավալած գործունեությունը Հայաստանի համար 90-ականների շատ դժվարին ժամանակներում: Ամենակարեւորը` Հարցներն իր գործունեությամբ ապացուցեց, որ մեկ մարդն իր շուրջը խմբված համախոհների միջոցով կարող է դառնալ գաղափարի տարածող, որ դժվար էր` մեր հասարակության համար դեռեւս ընդունելի լինելու տեսանկյունից: Ինքը կարողացավ դա ընդունելի դարձնել ժողովրդի համար եւ նաեւ պետական քաղաքականության դրույթներից մեկը վերածել: Մարդասիրության եւ բարեսիրության Հարցների օրինակը կարեւոր է մեր հասարակության համար արժեքների վերափոխման այս շրջանում եւ շրջադարձի առիթ կարող է լինել», ասաց նա:
Ամենահուզիչը, սակայն, երեկոյի ընթացքում «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի գյումրեցի փոքրիկ երգիչների ելույթներն էին:
Մեր իրականության սոցիալական երկբեւեռության պայմաններում, մի կողմից` աղքատության ու թշվառությունների, բազմաթիվ տնանկների ու որբ երեխաների, մյուս կողմից` ցոփ ու շվայտ, ինքնափառաբանման եւ բավարարման սնամեջ վատնումների առկայությամբ, դանիացի այս ընտանիքի հայաստանյան առաքելությունն առավել է գնահատելի դառնում: Թերեւս մեր հասարակությունն էլ պիտի անցնի ինքնավատնումի այդ ճանապարհը` հղփացումի սահմանին հասնելու, որպեսզի գնահատել կարողանա կարեկցանքի եւ գթության քրիստոնեական արժեքները, եւ դրանք ապրելակերպի մի մասը դարձնի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ