«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2006-11-25 | #227, 2006-11-28 | #228, 2006-11-29


ՍՊԱՀԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Իսլամական երկրների մշակույթի նախարարների հավաքում Սպահանը հռչակվել է 2006 թ. իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Շուրջ 500 եւ ավելի միջոցառումներ, որոնց 1/3-ը մշակութային բնույթի, իրականացվել եւ շարունակվում են աշխարհի տարբեր, անշուշտ նաեւ Իրանի դրացի երկրներում: Այս կապակցությամբ երեկ Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Սպահանի արվեստների ցուցահանդես:

Իսլամական մշակույթի բնօրրան Սպահանըՙ ավանդական արվեստների խորհրդավոր ու էկզոտիկ արտահայտչակերպերով, միստիկ զգացողությունների, գույնի ու ձեւի արեւելյան ճոխություններով, երեւանյան երեկվա ցուցահանդեսում ներկայացավ ժամանակակից երկու արվեստագետների ստեղծագործություններով. Մոհամմեդ Ալի Ֆարշիդը շուրջ 4 տասնամյակ զբաղվում է ղալամզանի (չիկանկա) արվեստովՙ երկաթի վրա էմալապատ նրբագեղ աշխատանքներ է կատարում: Մոհամմադ Ալի Հեդդաթիՙ գեղանկարչական աշխատանքներում հիմնականում իշխում են իրանական ճարտարապետության եւ իլաթների կյանքին վերաբերող թեմաներ:

Երեւանյան ցուցահանդեսի բացումը հանդիսավոր եւ պաշտոնական բնույթ կրեց: Ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալի Ռեզա Աղիղյանը, մշակույթի կցորդ Ռեզա Աթուֆին, ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ներկայացուցիչներ Մայր աթոռ Սբ. Էջմիածնից, բազմաթիվ հյուրեր, հատկապես երիտասարդ ուսանողներ:

Ողջույնի խոսքում թանգարանի տնօրեն, արվեստաբան Սարո Սարուխանյանն անդրադարձավ հայ-իրանական հարաբերությունների երկարամյա ճանապարհիՙ երկու ժողովուրդների մշակութային առնչություններին: Ծանոթանալով եւ վայելելով Սպահանի արդի արվեստի մի փոքր մասի ներկայությունը թանգարանումՙ նա արձանագրեց, որ «ամեն մի արվեստագետ պիտի ապրի իր հողի վրա, սնվի իր ավանդույթով, հավատա իր Աստծուն»:

«Մեզ համար կարեւոր է Հայաստանի Հանրապետությունը, իբրեւ ամբողջապես քրիստոնյա երկիր եւ Իրանը որպես իսլամական պետություն, եւ այս ցուցահանդեսը համաշխարհային երկու կրոնների բարեկամության խորհրդանիշ է», ասաց Ռեզա Աթուֆին, նշելով, որ պատահական չէ Երեւանը եւ Սպահանը քույր քաղաքներ հռչակելու հանգամանքը եւ ավելացրեց, որ Սպահանի 13 հայկական եկեղեցիներից 4-ը գործող են, իսկ դրանցից ամենագեղեցիկը Սպահանի հայոց վանքի եկեղեցական համալիրն է:

Գագիկ Գյուրջյանը բացման արարողության համար բավականին ընդարձակ ակնարկ կատարեց Սպահանի պատմությանը, մշակույթին, մասնավորապես ճարտարապետությանըՙ պալատական համալիրների, քաղաքի հայտնի կամուրջների մանրամասն նկարագրություններով: Նաեւ Կամո Արեյանը նշեց, որ Երեւանի քաղխորհրդի եւ Սպահանի քաղաքապետարանի միջեւ տարիներ առաջ կնքված համագործակցության պայմանագիրը վաղուց կյանքի իրավունք է ստացել, երկու քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ եւ երեք տարի անընդմեջ Սպահանի պատվիրակությունը մասնակցում է էրեբունի-Երեւան տոնակատարությանը. «Այս բարեկամությունն ունի դարերով ապացուցված ժառանգություն եւ մեծ երաշխիքներով լեցուն հեռանկար»:

Օրերս Սպահանից վերադարձած հայկական պատվիրակության նախագահ Լեւոն Անանյանն ավելի գործնական տպավորություններ փոխանցեց, մասնավորապես նշելով, որ հայկական ճարտարապետական եւ մշակութային բոլոր օջախները, եկեղեցիներն ընդգրկված են Սպահանի (Իրանի) զբոսաշրջության երթուղիների մեջ, եւ ամբողջ շահույթն անցնում է հայ համայնքին: Նա ասաց նաեւ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում եղած հայկական համայնքներից իրանահայ համայնքը բացառիկորեն է վայելում այդ երկրի հոգատար վերաբերմունքը, եւ այս մասին իրենք արտահայտվել են երկու ժողովուրդների գրական-մշակութային առնչությունների վերաբերյալ Սպահանի համալսարանում օրերս անցկացված գիտաժողովին հաջորդած մամուլի ասուլիսումՙ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք հղելով իրանական պետությանը:

Ողջույնի եւ օրհնանքի խոսք ասաց Մայր աթոռ Սբ. Էջմիածնից Ներսես արք. Պոզապալյանը, իսկ վերջում դեսպանըՙ ծնունդով Սպահանից, ուրախություն հայտնեց, որ իր ծննդավայրի արվեստագետների աշխատանքները ցուցադրվում են «հին ու մեծ քաղաքակրթության տեր ժողովրդի մայրաքաղաքումՙ Երեւանում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4