Ընթացիկ մրցաշրջանն էլ Հայաստանի առաջատար գրոսմայստերներից մեկի` Լեւոն Արոնյանի համար բեղմնավոր էր: Անցած տարվա վերջին Լեւոնը հաջողությամբ հանդես եկավ Խանտի Մանսիյսկում անցկացված շախմատի աշխարհի գավաթի անդրանիկ խաղարկությունում` նվաճելով գլխավոր մրցանակը: Ընթացիկ մրցաշրջանում իր առաջին խոշոր հաջողությունը Լեւոնը գրանցեց Լինարեսի գերմրցաշարում, որում առաջին անգամ էր մասնակցում: Եվ չնայած այդ փաստին, նա փայլուն հանդես եկավ եւ գերազանցեց մրցաշարի մասնակից անվանի գրոսմայստերներին եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը: Այնուհետեւ նա փայլուն ելույթ ունեցավ շախմատի Հայաստանի հավաքականի կազմում` իր մեծ ներդրումն ունենալով շախմատային օլիմպիադայում մեր շախմատիստների աննախադեպ հաջողությունում` արժանանալով ոսկե մեդալի: Վերջերս էլ Մոսկվայում անցկացված Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լեւոնը կրկին հիանալի խաղաց` բաժանելով 1-3-րդ տեղերը:
Առջեւում Լեւոն Արոնյանին նոր հետաքրքրական մրցաշարեր են սպասում: Նոր մրցաշրջանը նա կսկսի Օդեսայում` հունվարի սկզբին մասնակցելով արագ շախմատի միջազգային մրցաշարին: Իսկ հունվարի 12-28-ը Լեւոն Արոնյանը Գաբրիել Սարգսյանի հետ հանդես կգա հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կայանալիք ավանդական մրցաշարում, որը բավական ուժեղ կազմ է հավաքել: Արոնյանը հանդես կգա ուժեղագույնների մրցաշարում: Այստեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսեյ Շիրովը, Ռուսլան Պոնոմարյովը, Մագնուս Կառլսենը, Սերգեյ Տիվյակովը, Լյուկ վան Վելին, Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Մոտիլյովը:
Գաբրիել Սարգսյանը կմասնակցի «B» խմբի մրցաշարին, որտեղ եւս բավական հայտնի շախմատիստներ են հանդես գալու: Պայքարի մեջ կմտնեն Յակովենկոն, Բու Քսյանջին, Էլյանովը, Նիլբոյերը, Ամին, Ատալիկը, Լագրավեն, Ստելվագենը, Վեռլեն, Կոստենյուկը, Գեոգիեւը, Շմեցը եւ Տատյանա Կոսինցեւան:
Վեյք Ան Զեեից հետո Արոնյանին եւս մեկ լուրջ փորձություն է սպասում իսպանական Լինարես քաղաքում ավանդաբար անցկացվող գերմրցաշարում, որտեղ հայ շախմատիստը պետք է փորձի պահպանել նախորդ տարի նվաճած հաղթողի իր տիտղոսը: Տարվա ընթացքում Արոնյանը հանդես կգա նաեւ այլ մրցաշարերում, ինչպես նաեւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում մրցախաղ կանցկացնի նորվեգացի 16-ամյա շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ: Հաջողություն ցանկանանք հայ շախմատիստին առաջիկա ծանր մրցախաղերում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ