Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական եղանակը բացառված է: Այդ մասին հայտարարել է Ամերիկյան արտաքին քաղաքական խորհրդի փորձագետ, նախկին դիվանագետ Ուեյնի Մերինՙ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի անվան համալսարանում: Նրա խոսքերով, «վերջերս Ադրբեջանում բացահայտորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական տարբերակը: Բայց այդ դեպքում Ադրբեջանի հաղթանակը բացառված է: Լեռնային Ղարաբաղը ինքնին անառիկ ամրոց է, որն էլ ավելի է ուժեղացված հայկական զինվորական ստորաբաժանումներով: Նույնիսկ ամերիկյան բանակը դժվարություններ կունենա այն գրոհելու դեպքում»: Փորձագետի խոսքերով, այս կարծիքը գերիշխում է Պենտագոնում:
«Մարտունակության տեսակետից հայկական զինվորական ստորաբաժանումները քանիցս գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանըՙ միայն զինված ուժեր: Ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հույս դնել մարդկային ռեսուրսների վրա, մինչդեռ հայկական կողմըՙ սպառազինության գերազանցության վրա», հայտարարել է Մերինՙ ավելացնելով, որ ռազմական նոր փուլի դեպքում հայերը հաղթելու համար պետք է միայն պաշտպանեն Ղարաբաղը, մինչդեռ Ադրբեջանը ստիպված կլինի գրավել դրա ամբողջ տարածքը, ինչը փաստորեն անհնար է: Նա նաեւ նշել է, որ ռազմաշունչ ճարտասանություն գործի դնելով, Բաքուն փաստորեն վտանգում է հակամարտության կրկնություն թույլ չտալու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների պարտավորությունը:
«ԼՂ հակամարտության լուծման համար հայկական կողմը պետք է ստանա Ղարաբաղը եւ վերահսկի Լաչինի միջանցքը: Իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջը բուֆերային գոտի կազմող մնացյալ տարածքները պետք է վերադարձվեն ադրբեջանական կողմին», հայտարարել է Ամերիկյան արտաքին քաղաքական խորհրդի փորձագետը:
Պ. Ք.