Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հայացքով վերջին 10 տարիների հայաստանյան հասարակական ու քաղաքական կյանքը շատ հետաքրքրական ընթացք է ունեցելՙ «արեւմտյան կառույցների թելադրանքով գործադիր իշխանությունն ինքն իրեն «փոխել է», սակայն ձեւականորեն փոխվելով չի կարողացել իրագործել մեծ փոփոխություններ: Արագորեն զարգացել ու զարգանում է կոռումպացված չինովնիկությունը, որը չի թողնում նորաստեղծ ինստիտուտներն աշխատեն այնպես, ինչպես կարող են»:
Նրա վերլուծմամբ, եթե կոռումպացված չինովնիկը շարունակի դիմադրել գործադիր իշխանության ինստիտուտի կայացմանը, երկրում կատարվող փոփոխություններն անպտուղ կլինեն: Հայաստանի ապագան տխուր դարձնող ուժը նա համարում է սպառողականությունըՙ «Սեփականատերերն առանց հոգ տանելու վերցնում են քաղաքական իշխանությունը, այն ամենը ինչ հանդիպում է իրենց ճանապարհին ու ամեն ինչ ծառայեցնում են իրենց նպատակներին: Սկզբում վերցրին սեփականությունը, հետո գործադիր իշխանությունը, իսկ հիմաՙ օրենսդիրը: Նույն բանը ոչ մեծ չափերով տեղի է ունենում հասարակության հետ: Վերջինս ելնելով իր օրվա հոգսից` կուսակցությունը դիտարկում է որպես աշխատանք, օրվա հաց, այլ ոչ գաղափարախոսական ուժ: Հասարակության սպառողականությունն ու փոքր շահերին հետեւելը հանգեցրել են այն բանին, որ մեր ապագան հարցականի տակ է»:
Նրա ասելով, պետականության մեքենան մեր երկրում կառուցվում ու դառնում է ինքնաբավ, որովհետեւ չի ստեղծվում քաղաքացիական հասարակություն: Պատճառն այն է, որ ղեկի առաջ կանգնածներն իրենց ձեռքն են առել ընտրության մեխանիզմները եւ հասարակությանը երկրի տերը դարձնելու ձգտում չունեն: «Պետական մեքենան ստեղծել է իր բանակը, կամաց-կամաց ստեղծում է իր ինստիտուտները, բայց չի կարողանում լուծել կոռուպցիայի խնդիրը, որը ոչ միայն խոչընդոտելու, այլեւ քայքայելու է պետականության մեքենան»:
Նա կարծում է, որ սեփականության իրավունքի մասին օրենքի ընդունումը ցույց տվեց, որ «Ազգային ժողովում լուծվում են ոչ թե անձերի, այլ մի ամբողջ դասիՙ սեփականատերերի խնդիրները, քանի որ հենց նրանք են նստած խորհրդարանում»: Ահա թե ինչու «դասի դիմաց դասը պիտի կանգնի: Եթե ոչՙ երկիրը ոչ մի ապագա չունի, դառնալու է ֆեոդալական երկիր, ուր ամեն ինչ որոշում են հարուստները: Գուցե իշխանությունները խելքի կգան այն ժամանակ, երբ Եվրոդատարանի որոշմամբ, ահռելի տուգանքներ կմուծեն քաղաքացիների սեփականության իրավունքը ոտնահարելու համար»:
Նրա դիտարկմամբ, մեր լրատվամիջոցները մեծ տեղ են հատկացնում ղարաբաղյան հիմնահարցին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որոնց լուծումը մեր հասարակությունից կախված չէ, վերջինս իր խոսքը վաղուց ասել է: Մեր իրականության մեջ չի դրվում երրորդ խնդիր, որը մենք ինքներս պիտի լուծենք: Հասարակությունը մեծ ակնկալիքներ չունի ընտրություններից, իսկ ընդդիմությունը որպես գաղափարական ուժ չի ձեւավորվել ու չի կարողանում հասարակությանը միավորել:
Նա համոզված է, որ սոցիալական շարժումը քաղաքական տեսք կստանա, եթե քաղաքական գործիչները մտնեն սոցիալական շարժման մեջ եւ այն բարձրացնեն մինչեւ քաղաքական խնդիրների ընկալում: Այդպես կառաջանա նոր ուժ, որն ընդունակ կլինի փոխելու երկիրը: «Հիմա կուսակցությունները բոլորովին անջատվել են այս ամենից, հասարակական շարժումը վախենում է մտնել կուսակցականի մեջ, մինչդեռ հենց նրանց միասնությունը կձեւավորի քաղաքական հզոր ուժ: Վերջերս տեղի ունեցավ սոցիալական շարժման այլընտրանքային մեծ համաժողով, որտեղ քաղաքական 2 լիդերներ` Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ազդարարեցին շարժման ակտիվացման մասին: Սա շատ կարեւոր է երկիրը վերափոխելու առումով: Կան երկրի մոդեռնացման տարբեր ճանապարհներ, որոնցից մեկը սա է»:
Փոքր կուսակցությունները, նրա ասելով, ապագա չունեն Հայաստանում, չնայած որոշ կուսակցություններ իրոք կարող էին շատ լուրջ դերակատարում ունենալ եւ կոնսոլիդացման ճանապարհով դառնալ գաղափարներ տարածող կուսակցություններ: Եթե ընդդիմությունը ժողովրդի ակնկալիքների, գաղափարախոսական լուրջ արժեքների հիման վրա ապագա ընտրություններից առաջ չհասցնի ազդեցիկ ուժ դառնալ, իրականությունը կմնա այնպիսին ինչպես որ է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ