Ինչպես գրել էինք, խորհրդարանական ՄԱԿ խմբակցության երեք պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել 2007-ի բյուջեին: Երեկ խոսելով այդ մասին` ՄԱԿ-ի անդամ Գրիգոր Ղոնջեյանը հիշեցրել է, որ բյուջեն ընդունելիս ՄԱԿ-ի ներկայացրած առաջարկների մեծ մասը հաշվի չի առնվել. «Պետական բյուջեն պետք է հայրենական արտադրողին եւ առավել եւս արտահանողին պաշտպանող գործիքներ պարունակի: Նման գործիքներ չկան: Այժմ դրամի այնպիսի կուրս է, որ գրեթե անիմաստ են դարձել արտադրությունն ու արտահանումը: Մեր առաջարկները ռիսկային են եւ նորամուծություններ են պահանջում, իսկ կառավարությունը նախընտրում է ոչինչ չանել եւ գոհանալ զարգացման ներկայիս տեմպերով: Մեզ չեն բավարարում այդ տեմպերը»: Տեսա՞ք: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ը պատեհ-անպատեհ հայտարարում է, որ կրում է պատասխանատվություն այս կառավարության համար, է, նրա նախկին կեցվածքը շատ էլ հարմար էր, երբ նախարար չուներ եւ մերթընդմերթ բավական արմատական քննադատության էր ենթարկում կոալիցիային եւ կառավարությանը: Ի՞նչ փոխվեց, թե՞ կարծես ԱԺ նախագահի տեղակալի թափուր տեղն այլեւս աչքով չի անում ՄԱԿ-ին, եւ ընդհանրապես, ոչ մեկին էլ աչքով չի անում: Ու հիմա ծռվել ու խմբակցության մի մասով ձեռնպահ է քվեարկում բյուջեին, թե` դեմ քվեարկելու հիմքեր չկային, բայց անկոտրում ցանկություն էլ չէր առաջանում բյուջեին կողմ քվեարկելու: Գրիգոր Ղոնջեյանը վերջին միտքն ասել է երեկ, «Հայելի» ակումբում, երբ ՔԴՄ (կա այդպիսի կուսակցություն-Մ.Խ.) ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ խոսում էր ներքաղաքական զարգացումներից: Նրա խոսքով` ՄԱԿ-ն այսօր զբաղված է կուսակցական շինարարությամբ, իսկ մյուս կուսակցություններին էլ խորհուրդ է տալիս պատրանք չունենալ` առաջիկա խորհրդարանում նրանցից ոչ մեկը միանձնյա կառավարություն ունենալու ձայներ չի կարողանա հավաքել: Իսկ Խոսրով Հարությունյանն առաջարկում է կուսակցություններին` հրապարակել իրենց ստվերային կառավարությունների ցուցակները, այդ դեպքում է միայն, որ ֆինանսական գործոնը միակ առաջնայինը չի լինի, քանի որ Հայաստանում այժմ որակյալ քաղաքական գործընթաց չկա: Նրա հույսը նաեւ մամուլն է, որը պետք է նպաստի քաղաքական զարգացումներին նոր որակ եւ բովանդակություն հաղորդելուն: Մեր քաղաքական գործիչները, երեւում է, սովորել են, որ իրենց գործը մամուլն անի: Մամուլը միայն լուր տվող է, եւ այն պայքարի գործիք դարձնելու հույսն իզուր է:
Մ. Խ.