Քաղաքականության եւ մարդկության հնագույն արհեստի միջեւ անցկացվող «ավանդական» զուգահեռները սոսկ ակնարկներ չեն նրանց «հասակակից» լինելու հասցեին: Հայտնի է մարդկային գործունեության այս երկու տիպերի բարոյազուրկ բնույթը (կեղտոտ գործ է): Հակառակ պարագայում ինչպե՞ս վերծանես մոսկովյան մամուլում հրապարակվող այն նյութերը, որոնք ընդհանրացվում են մի հարցադրումով` ի՞նչ կարող է շահել Ռուսաստանը Ֆրանսիայի եւ Թուրքիայի հակամարտությունից, տվյալ դեպքում առնչված առաջինի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունմանը եւ դրա հետեւանքներին:
Ինքնին հասկանալի է, որ Ֆրանսիան, անշուշտ, իր համակրանքն արտահայտելով մեր ժողովրդի հանդեպ, իր այս նոր քաղաքական քայլով կրկին (սա է կարեւորը) վճռականորեն արտահայտվեց Եվրոմիությանը Թուրքիայի միանալու դեմ: Խնդիրը բնավ էլ պատմական չէ, այլ խորապես արդիական: Եվ սա, իհարկե, Մոսկվայում էլ են հասկանում:
Այնուհանդերձ, շահո՞ւմ է Ռուսաստանը Փարիզի եւ Անկարայի միջեւ առաջացած հիրավի խոր ճգնաժամից: Ըստ էության, Մոսկվայի նկատմամբ հազիվ թե բարեհաճ տրամադրված ռազմական դաշինքի ներսում բռնկվող ամեն մի խլրտում ձեռնտու է նրան: Մանավանդ երբ դրա երկու անդամները սառեցնում են ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս իմաստով ռուս զինվորական փորձագետները զգուշորեն հույս են հայտնում, որ իրենց երկիրը կարող է գրավել Ֆրանսիայի տեղը Թուրքիային ռազմական տեխնիկա (մասնավորապես տանկեր) մատակարարելու գործում:
Սակայն քննարկվող թեմատիկայում հրատապը ոչ այնքան զինավաճառքի հարցերն են, որքան այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ Թուրքիայում նրա նկատմամբ եվրոպացիների վարած «խտրական» քաղաքականության հետեւանքով եւ որից հազիվ թե շահողի դերում հանդես գա միջադեպից օգտվել ցանկացող Ռուսաստանը: Ամենամեծ վտանգը բխում է Անկարայում իսլամական ուժերի իշխանության գլուխ գալու հավանականությունից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զանազան բարեգործական, մարդասիրական, կրոնասիրական եւ նմանատիպ այլ «առաքելությունների», իսկ ըստ էության հետախուզական հեռագնա գործողությունների շնորհիվ Թուրքիան ձգտում է քաղաքական-գաղափարական մեծ ազդեցություն է ձեռք բերել Հյուսիսային Կովկասում եւ Ռուսաստանի մյուս թուրքալեզու տարածաշրջաններում: Սակայն եթե Ֆրանսիայի օրինակով եվրոպական մյուս պետությունները եւս ուժեղացնեն իրենց թուրքամերժ քաղաքականությունը (որ չի կարելի բացառել), ապա այդ երկիրը, վերածվելով արմատական պետության, կարող է էապես ներգործել Ռուսաստանի վերոհիշյալ սուբյեկտների իրավիճակի ապակայունացման վրա:
Որոշ ռուս քաղաքագետների կարծիքով, Թուրքիան կարող է իսլամականանալ նաեւ առանց եվրոպացիների «օգնության» կամ անկախ նրանց «հայամետ» դիրքորոշումից: ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցումը վաղուց է սկսվել, գրում է Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, ճանաչված քաղաքականագետ Ալեքսեյ Արբատովը, եւ հեռանկարում ատլանտյան դաշինքը կարող է կորցնել Թուրքիան: Եվ այդ գործընթացը կարող է խթանվել, երբ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Իրաքից, որի հետեւանքով հավանական կդառնա անողոք քաղաքացիական պատերազմն արաբների ու քրդերի միջեւ: Բնականաբար, այդ երեւույթին անմասն չեն մնա ոչ բուն Թուրքիան, ոչ էլ այնտեղ բնակվող ու անկախության ձգտող ավելի քան 10 միլիոն քրդերը: Իրադարձությունների նման զարգացման դեպքում եւս իսլամականները պարտադիր կզավթեն իշխանությունը, որից չեն շահի ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան եւ ոչ էլ Թուրքիան:
Նաեւ Հայաստանը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա