«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2006-11-29 | #229, 2006-11-30 | #230, 2006-12-01


ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՈԳՆԵԼ ԵՆՔ

Կարգավորման ժամանակը վաղուց հասունացել է

Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի իրավական կարգավորման մասին «Ինտերնյուզ», «Երեւանի մամուլի ակումբ» եւ մի շարք այլ լրագրողական ու հասարակական կազմակերպությունների մշակած հայեցակարգում մեր հանրությանը հետաքրքրող հարցերից մեկը հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսավորման աղբյուրներն են: Մեզանում այս մասին շատ է խոսվում, քանի որ պետբյուջեից սնվող հանրային հեռուստաընկերությունը, ըստ ելույթ ունեցողների, հեռուստաեթերը խեղդում է ճաշակազուրկ ու գռեհիկ գովազդներով, սերիալներով, մարտաֆիլմերով:

Ինչպես նշված է հայեցակարգում, միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ հանրային հեռուստառադիոընկերությունները իրավունք են ստանում հեռարձակելու առեւտրային գովազդՙ արտադրում են հիմնականում գովազդի շուկայի պահանջները բավարարող հաղորդումներ: Հասկանալի է, որ դա անմիջականորեն անդրադառնում է հաղորդումների որակի վրա: «Այդ պատճառով նման հանրային հեռուստառադիոընկերությունները մեծ մասամբ շեղվում են եւ որպես հանրային ծառայություն մատուցողներՙ պատշաճորեն չեն կատարում իրենց դերը:

Իսկ այն երկրներում, որտեղ հանրայինին արգելված է առեւտրային գովազդ հեռարձակելՙ բարենպաստ պայմաններ են ընձեռվել հանրային ծառայության էությունը լավագույնս ձեւավորելու ու հանրային կողմնորոշում ձեռք բերելու առումով»:

«Կոնգրես» հյուրանոցում երեկ հրավիրված քննարկման ժամանակ «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը ներկայացրեց հեռուստահեռարձակման ոլորտի կարգավորման նպատակները, սկզբունքներն ու մեթոդները: Նա նշեց, որ օրենսդրական խնդիրները հանգեցնում են իրավախախտումների, ու արդեն հասունացել էր օրենսդրությունը մեր իրականությանը համապատասխանեցնելու ժամանակը: Թեպետ 2001 թվականին ընդունվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, ստեղծվեց մասնավոր հեռարձակումը կարգավորող հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, սակայն ընթացքում առաջ եկան հեռարձակման կարգավորումը իրավական սկզբունքներով իրականացնելուն խոչընդոտող խնդիրներ: Պատճառը մի կողմից օրենքում տեղ գտած բացթողումներն էին, մյուս կողմիցՙ օրենքի հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումներըՙ «օրենքի եւ դրա հիմքում դրված կարգավորման մոտեցումների անկատարության մասին է խոսում այն փաստը, որ օրենքի շատ պահանջներ պարբերաբար խախտվում ենՙ օրենքը չի համապատասխանում արդի պայմաններին եւ պարունակում է անիրատեսական պահանջներ: Ավելին, անկատարությանը նպաստող գործոն է ոլորտի չափազանց բարդ վերահսկողության իրականացումը»: Այս ամենից բացի նոր չափանիշների կիրառում են պահանջում նաեւ տեխնոլոգիական առաջընթացն ու միջսահմանային հեռարձակման ընդլայնումը:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւս ընդգծեց, որ քանի դեռ հեռարձակման կարգավորման սկզբունքները չեն փոխվել, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կոսմետիկ փոփոխություններ անելով էական ոչինչ չի ստացվի: «Մենք աշխատում ենք նաեւ արդարադատության նախարարության հետ, փորձում ենք այնպես անել, որ փոփոխությունները նորմալ լինեն: Իսկ այս հայեցակարգի իմաստն այն է, որ օրենքն ամբողջությամբ փոխվի, դառնա իսկապես կարգավորող, ավելի ազատական, չլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, չլինեն փակվող «Ա1+»-ներ եւ այլ հեռուստաընկերություններ, որ կարգավորող մարմինը նորմալ ձեւավորվի եւ ամենակարեւորըՙ անկախ լինի», ասաց Հարությունյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4