«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ԳԵՈՐԳԻ ԽԱԻՆԴՐԱՎԱ. «ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՇԽՈՒՄ ԵՆ ՔԱՈՍՆ ՈՒ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ»

Ակնհայտ է, որ շատ քաղաքագետներ «իմաստուն» են դառնում պաշտոնանկումից հետո, երբ կարող ես նաեւ համեմատաբար ազատ արտահայտվել անցած քաղաքական անցուդարձի մասին` քեզ հետ առնչված: Մեր հայրենակից Վարդան Տողանյանի կողմից Մոսկվայում հրապարակվող «Եվրասիա» հանդեսում տպագրվել է Վրաստանի կոնֆլիկտների կարգավորման նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավայի ընդարձակ, հետաքրքրական, ես կասեիՙ բավականին օբյեկտիվ հարցազրույցը վրաց-ռուսական ներկա խրթին իրադրության, դրա պատճառների, երկու երկրների ժողովուրդների ու նախ եւ առաջ վրաց ազգի համար դրա բացասական հետեւանքների մասին:

Ներկա հակամարտության պատճառները Խաինդրավան բացատրում է առաջին հերթին երկու երկրների իշխանությունների թուլությամբ, որոնք դրանով ձգտում են ինքնահաստատման: Ռուս-վրացական հարաբերություններում իշխում են քաոսն ու խելահեղությունը: Նա ցավ է հայտնում, որ ամենից շատ տուժում են ոչ թե մեծ աշխատասենյակներում նստած բարձրաստիճան պաշտոնյաները, այլ հասարակ մարդիկ: Մինչդեռ եթե Վրաստանի համար ներկա խաղերը կործանարար վտանգ են ներկայացնում, ապա, մյուս կողմից, դրանք չեն վսեմացնում Ռուսաստանի նման հսկա պետությանը:

Խաինդրավան ռուս «հետախույզների» ձերբակալման միջադեպը Վրաստանի տեսանկյունից համարում է արդարացված (հետախուզական ցանցը կարող է տապալվել ամեն մի երկրում): Սակայն ինչպես այն ներկայացվեց, դիտում է որպես անճաշակ ներկայացում` շոու: Ռուսաստանը չի խորշում ոչ մի միջոցից ընդդեմ Վրաստանի, հատկապես նրա որոշ տարածաշրջաններում, արձանագրում է նա: Դա պատիվ չի բերում մեծ տերությանը` «Ութնյակի» անդամին, նրա արտաքին քաղաքականությանը: Սակայն, մյուս կողմից, արդարացված չի համարում նաեւ Վրաստանի «կռվահարույց» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Նախկին նախարարը հատկապես չափազանցված է համարում Վրաստանի ղեկավարների մեծ ակնկալիքները միջազգային աջակցության հարցում: Եվրոմիության բարեկամական երկրները, ԱՄՆ-ի ղեկավարները, նշում է Խաինդրավան, ինչքան էլ շահագրգռված լինեն Վրաստանի անկախ դեմոկրատական պետության, բարդ աշխարհաշրջանում ամուր դաշնակցի նրա կայացման խնդրում, այդուհանդերձ խելակորույս չեն այն աստիճան, որ հանուն Վրաստանի նետվեն հորձանուտի մեջ: Խաինդրավան մարդկայնորեն դառնություն է հայտնում, որ «լրտեսային» սկանդալի պատճառով 12 հոգի կարող են դատապարտվել ցմահ բանտարկության, որոնց բախտը ոչ մեկին չի հետաքրքրում:

Խոսելով Ռուսաստանի մտցրած տնտեսական պատժամիջոցների մասին, նա նշում է, որ դրանք առաջին հերթին դիպչում են հասարակ մարդկանց գրպանին: Ընդսմին, նման մեթոդներով Սաակաշվիլու ռեժիմը տապալելու նպատակը ոչ միայն դառնում է անհասանելի, այլեւ տալիս է հակառակ արդյունքը` ժողովուրդը համախմբվում է նրա շուրջը:

Խաինդրավան հանգամանորեն անդրադառնում է Վրաստանում եւս երկու կոնֆլիկտներ առաջանալու հավանականության խնդրին: Նրա կարծիքով, Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում բնակվող հայերն ու ադրբեջանցիները հազիվ թե ստեղծեն լարվածության օջախներ եւ ապակայունացնեն իրադրությունը: Սկզբունքորեն նա տեղի բնակչության դժգոհությունները համարում է առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի: Շատ կարեւոր է, ընդգծում է նա, որ Ջավախքի նկատմամբ Թբիլիսին եւ Երեւանը վարում են հավասարակշիռ քաղաքականություն` հենված փոխըմբռնման վրա: Հայաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ջավախքի խնդիրը Վրաստանի ներքին գործն է:

Շարունակելով ընդարձակվել վրաց-ռուսական ներկա առնչությունների շուրջը եւ երկու կողմին էլ մեղադրելով չհավասարակշռված գործողությունների մեջ, նախկին պետնախարարը, այդուհանդերձ, վերհիշելով Կռիլովի հայտնի առակի հերոսներին, տարակուսանք է հայտնում, թե ինչու փիղը գրեթե իր մակարդակին է բարձրացնում շնիկին եւ «լրջորեն» մաքառում նրա դեմ, դրանով իսկ «քաջալերելով» Վրաստանի ներկա ղեկավարությանը:

Վերջում, այնուամենայնիվ, Խաինդրավան հույս է հայտնում, որ երկու երկրների բազմադարյան կապերը, պատմությունը, ուղղափառությունը գրավական կդառնան հարաբերությունների նորմալացման համար, եթե նույնիսկ այդ քաղաքական գործընթացը սկսվի ոչ թե վաղը, այլ ավելի ուշ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4