Իսկ երկրի նախագահը հայտարարում էր 400 հազարի մասին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին, համաձայն առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալների, կազմել է 272 հազար մարդ, որը 18 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց փոխնախարար Արա Պետրոսյանը: Նա նշեց, որ անցյալ տարի եւս 2004 թ.-ի համեմատ գրանցվել է Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճ: 2005 թ.-ին Հայաստան այցելած 318 հազար զբոսաշրջիկների թիվը շուրջ 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Արա Պետրոսյանն ակնկալում է, որ տարեկան արդյունքներով այս տարվա ցուցանիշը կկազմի 370-380 հազար զբոսաշրջիկ, իսկ 2-3 տարի հետո կհատենք 500 հազարի սահմանագիծը: Այս կապակցությամբ փոխնախարարին հիշեցրինք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կկազմի 400 հազար, իսկ եկող տարիՙ 500 հազար: Մեր հարցին, թե նախագահն արդյոք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկություններից չի՞ օգտվել, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ այս տարվա համար 400 հազար թիվը բացառված չէ: Այն ժամանակ, երբ նախագահը հայտարարեց այդ թվի մասին, 9 ամսվա տվյալները դեռ չկային, հիմա դրանք հստակեցվել են եւ այդ թիվն ընդհուպ մոտ է 400 հազարին: Այսինքն, կազմում է 380 հազար: Փոխնախարարը նշեց, որ երկու դեպքում էլ խոսքը կանխատեսումների մասին է: Իսկ 500 հազար ցուցանիշին հասնելու հակասության մասին հարցին փոխնախարարը «մոռացավ» պատասխանել:
Զբոսաշրջության ոլորտի վերջին տարիներին արձանագրված զարգացումը Արա Պետրոսյանը պայմանավորեց մի շարք հանգամանքներովՙ օրենսդրական անհրաժեշտ հիմքի ստեղծում, ենթակառուցվածքների կայացում, Հայաստանի հնարավորությունների ներկայացում: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը կարեւորեց այս տարի օդանավակայանի ժամանման սրահի կառուցումը: Նա մասնավորապես նշեց, որ, օրինակ, 7-8 տարի առաջ Երեւանում 2 միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցներ կային: Հիմա դրանք 20-ն են: Այս տարի մեր երկիրը մասնակցել է 7 հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, Հայաստանը ներկայացնող տեսահոլովակներն արդեն ցուցադրվում են CNN-ով, մեկ ամիս առաջ Հայաստան էին այցելել Ֆրանսիայի զբոսաշրջային արդյունաբերության 164 ներկայացուցիչներ եւ այլն:
Մասնագետների պատրաստման առումով նույնպես քայլեր են արվում: Բացվել է հայ-հունական ուսումնական հաստատություն, որտեղ զբոսաշրջության ոլորտի վերապատրաստված 10 մասնագետներ արդեն դասավանդում են: Այս օրերին նման ուսումնական կառույցի պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմի հետ: Բացի վերոնշյալից, բուհերում հիմա էլ գործում են ֆակուլտետներ, որտեղ զբոսաշրջության ոլորտի համար մասնագետներ են պատրաստում:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը հատկապես կարեւորեց մարզերում հյուրանոցային ցանցի եւ ընդհանրապես զբոսաշրջության զարգացումը, քանի որ մեր բոլոր զբոսաշրջային ռեսուրսները գտնվում են մարզերում: Հայաստանում զբոսաշրջության հիմնական տեսակը պատմամշակութայինն է, բնության բազմազանությունը եւ դրանց ածանցյալՙ գյուղական, էկո, կրոնական եւ էթնիկ զբոսաշրջությունը: Ծաղկաձորում արդեն կայանում է ձմեռային զբոսաշրջությունը, Ջերմուկումՙ առողջարանայինը:
Հայաստան այցելում են հիմնականում հայաշատ երկրներիցՙ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայից, բայց աշխարհագրությունն ընդլայնվում է: Մեր երկիր սկսել են զբոսաշրջիկներ գալ Արեւելյան Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Չինաստանից, Սինգապուրից, Հոնկոնգից: Այդուհանդերձ, այցելուների հիմնական մասըՙ 75 տոկոսը հայեր են: Սակայն ավելանում է ինչպես հայերի, այնպես էլ օտարազգիների թիվը: Այդ համամասնության մասին առավել հստակ տեղեկություն Արա Պետրոսյանը խոստացավ տրամադրել տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ:
Հյուրանոցների որակավորման աստղերի մասին տեղեկացվեց, որ մինչ այժմ աստղեր են ստացել 3 հյուրանոց, 5 աստղՙ «Գոլդեն փելեսը», 4 աստղՙ «Մետրոպոլը», 3 աստղՙ «Կոնգրեսը»:
Քանի՞ աստղանի հյուրանոցներում է բնակվում փոխնախարարը Հայաստանից դուրս մեկնելիս: Արա Պետրոսյանը հայտնեց, որ իր հանգիստն անցկացնում է Հայաստանումՙ Ջերմուկի «Արմենիա», Սեւանի «Հարսնաքար» հանգստյան տներում եւ Ծաղկաձորումՙ մասնավոր տուն վարձելով: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գործուղումներին, ապա հրավիրող կողմը «հարգելով զբոսաշրջության ոլորտը համակարգող» պատասխանատուին, նրան տրամադրում է բարձրակարգ հյուրանոցային համարներ, եզրափակեց փոխնախարարը: