Արցախի ժուռնալիստների միությունը ԼՂՀ սահմանադրության ընդունման դեկտեմբերի 10-ի հանրաքվեի կապակցությամբ նոյեմբերի 15-25-ը Արցախում անցկացրել է հասարակական կարծիքի գրավոր հարցում: Հարցմանը մասնակցել է 500 քաղաքացի, որից 150-ըՙ Ստեփանակերտ քաղաքում, 50-ականՙ հանրապետության շրջաններում: Երեք հարցաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հարցախույզի մասնակիցներին առաջադրվել են հետեւյալ հարցերը.
1. Ծանո՞թ եք, արդյոք, ԼՂՀ սահմանադրության նախագծին (պատասխաններՙ այո, ոչ, ծանոթ եմ մասնակիորեն):
2. Ձեր կարծիքով Սահմանադրության նախագիծը համապատասխանո՞ւմ է արցախյան շարժման տրամաբանությանը (պատասխաններՙ այո, ոչ, դժվարանում եմ պատասխանել):
3. Կմասնակցե՞ք արդյոք սահմանադրական հանրաքվեին (պատասխաններՙ այո, ոչ, դեռ չեմ կողմնորոշվել):
Հարցման ենթարկվածներից 281-ն ունեցել է բարձրագույն, 216-ըՙ միջնակարգ եւ միջնակարգ-մասնագիտական կրթություն: Նրանցից 68-ը եղել են ուսանողներ, 24-ըՙ զինծառայողներ, 21-ըՙ կենսաթոշակառուներ, 23-ըՙ գործազուրկներ, իսկ 361-ը ներգրավված է եղել հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
Առաջին հարցին, ըստ ամփոփված տվյալների, դրական է պատասխանել հարցախույզի մասնակիցներից 242-ը, բացասականՙ 154-ը, իսկ 101 հոգի սահմանադրության նախագծին ծանոթ է եղել մասնակիորեն:
Երկրորդ հարցին դրական պատասխան է տվել 360-ը, բացասականՙ 29-ը, դժվարացել է պատասխանել 108 հոգի:
Երրորդ հարցին դրական է պատասխանել 431-ը, բացասականՙ 37-ը, իսկ 29 հոգի դեռ չէր կողմնորոշվել:
Հարցախույզի անցկացման բոլոր վայրերում հարցերին ընդհանուր առմամբ տրվել են տարբեր պատասխաններ, բացառությամբ Հադրութի եւ Շահումյանի շրջանների, որտեղ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ հարցին բացարձակապես դրական են պատասխանել: Իսկ ահա Ստեփանակերտում նույն հարցին բացասաբար է պատասխանել 19 քաղաքացի, ավելի, քան բոլոր շրջաններում միասին վերցրած:
Հատկանշական է, որ ըստ հարցախույզի արդյունքներիՙ հարցման ենթարկվածները, անկախ այն բանիցՙ ծանոթ են ԼՂՀ սահմանադրության նախագծի, թե ոչ, եւ կամ ծանոթ են մասնակիորեն, գերազանցապես պատրաստակամություն են հայտնել մասնակցելու հանրաքվեին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ