- Եվրոպական եւ ամերիկյան հանրահայտ օպերային թատրոնների բազում բեմեր նվաճած, մեծահամբավ երգչուհի Հասմիկ Պապյանը հրավիրված էր մասնակցելու Հայկական ռադիո-հեռուստատեսության 80 եւ 50-ամյակներին նվիրված հոբելյանական համերգին, որ կայացավ կիրակիՙ Երեւանի օպերային թատրոնում: Ստեղծագործական հագեցած կյանքով ապրող եւ համերգային բազմազբաղության մեջ երգչուհին, նախապես անհնարին համարած իր մասնակցության հրավերը չի կարողացել մերժելՙ նախ եւ առաջ հրավերի պատշաճությունը, մատուցման գեղեցիկ կերպը հարգելով. կանոնավոր եւ քաղաքակիրթ բնույթի էլնամակներ, ընդհուպ օդանավակայանում դիմավորելըՙ հրավիրյալ յուրաքանչյուր անձի համար ոչ երկրորդական գործոններ, որ երգչուհին բարեկրթորեն իր անձին չվերագրեց, այլ քաղաքակիրթ երկիր դառնալու ճանապարհին Հայաստանում կատարվող փոփոխություններին:
Երեւանին հատկացված սուղ ժամանակն արագորեն սպառվեց եւ մեկնելու վերջին օրըՙ երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր երգչուհին: Նորաստեղծ ակումբն իր ծառայությունները հասարակությանը արժանապատվորեն մատուցելու անդրանիկ փորձերն է անումՙ լիբերալ հայացքների (որոշակի, անհրաժեշտ սահմանափակումներով) դրսեւորումներով եւ սկզբունքներով, այս ճանապարհին կարեւորելով ճշմարիտ եւ արժեքավոր մշակույթ քարոզելու գործոնը: Եվ հռչակավոր երգչուհու հյուրընկալությունն այստեղ վերջինիս վկայությունն էր:
Ակումբի հյուրասրահում երգչուհին իր բեմական կեցվածքին, գրավչությանն ու հմայքին համարժեք պահվածք եւ խոսք ուներՙ հանդարտաբարո ձայնային եւ ներաշխարհային հարուստ տոնայնությամբ: Մինչեւ 2009 թվականն արտիստուհու բեմական ներկայությունը համերգային ծրագրեր է նախատեսում աշխարհի տարբեր հայտնի բեմերում: Ձայնային բնութագրմամբ ու որակով համապատասխանությունն իտալական օպերային արվեստին, շարունակվելու է Վերդիի «Աիդա», «Նաբուգո» օպերաներում, իր ստորագրությունը դարձած «Նորմայում», Չայկովսկու «Պիկովայա դամայում» եւ, անշուշտ, իր առաքելություններից ամենակարեւորումՙ հայ երգարվեստը եվրոպացի ունկնդրին ճանաչելի դարձնող համերգներում: Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում Վարդան Մամիկոնյանի հետ հանդես կգա մենահամերգովՙ բացառապես ներկայացնելով հայկական երաժշտությունՙ Կոմիտաս, Ա. Տերտերյան, Տ. Մանսուրյան:
Հասմիկ Պապյանը Հայաստանից արտերկիր մեկնած այն սակավաթիվ արվեստագետներից է, որ հիրավի արդարացրեց իր բացակայությունը հայրենիքից: Այսօր նա փնտրված ու ամենաճանաչված արտիստներից է եվրոպական նրբաճաշակ հանդիսատեսի եւ երաժշտաշխարհի մեջ: Իր այս հաջողությունների հանդեպ նա պայմանական վերաբերմունք ունի: Անցյալ տարիների ձեռքբերումներից ամենապատասխանատուն համարում է ներկան եւ դրա շարունակությունը. «Ամեն ինչի հասած երգչուհու զգացողություն չունեմ: Եթե ոչ երազանք, բայց ցանկություն ունեմ երկար մնալ բեմում, մի քանի դերերգեր կուզենայի կատարել: Աղքատ կլինի կյանքս, եթե Վագների որեւէ օպերայում չերգեմ»:
Կյանքի փորձը հուշում է հաջողության գաղտնիքը. աշխատասիրություն, կարգապահություն, նաեւ մարդկային որոշ գործոններՙ երբեք չընկճվելու կամք, առիթը ճիշտ օգտագործել եւ պահը բաց չթողնել: Արվեստագետին հնարավորություն ընձեռելու անցյալ եւ ներկա համակարգերի համեմատությամբ, ներկայիս առավելությունը տեսնում է ազատության մեջ: Երբ յուրաքանչյուրին տրված է ինքնարտահայտման հնարավորություն, ցավոք, միջոցներիՙ հայաստանյան սահմանափակությամբ: Շնորհալի երիտասարդների տկարությունը հաղորդակցության պակասի, ներամփոփվածության, ուսուցման այլ մեթոդների անտեղյակության մեջ է տեսնում:
Հետաքրքրական էր երգչուհու այն տեղեկությունը, թե եվրոպական արդի երաժշտարվեստը հակված է դասական ստեղծագործությունը մոդեռն ոճի մեջ ներկայացնելու. լիբրետոներում արծարծված հավերժական թեմաներն անսայթաք տեղափոխվում ու տեղավորվում են ժամանակակից բարոյականության նորմերում (ինչպես իր 170-ից ավելի Նորմաներից մեկին տրված քաղաքական գործչի մեկնաբանությունը): Ի դեպ, ձայնի թարմության հետ մեկտեղ կյանքի հասունություն ու փորձառություն պահանջող Նորման երգչուհու սիրելի դերերգն է, որի բեմական կյանքը նա հնարավորինս երկարացնել է ուզում:
Մշակույթի, արվեստի հանդեպ մեր եւ դրսի վերաբերմունքի տարբերությունն ակնհայտորեն երեւում է երգչուհու մի քանի զուսպ ակնարկներից անգամ: Ահավասիկՙ «Եվրոպական օպերային թատրոնները եւ համերգային դահլիճները միշտ լեցուն են, դատարկ աթոռ չկա: Եվրոպացիներն ուրիշ ավանդույթներ ունեն: Արվեստի սրահներ այցելելը նրանց կենցաղի մասն է կազմում: Գերմանացիներն իրենց երեխաներին դեռ սայլակի մեջ են տանում ցուցասրահներ: Պարտադիր երաժշտական մի գործիքի վրա սովորում են, պատրաստվում են գրագետ ունկնդիր լինել:
Երկար ժամանակ մի ամբողջ սերունդ մեզանում չայցելեց օպերային թատրոն, նրան նորից բերել թատրոն շատ դժվար է: Բարձր արվեստի հետ շփում ունեցողը վստահաբար շատ ավելի արժանապատիվ եւ ազնիվ քաղաքացի է: Իհարկե, նաեւ դրսում առաջվա պատկերացումները գեղեցիկ երգեցողության մասին փոխված են:
Սակայն եւ շատ սուղ միջոցներով էլ կարելի է լավ բեմականացումներ իրականացնել, եւ այս պարագայում մեր օպերային թատրոնին հատկապես նվիրյալներ են պետք: Այսօր, ցավոք, բեմի եւ հանդիսատեսի միջեւ չկա սպասման ակնածանքը: Սակայն ոչ բոլոր ազգերն ունեն օպերային թատրոն եւ մերը մեծ առավելություն է, պետք է պահպանել»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ