«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2006-11-29 | #229, 2006-11-30 | #230, 2006-12-01


ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Գեղագիտական ընկալումն արտիստիկ շնորհ է, եւ առհասարակ արվեստը դրա արտահայտությունն է, նաեւ լուսանկարչությունը, որի հանդեպ հատկապես վերջին տարիներին փոխվեցին մեր պատկերացումները: Լուսանկարչական մի շարք ցուցահանդեսներ եկան հավաստելու, որ գեղագիտական-մտածողական հայացքի եւ ստեղծագործական մոտեցումի պարագայում լուսանկարը նույնպես կարող է վերածվել արվեստի գործի: Տեխնիկական ապարատի արդիական կատարելագործումից զատ, սարքն օգտագործողի անհատականությունը, կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքն ու տեսնելու կարողությունն է, որ պահի արձանագրումը դարձնում է արվեստի փաստ, երբ ստեղծված է մթնոլորտ ու արտահայտվում է ապրում-վիճակ:

Լուսանկարչական այն աշխատանքները, որ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացնում է նկարիչ եւ բանաստեղծ Սամվել Սեւադան, զգացողություն-ապրումների այդ 121 ակնթարթներն իսկապես կենսունակ ու շնչառու միջավայր են ստեղծել: Լուսանկարչությամբ նա զբաղվել է վաղուց, սակայն պրոֆեսիոնալ հմտություն ձեռք է բերել ԱՄՆ տեղափոխվելուց հետո, որտեղ մոտիկից է ծանոթացել լուսանկարչական արվեստին: Ցուցադրված նկարների ընտրությունը կատարվել է բծախնդիր ճաշակով, որոնցում նկարչի աչքը շրջանցել է արտաքին գեղեցկությունը եւ իրերի ու երեւույթների խորքն է թափանցել, դրանով իսկ ընտրելով ավելի դժվարին ճանապարհՙ արտաքին-տեսողականից ներհայեցական: Եվ այս հաջողությունն ապահովել է գեղանկարչի իր հայացքըՙ ձեւի ու գույնի ճանաչողության եւ բանաստեղծի ներքնատեսություն-ինտուիցիան:

Սամվել Սեւադայի հերոսների մեծ մասը մեր հանրության ճանաչված արվեստագետներ ենՙ գրողներ, նկարիչներ, դերասաններՙ Հրանտ Մաթեւոսյան, Խորեն Աբրահամյան, Ալբերտ Յավուրյան, Վիգեն Չալդրանյան, Տիգրան Մանսուրյան, Հենրիկ Էդոյան, Վիգեն Թադեւոսյան, Արմեն Շեկոյան, Րաֆֆի Ադալյան... Հանրային ճանաչումն ավելի է դժվարացնում նման կերպարների մեկնաբանությունը, պահանջում անհատական մոտեցում, կերպարի մեջ նոր երանգի հայտնաբերում: Այդպիսին է Վիգեն Թադեւոսյանի լուսանկարըՙ կիսախուփ կոպերի տակ հայացքի տեսանելիությունը, իրեն բնորոշ կեցվածքըՙ կյանքային... Կամՙ Հրանտ Մաթեւոսյանի լուսանկարները: Դրանցից «Տերը», որտեղ նորովի է բացահայտվել ճանաչված մտավորականը. «Մտքիս մեջ կար Տերը եւ նկարեցի իրեն Տիրոջ դերում. ինքը խաղաց այդ դերը»:

Լուսանկարների տրամադրությունն ստեղծում է կենդանի միջավայր, հագեցած տարածականությամբ, որովհետեւ ստեղծագործական աշխատանքների մոտեցումների միջեւ արվեստագետը տարբերություն չի դնում. «Երբ սիրով ու զարմացած ես նկարում, ապրումի արտահայտությունը փոխանցվում է, վերածվում ջերմության: Նկարը պետք է գեղարվեստական կադր լինի, ամեն մի նկար ինձ համար կտավ է»: Այդպիսին են նրա ծանոթ-անծանոթ կերպարներըՙ սպասման տագնապի պահերով, անշարժ մարմինների դինամիկանՙ ներքին լարվածությամբ, կանացի անհամբերությունները, իրերի մտածումներըՙ ծառը, ժամացույցների անքնությունը, բանալիները. «Իրերն իմ լուսանկարներում վերակենդանանում են»:

Սամվել Սեւադայի արվեստը լիրիկական ջերմությամբ է առանձնահատուկ, ու այս մթնոլորտը ցուցահանդեսի բացման օրը տարածված էր «Մոսկվա» կինոթատրոնի մարդաշատ նախասրահում: Եվ արտահայտվողներն էլ դա էին շեշտումՙ նրա նկարների բանաստեղծական մտածողությունըՙ Ալբերտ Յավուրյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Հենրիկ Էդոյանը. «Սամվելն իրականությունը գեղագիտություն է դարձնում: Տիեզերքի կոմպոզիցիոն ամբողջականությանը յուրաքանչյուր արվեստագետ մոտենում է իր տեսանկյունից: Սամվել Սեւադան ստեղծում է իրերի, գույների ու ձեւերի կոմպոզիցիոն իր աշխարհի բանաստեղծական կերպարը: Ստեղծագործող, որի համար բնակատեղին զուտ աշխարհագրական վայր է, որովհետեւ ինքը կայուն արժեքներ ունի, որոնք չեն փոխվում»:

Սամվել Սեւադայի Լույս-A-Նկար ցուցահանդեսի կազմակերպիչը «Հայ-Արտ» կենտրոնն էր: Այդ օրը Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիան նրան շնորհեց պատվավոր անդամի կոչում, իսկ «Սեւադա» արտ-ստուդիայի իր սաները նրան ողողեցին վարդերի ծփանքով:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4