«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Ներկայացումները ջերմ ընդունելության արժանացան

Եռօրյա հյուրախաղերով Վանաձորում էր Երեւանի պետական համազգային թատրոնըՙ ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ: Հյուրախաղերը մարզկենտրոնում կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի եւ ՀՀԿ մարզային խորհրդի նախաձեռնությամբՙ ի դեմս մարզպետ, կուսակցության մարզային խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանի: Ներկայացումներն անցկացվեցին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին օրը հանդիսատեսի դատին հանձնվեց Մկրտիչ Խերանյանի վեպի մոտիվներով բեմադրված «Շխոնց Միհրան» ներկայացումը (բեմադրության հեղինակՙ Դավիթ Հակոբյան): Այն նվիրվեց Երիտասարդության միջազգային օրվան: Համազգայինի հյուրախաղերը Վանաձորում ողջունեց եւ երիտասարդներին տոնի առթիվ շնորհավորեց Հենրիկ Քոչինյանը:

- Երիտասարդներն այսօր դժկամությամբ են գալիս թատրոն: Մենք առաջիկայում հնարավորություն կունենանք վերադարձնելու սերը դեպի թատրոն, այս առումով անելիք ունենք: Մեզ այս հարցում պետք է օգնի նաեւ վարպետըՙ Սոս Սարգսյանը: Խնդիր ունենք երիտասարդության, հատկապես ուսանողների առօրյան դարձնել առավել հետաքրքրական: Դրա համար պետք են կամք, ջանք, միջոցներ եւ ամենակարեւորըՙ ցանկություն: Վանաձորն ունեցել է հոյակապ մշակութային ավանդույթներ, արվեստասեր հասարակություն, մշակութային օջախներ: Պետք է վերադարձնենք սերը դեպի մշակույթը,- ասաց մարզպետը:

Սոս Սարգսյանին լոռեցիները մշտապես ընդունում են մեծ ոգեւորությամբ ու ջերմությամբ: Այս անգամ էլ հանդիսատեսը հոտնկայս ծափողջույններով դիմավորեց վարպետին:

- Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչքան երջանիկ եմ, որ այստեղ եմ,- չկարողանալով զսպել հուզմունքըՙ իր ողջույնի խոսքում ասաց սիրելի արտիստը, ապա շարունակեց.

- Վերջին վեց տարիներին ղեկավարել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն, ու այդ տարիները համարում եմ իմ կյանքում ամենաերջանիկը, քանի որ անցկացրել եմ երիտասարդների հետ: Համազգայինի պետական թատրոնը 15 տարեկան է, դժվարին տարիներ ենք հաղթահարել: Նպատակ էինք դրել պայքարել եւ լինել, որովհետեւ գիտենք, որ հայ մարդն առանց թատրոնի գոյատեւել չի կարող: Որտեղ էլ որ բնակվել է հայըՙ կառուցել է եկեղեցի, դպրոց ու թատրոն:

Սոս Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ վերջին տարիներին հանդիսատեսը պակասել է:

- Որպեսզի թատրոնը գոյատեւի, հանդիսատես է պետք: Թատրոնի աշխատողները, արտիստները նվիրյալներ են, հերոսներ, նրանց արածը մեծ գործ է, պետք է գնահատել,- ասաց նաՙ հույս հայտնելով, որ թատրոնի հյուրախաղերից վանաձորցի հանդիսատեսը «մի բան» կտանի իր հետ:

Երիտասարդության օրվա առթիվ շնորհավորեց նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա կոչ արեց հավատարիմ մնալ ազգային ակունքներին, հայոց բարձրարժեք մշակույթին: Նախաձեռնության համար մարզի ղեկավարությանն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:

«Շխոնց Միհրան» ներկայացման մեջ պատմվում էր Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքից Երեւան գաղթած ընտանիքի մասին: Հայրենի երկրի պաշտպանության համար արյուն հեղած, գաղթի ճանապարհներին հարազատներ կորցրած, ուսերին վշտի հսկայական բեռն առած, բայց նորից գոյատեւող ու վերածնվող հայկական օջախի ուրախությանն ու վշտին էր հաղորդակից լինում հանդիսատեսը:

Ներկայացումն ընդունվեց հոտնկայս, ծափողջույններով: Ջերմ ընդունելության արժանացան հատկապես Շխոնց Միհրանի դերը կերպավորած Գագիկ Մադոյանը եւ մոր դերակատարըՙ Տաթեւիկ Ղազարյանը:

Հյուրախաղերի կապակցությամբ կարճ զրույց ունեցանք Սոս Սարգսյանի հետ:

- Դահլիճը տպավորված եւ հուզված էր երիտասարդ դերասանների դերակատարումից:

- Նրանք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, իմ կուրսի շրջանավարտներն են, շատ տաղանդավոր երիտասարդներ: Արդեն վաղուց ենք խաղում, բայց ներկայացումն իր հուզականությունը չի կորցրել:

- Ինչպե՞ս կգնահատեք վանաձորցի հանդիսատեսին:

- Վանաձորցիներն իրենց նուրբ հոգիներով զգում են դերասանի խոսքի ամեն մի նրբերանգ, ապրում դրանով:

- Այսօրվա երիտասարդներն, ըստ ձեզ, թատերասե՞ր են:

- Կան շատ թատերասեր երիտասարդներ: Սակայն հանդիսատեսը թատրոնից պակասել է: Այդ պակասը պետք է երիտասարդները լրացնեն:

Դերասան Գագիկ Մադոյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ Միհրանի դերը կերպավորելու համար իրեն «Արտավազդ» մրցանակ է շնորհվել:

Հաջորդ օրերին հանդիսատեսի դատին հանձնվեց Անահիտ Աղասարյանի «Անբան Հուռի» ներկայացումըՙ գրված Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով (բեմադրությունըՙ Հրաչյա Գասպարյանի): Ի դեպ, այն 1996 թ. ճանաչվել է տարվա լավագույն ներկայացում: Ներկայացվեց նաեւ Հերնի «Շան աղջիկը» պիեսըՙ ըստ հեղինակի «Սիլվի» պիեսի (բեմադրությունըՙ Սաթենիկ Խաչատրյանի): Կիրակի օրը հանդիսատեսի դատին հանձնված Էդուարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» ներկայացման բեմադրության հեղինակը Սոս Սարգսյանն էր:

Համազգայինի բոլոր ներկայացումների ժամանակ թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսը ոգեւորությամբ էր ընդունում դերասանների անզուգական խաղը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4