Ինչպես եւ սպասվում էր, երեկ Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը երրորդն էր այս տարվա ընթացքում: Գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսին Քոչարյանն ու Ալիեւը չմասնակցեցին, քանի որ Բելառուսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը ծրագրված էր նրանց հանդիպումը:
Նախագահները նախ հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի եւ նրա հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետՙ արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Այնուհետեւ սովորական ձեւաչափի համաձայն, տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ առանձին հանդիպում, որը տեւեց երկուսուկես ժամ: Հանդիպումից հետո, երեկ իսկ Ռ. Քոչարյանը մեկնեց Երեւան:
Ըստ էության անհնար է որեւէ կերպ գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը, քանի որ բանակցությունները փաստորեն մնացին այնքան «մառախլապատ», որքան երեկ մառախլապատ էր Մինսկը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մինսկ