«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2006-11-30 | #230, 2006-12-01 | #231, 2006-12-02


ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը երեկ հասել էր խորհրդարան եւ քննարկվում էր պատգամավորների, գերատեսչական հանձնաժողովի անդամների, հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ: Թեեւ հենց սկզբում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը փորձեց վիճարկել, թե քննարկումը որպես այդպիսին հակականոնակարգային է եւ ճիշտը հարցի վերաբերյալ լսումները կլինեին, համապատասխան հանձնաժողովում ընթացակարգ անցնելուց հետո, բայց շուտով զիջեց, եւ քննարկումն իր հունի մեջ ընկավ:

Քանի որ «Ազգը» բավական մանրամասն ներկայացրել է փաստաթղթի նախորդ, ակադեմիայում տեղի ունեցած քննարկումը` մտավորականների տեսակետներին եւս տեղ տալով, այս անգամ փաստաթղթի վերաբերյալ պատգամավորների կարծիքներին անդրադառնանք: Նախ` բոլոր ելույթ ունեցողները գովում էին համապարփակ ու մանրամասն կազմված փաստաթուղթը, ապա անցնում թերություններին: Վիկտոր Դալլաքյանը փաստաթղթի «Ներքին սպառնալիքներ» բաժինը գործող իշխանությունների ինքնախոստովանություն անվանեց` նկատի ունենալով կոռուպցիան, աղքատությունը, իրավական եւ մյուս ոլորտների բացասական իրողությունները: Նա հիշել էր Ազգային ժողովում 2003 թվականին ընդունված ազգային անվտանգության հիմնադրույթների օրենքը` նկատելով, որ դա կարելի էր փաստաթղթի համար հիմք դարձնել: Պատգամավորներին առավել հետաքրքրում էին Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի հետ հարաբերությունների հարցերը: Հմայակ Հովհաննիսյանը գտնում էր, որ ԼՂՀ-ի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է առանձին ներկայացված լինեին, մինչդեռ փաստաթղթում Ղարաբաղն առանձին պետություն չի դիտարկված: Իսկ Վրաստանի հետ մեր հարաբերությունները գործընկերային են, եւ ոչ ռազմավարական, ինչպես որ փաստաթղթում է ներկայացված, ցանկությունները չի կարելի որպես իրականություն ներկայացնել. այս տիպի հարաբերություններ Վրաստանն ունի Ադրբեջանի հետ: Շավարշ Քոչարյանը Ջավախքի խնդիրներն էլ էր տեսնում այդ հարաբերություններում:

Պատասխանելով հարցադրումներին` Սերժ Սարգսյանը սխալ համարեց Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի մասում արծարծելը ճիշտ չհամարողներին: Ադրբեջա՞նը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, թե՞ մնացածները, ո՞րն է մեզ համար նախընտրելի, կամ Թուրքիա՞ն ցեղասպանությունը ճանաչի, թե՞ 100 երկիր, հռետորական հարցադրումներ արեց պաշտպանության նախարարը: Սպարտակ Սեյրանյանի հարցադրմանն էլ պատասխանեց. «Երբեք չենք մտածել, թե ցեղասպանությունը սփյուռքի խնդիրն է, փաստաթղթում էլ այդպիսի բան չկա»: Բայց հենց Սպարտակ Սեյրանյանն էր ՀՅԴ-ի անունից ռազմավարության փաստաթուղթը ազգային գաղափարների հրաշալի սինթեզ ստեղծելու առիթ եւ հնարավորություն համարել:

Մի խոսքով, պատգամավորներից ով հետաքրքրվում էր փաստաթղթով` եկավ-մասնակցեց քննարկմանը, ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանը, ՄԱԿ-ից Գուրգեն Արսենյանն էլ ողջունեցին փաստաթուղթը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից էլ ելույթներ ունեցան:

Փաստաթուղթը Ազգային ժողովում քննարկվելուց հետո հետեւյալ ճանապարհն է անցնելու:

Նախ` կառավարության որոշմամբ առաջարկ է արվելու փոփոխություններ կատարել «Իրավական ակտերի մասին» օրենքում, զուգահեռաբար կխմբագրվի ռազմավարության նախագիծը, այնուհետեւ հանրապետության նախագահը փաստաթուղթը կուղարկի կառավարության քննարկմանը (այդ նիստը կնախագահի հանրապետության նախագահը), որից հետո փաստաթուղթը կդառնա իշխանությունների քաղաքական ծրագիրը:

Քննարկումից հետո «Ազգը» Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու թերթերից մեկում չի տպագրվել փաստաթուղթը` մտավորականության լայն շերտին հասանելի լինելու համար. նրա կարծիքով` մտավորականության լայն շերտերը հնարավորություն են ունեցել ծանոթ լինելու փաստաթղթին` այն տեղադրվել է «Հայկական բանակ» պարբերականում: Էհ, հուսանք, որ ծանոթ են, կայքերում թող փնտրեն` կգտնեն: Լրագրողի հարցին ի պատասխան մի անգամ եւս անդրադառնալով ԼՂՀ խնդրին` նա շեշտեց, որ մեզ համար ամենից էականը ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումն է. «Եթե նույնիսկ աշխարհի 50 պետություն ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, դա ընդամենը միջոց է, եթե կուզեք` նույնիսկ ճնշման միջոց, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, (սակայն) պատերազմի վտանգի վերացման միակ, ամենից լիարժեք լուծումը (Ադրբեջանի կողմից ճանաչումն) է»:

«Ազգային անվտանգության խորհուրդը չի գործում, այդպես է գրում մամուլը» հարցն այսպիսի պատասխան ունեցավ. «Գիտեք, կան թերթեր, որոնք, ճիշտն ասած, իրենց նեղություն չեն տալիս իրականությունը տեսնելու եւ ինչ ասես գրում են: Այստեղ հանկարծակի հիշեցի Նժդեհի հայտնի խոսքերը, երբ նա սրտի խորքից արտահայտեց, թե կան թերթեր, որոնք եթե չհրապարակվեին` հայ ժողովրդին ավելի օգտակար կլինեին, բայց հարցը դա չէ, իրականության մեջ ես բացատրեցի, որ մեր սահմանադրությամբ անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է, եւ անվտանգության խորհրդի նախագահը, այսինքն` հանրապետության նախագահն է որոշում, թե ի՞նչ չափով օգտվի այդ մարմնի խորհրդատվությունից»:

Քոչարյան-Ալիեւ հանդիպման գնահատականը նա չհնչեցրեց, թեեւ հանդիպումը դրական գնահատեց. «Որ ասում եմ դրական էր, դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է, ոչ միայն այս, այլեւ հետագա մյուս հանդիպումների ժամանակ դժվարություններ են լինելու: Բա որ ասում ենք այդ հարցի լուծումը ցավոտ է լինելու բոլորի համար, որ ասում էինք` փոխզիջում, դրա համար էինք ասում: Բա որ հեշտ լիներ` վաղուց լուծված կլիներ, էլի»:

Հիմնական սկզբունքների վերաբերյալ 2007 թվականին համաձայնության գալու համանախագահների ակնկալիքների մասին հարցին Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հիմնական սկզբունք, ես հո Նոստրադամուսը չե՞մ, այս խնդրի վերաբերյալ կոնկրետ ժամկետներ նշելն անշնորհակալ գործ է, բարդ պրոցես է»:

Ռազմավարության փաստաթղթի քննարկմանը չէին մասնակցում «Ազգային միաբանությունը», ՕԵԿ-ը, «Արդարությունից» մեկ պատգամավոր էր մասնակցում. «Մեր գործը հնարավորություն ստեղծելն է, որպեսզի մեր հասարակության բոլոր խավերը, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր հասարակական կազմակերպությունները մասնակցեն քննարկումներին, բերեն իրենց առաջարկությունները: Եթե մարդիկ կարծիք չունեն, ուրեմն ամբողջովին ընդունում են», եզրափակեց պաշտպանության նախարարը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4