21-րդ դարի ժանտախտը` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը շարունակում է իր հունձքը աշխարհով մեկ, որի դեմ պայքարելու համար ջանադրաբար պայքարում են աշխարհի խոշորագույն կազմակերպություններն ու պետությունները, որոնք փորձում են միավորել ջանքերն իրենց քարոզչական եւ գործնական աշխատանքներում: Այդուամենայնիվ, 2006 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով, աշխարհում արդեն ապրում է 39,5 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակի սկզբից ի վեր արդեն մահացել է ավելի քան 25 մլն ՁԻԱՀ-ով հիվանդ:
ՀՀ-ում հիվանդության դեպքերի համակարգված արձանագրումը սկսվել է 1988-ից: Այդ ժամանակից մինչ 2006-ի նոյեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 425 դեպք:
2006 թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 62 նոր դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների կազմում գերակշռում են տղամարդիկ` 325 մարդ, կանանց մեջ արձանագրվել է վարակի 100 դեպք, 8 դեպք արձանագրվել է երեխաների մեջ: ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների զգալի մեծամասնությունըՙ շուրջ 75 տոկոսը, 20-39 տարիքային խմբում են: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը եւ հետերոսեքսուալ ճանապարհը: Արձանագրվել են նաեւ մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 147-ի մոտ (կինՙ 25, երեխաՙ 4) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում 42 դեպքՙ այս տարվա ընթացքում:
Հայաստանում ժամանակակից ժանտախտը խլել է 97 հոգու կյանք: Մահացածների թվում 18 կին են եւ 4 երեխա, մնացյալը տղամարդիկ են: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանումՙ 213: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով 2-րդ տեղում է Շիրակի մարզըՙ 9,2 տոկոս: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ-ով ապրող մարդ:
Եվ չնայած դեկտեմբերի 1-ն առայժմ օրացույցում չի նշվում որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պաշտոնական օր, այնուամենայնիվ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարը յուրաքանչյուրիս խնդիրն է: Մասնագետները նշում են, որ պայքարն այս ժանտախտի դեմ պետք է սկսել կանխարգելումից: Չէ՞ որ ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը հիմնականում պայմանավորված է մարդկանց վարքագծով եւ կենսակերպով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը չափազանց անիրական է թվում մարդկանց: Դա է պատճառը, որ նրանք հեշտությամբ ընկնում են հիվանդության սարդոստայնը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ